ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Հրանուշ Հակոբյանն իրեն «երկարակյաց եւ եզակի անկուսակցական պատգամավոր» է համարում, սակայն այս տարվա պատգամավորական ընտրություններին մասնակցելու է համամասնական կարգով: Իր անունը տեղ է գտել Հանրապետական կուսակցության ցուցակում:
Հ. Հակոբյանի կարծիքով` Հայաստանի պառլամենտը գնալով ավելի ու ավելի է քաղաքականացվում, եւ պատգամավորների աշխատանքը դառնում է թիմային: Այդ պատճառով էլ նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել չի ցանկանում, թեեւ վստահ է, որ եթե կրկին Գավառից առաջադրվեր, ապա անպայման կընտրվեր. «Կարծես թե ես հինգ անգամ ապացուցել եմ, որ կարող եմ եւ առաջադրվել, եւ ընտրվել: Այդ խնդիրն ապացուցելու կարիք այլեւս չկա: Որոշ անհասկանալի տեսակետներ կան, որոնք ասում են՝ քանի որ Հրանուշ Հակոբյանն իր ծննդավայրից է առաջադրվում, այդ պատճառով էլ ընտրվում է: Ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, քանի որ ստացվում է, որ միայն ես ծննդավայր ունեմ: Ի՞նչ է, այս հանրապետությունում ուրիշ մարդ ծննդավայր չունի՞»: Իր քաղաքական երկարակեցության գաղտնիքը Հ.Հակոբյանն իր ամենօրյա աշխատանքի մեջ է տեսնում: «Ես իմ ընտրողին երբեք չեմ մոռանում, լուծում եմ նրա բոլոր հարցադրումները եւ անսահման շնորհակալ եմ նրան… Խնդրեմ, գնացեք Մարտունի, Գավառ, Սեւան ու տեսեք` իրենք կուզենայի՞ն ինձ պատգամավոր տեսնել, թե՞ ոչ»,- ասում է նա: Կուսակցության հետ համագործակցությունը Հ.Հակոբյանը պայմանավորում է քաղաքականացված խորհրդարանի մոդելով: «Պետք է աջակից դառնալ որեւէ թիմի»,- վստահ է նա:
Հույս ունենալով, որ «ընտրությունները կանցնեն առավել օբյեկտիվ, առավել կազմակերպված, առավել արդար ու թափանցիկ», Հ. Հակոբյանը ցանկանում է, որ կանայք ընտրություններին ավելի լայն ներկայացված լինեին:
Կանանց մասնակցությունը Հ. Հակոբյանը համաշխարհային հիմնահարց է համարում, քանի որ միայն Հայաստանում չէ, որ կանանց թերահավատորեն են մոտենում: Բարձր մակարդակների որոշումներում կանանց մասնակցության ապահովումը կարեւորվում է ամբողջ աշխարհում: «Տվյալ երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացումները պայմանավորվում են նրանով, թե ինչքա՞ն են երկրի գործընթացների մեջ ներգրավվում կանայք»,- ասում է Հ. Հակոբյանն ու ավելացնում, որ մեր երկրի խնդիրն ավանդույթների եւ սովորույթների մեջ է տեսնում: Կին-ղեկավարին, պաշտոնյային կամ պատգամավորին հասարակությունը դժվարությամբ է ընկալում: Ընդ որում, կանայք ավելի շուտ պատրաստ են լինում իրենց ձայները տալ տղամարդ պատգամավորին, քան կնոջը: Այդ մոտեցումը Հ. Հակոբյանը բացատրում է նրանով, որ կինն իրեն ավելի պաշտպանված է զգում, երբ կամային հատկանիշներով օժտված եւ ուժեղ տղամարդուն է վստահում: «Կինը քաղաքականություն է գալիս իր մտավոր կարողություններով ու խղճով, իսկ տղամարդը` մտավոր կարողություններով ու կամքով: Այդ երկուսի գումարից շատ լավ բան է ստացվում»,- համոզված է նա:
Հ. Հակոբյանը չի ընդունում այն կանանց, որոնք ընտրությունից ընտրություն են գլուխ բարձրացնում եւ հիշում, որ կուսակցության անդամ են, իսկ մնացած ժամանակ «իջնում են ծովի հատակը, մինչեւ անցնի վտանգը». «Սիրելիներս, այդպես չի լինում, պետք է անընդհատ աշխատել, ընդ որում` սեւագործ աշխատանք անել, առանց սպասելու` քեզ կգնահատե՞ն, թե՞ ոչ»: Նա «զազրախոսություն ու բամբասանք» է համարում կանանց հաճախ հնչող բողոքները, որ իրենց «բանի տեղ չեն դնում ու չեն ընտրում»: «Դու աշխատիր, քեզ կնկատեն»,- ասում է Հ. Հակոբյանը: Կանանց խնդիրը նաեւ նրանում է, որ իրենք չեն տեսնում այն կառույցը կամ կազմակերպությունը, որտեղ կարող են որպես առաջնորդ ձեւավորվել. «Կինը եւ, ընդհանրապես, մարդը պետք է քաղաքական հասունություն ձեռք բերելու տեղ ունենա: Պատահական մարդիկ խորհրդարանում չպետք է հայտնվեն»:
Կանանց իրավասության հարցում նա կարեւորում է նաեւ ընտանիքի դերը. «Կարեւոր է հասկանալ, թե որքանո՞վ են ընտանիքի անդամները հոգեբանորեն պատրաստ, որ իրենց կինը, քույրը կամ դուստրը մասնակցի ընտրություններին»:
Լրատվամիջոցներն իրենք էլ են որոշակի իմիջ ու հեղինակություն ստեղծում կանանց համար: Եվ հաճախ նրանց տեսադաշտից չեն վրիպում կանանց սխալները. «Հաճախ փոքր, անզգույշ խոսքը կարող է կործանարար լինել, քանի որ հասարակության մեջ կարծրատիպեր են գործում: Ղեկավար տղամարդուն մենք շատ բանում ներում ենք, իսկ կնոջ փոքրիկ սխալը չի ներվում: Հասարակությունն ավելի սուր է արձագանքում կին ղեկավարի սխալներին: Եվ կինը պետք է շատ ավելի զգույշ ու կազմակերպված լինի, քանի որ իր սխալը կարող է վնաս բերել կանանց` հետագա ճամփա հարթելու հարցում»: Կանանց ընդգրկվածության գործում Հ. Հակոբյանը մեծ դեր ունի, իր նախաձեռնությամբ է համամասնական ցուցակներում կանանց ներկայության 5%-անոց քվոտան եռապատկվել եւ դարձել 15%: Ըստ Հ. Հակոբյանի` եւս մեկ կարեւոր հաստատագրում կա, այն է. յուրաքանչյուր 10 մարդու մեջ անպայման պետք է կին լինի: Եթե դա հաշվի չառնվեր, կանայք անպայման ցուցակների վերջին հատվածներում կհայտնվեին:
0րենսդրորեն կինը նույնիսկ ավելի շատ առավելություններ ունի, քան տղամարդը: Պարզապես, ըստ տիկին Հակոբյանի` էականորեն տարբերվում են նրանց հետաքրքրությունների շրջանակները: Տղամարդկանց հետաքրքրում են առեւտուրը, բիզնեսը, ազգային անվտանգությունն ու պաշտպանությունը, իսկ կանանց հետաքրքրում են սոցիալական, առողջապահական, էկոլոգիական եւ, ընդհանուր առմամբ` խաղաղության հարցերը: «Խորհրդարանում պետք է հասարակության բոլոր մասերը ներկայացված լինեն, որպեսզի օրենքներն առավել հղկված, բարոյական, ճշգրիտ եւ ընդունելի լինեն»,- ասաց Հ. Հակոբյանը, ով նշում է, որ մեր հասարակության կեսից ավելին կանայք են, եւ առանց նրանց մասնակցության ժողովրդավարություն լինել չի կարող, եւ հիմա ակնհայտ է, որ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող կանանց հանդեպ «մթնոլորտն ավելի բարյացակամ» է դարձել: Եվ կանայք սկսել են հայտնվել մինչ այդ զուտ «տղամարդկային» համարվող ոլորտներում` ոստիկանությունում եւ բանակում:
Հ. Հակոբյանը նշեց, որ զուտ կենցաղային հոգսերը, երեխա ունենալն ու երեխայի խնամքով զբաղվելը կնոջը ետ են պահում քաղաքականությունից. «Կինը ստիպված է լինում առնվազն տասը տարի կորցնել, մինչեւ երեխային ոտքի է կանգնեցնում: Եվ երբ որոշում է կրկին քաղաքականություն վերադառնալ, պարզվում է, որ նա շատ ժամանակ է կորցրել եւ պետք է զրոյից իր տեղն ամրապնդի: Պետք է թեթեւացնել կնոջ հոգսերը, ավտոմատացնել կենցաղը: Թող կինը րոպեներ ծախսի, ասենք, ուտելիք պատրաստելու վրա, այլ ոչ թե ժամերով ճաշ պատրաստի»:
Հ. Հակոբյանը երբեք չի ցանկանա տղամարդուն «տնային տնտեսուհի» դարձնել, բայց համոզված է, որ զուտ կանացի եւ զուտ տղամարդկային ոլորտներ չկան: «Կինն էլ պետք է մասնակցի երկրի պաշտպանությունում»,- ասում է նա: