«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ ասել է, թե ընդդիմադիր ուժերի՝ առանձին-առանձին ընտրությունների գնալու պատճառներից մեկը սթափ հաշվարկն է: Ըստ նրա, չորս հոգով՝ Արամ Կարապետյան, Արամ Զավենի Սարգսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, հաշվել են, որ դաշինքի պարագայում չորս անգամ ավելի պակաս եթերաժամ կունենային, քան առանձին-առանձին, ու որոշել են մեկ ժամի փոխարեն խոսել չորս ժամ: «Հուսով ենք, որ այդ մեկ ժամվա մեջ լույսերը չեն հանգի ամբողջ հանրապետությունով մեկ»,- ասել է Ա. Կարապետյանը: Վերջինս ՆԺԿ, «Հանրապետություն», Ազատական առաջադիմական, «Ժառանգություն» կուսակցություններին ու նաեւ ՀՀՇ-ի մի մասին համարում է ռեալ ընդդիմություն: Ռեալ ընդդիմադիրների շարքում Ա. Կարապետյանը չի նշել Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին: Ա. Կարապետյանն ասել է, որ ինչպես ընդունված է ողջ աշխարհում, ընդդիմադիր ուժը պետք է մասնակցի մեկ այլ ընդդիմադիր ուժի միջոցառմանը: Հենց սա նկատի ունենալով էլ նա մասնակցել է եւ մասնակցելու է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքներին եւ պատրաստ է ստորագրել նրանց պահանջների տակ: ՆԺԿ ղեկավարը հայտարարել է, թե որոշ հեռուստաընկերություններ՝ Հ2, «Կենտրոն» «Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Վիկտոր Սողոմոնյանի միջոցով» հրահանգ են ստացել երկու ընդդիմադիրի ռեյտինգ բարձրացնել: