«Իմ հավատը զրոյական ա»,- ասում է Էռնան

03/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Լուսիկն իր սենյակում նոր մարդ տեսնելուն պես զգաստանալով՝ փորձում է անփույթ տեսքը կարգի բերել: Տանջվելով ձեռքը մեկնում է, որ կիսամերկ ուսն ու պարանոցը ծածկի, սակայն համառ ջանքերն ապարդյուն են: Հուսահատված մի կերպ բարձրացրած ձեռքը թուլացնում է ու, կրկին անգամ համոզվելով իր անկարողության մեջ, սկսում է բարձրաձայն լաց լինել: Աղջիկը մոտենում ու հագուստն ուղղում է, սակայն տիկին Լուսիկը դրանից էլ ավելի է նյարդայնանում, որովհետեւ չի համակերպվում իր անօգնական վիճակի հետ: Վերջերս ինսուլտ է տարել, որի պատճառով մարմնի ձախակողմյան հատվածն ամբողջովին թուլացել է: «Չի հաշտվում իր հիվանդության հետ»,- միջամտում է աղջիկը՝ Էռնան, ում կյանքն իսկական դժոխքի է վերածվել, քանի որ 2 անչափահաս երեխաներին խնամելուց բացի, ծանր հիվանդ մորն է պահում: Հիվանդ «խնամելն» էլ այս ընտանիքի համար պայմանական բառ է, որովհետեւ 16 տարի է, ինչ ապրում են Երկաթգծի կայարանի հարեւանությամբ գտնվող գործարանների հանրակացարանում, որտեղ կոմունալ բոլոր պայմաններն ընդհանուր են: «Ինսուլտ տարած հիվանդ պահելը դժվար է, երբ զուգարանն ընդհանուր է, դե՛, պատկերացրեք: Իսկ լողանալն էս սենյակում, որտեղ ոտքի տեղ չկա՝ իսկական մահ ա»,- վստահեցնում է Էռնան: Սենյակն անդուր է, որովհետեւ բոլորն իրար գլխի են լցված, չես հասկանում՝ ով ում բարեկամն է: Տիկին Լուսիկը պառկած է անկողնում, Էռնան ու որդիները փոքրիկ սեղանի վրա արագ-արագ հացի փշրանքներ են ուտում, իսկ հյուրի համար տեղ ազատելու համար բոլորի մոտ խուճապ է առաջանում: Էռնան շատ ագրեսիվ է եւ բոլոր հարցերին պատասխանում է մեկ բառով: Հոգսերի մասին խոսելիս էլ ոչ մի զգայական բառ չի արտահայտում: Հարցնում եմ՝ «Քանի՞ տարեկան եք»: Երկար մտածում է ու ինքն իրենից անակնկալի եկած, մրթմրթում. «Ը, ը՜, մեղա՜ քեզ, տե՛ր Աստված, չեմ հիշում տարիքս»: Զարմացած կմկմում է ու անսպասելիորեն բարձրաձայն ծիծաղելով այս ու այն կողմ է նայում: Էռնայի մեծ որդին 15 տարեկան Արայիկն է, իսկ կրտսերը՝ 8-ամյա Հայկը: Հայկն ապշած մորն է նայում ու չգիտի՝ զարմանա՞, թե՞ ծիծաղի: «Մա՛մ, ոնց որ 45, թե՞ 46 ես: Հիշեցի՞ր»,- ասում է նա ու ուշադիր հայացքով զննում մորը՝ հասկանալու համար, թե նրա հետ ինչ է կատարվում: Մինչդեռ Էռնան ընկել է մտքերի մեջ ու չի էլ լսում որդու ակնարկը: Տիկին Լուսիկը Ղարաբաղյան շարժման տարիներին աղջկա հետ միասին Բաքվից փախել է Հայաստան, եւ երկուսի համար էլ անցյալից խոսելը ցավոտ է. «Չէի ցանկանա էդ մասին խոսել»,- ասում է Էռնան, ով նաեւ չի խոսում երեխաների հոր մասին: Ապրում են` «Փարոսից» ստացած 18.000 դրամով եւ հիվանդ կնոջ թոշակով: Մինչեւ հիվանդանալը տիկին Լուսիկն աշխատել է Մետրոպոլիտենում, եւ նրա մասին հարեւանները բավականին մեծ պատկառանքով են խոսում. «Ինքը շատ աշխատող կին էր ու միշտ ժպտում էր: Էն մշտական ուղեւորներն էնքան էին իրան սիրում, որ, եթե մի օր չէին տեսնում՝ աշխատողներից հարցնում էին, թե՝ էն բարեհամբույր կինն ո՞ւր ա: Հիմա, երբ սենց ոտք ու ձեռքից ընկել ա, շատ ա տանջվում: Չի հաշտվում էն մտքի հետ, որ հիվանդ ա, չի կարա աշխատի: Մետրոյում, աշխատանքի ժամանակ միանգամից ինսուլտը խփել ա: Երբ տեսնես՝ լաց ա լինում»: Տիկին Լուսիկը գլխով հավաստում է նրանց ասածն ու բերանը կիսաբաց է անում, որ խոսի, սակայն չի կարողանում բառեր արտաբերել: Գլուխը կախ է գցում ու անգամ ձեռքը չի կարողանում բարձրացնել, որ անձրեւի պես հոսող արցունքները սրբի: Էռնան պատմում է, որ բժիշկները խորհուրդ են տվել գարնան եւ աշնան շրջանում պարտադիր տիկին Լուսիկին կաթիլային ներարկել, այլապես նրա վիճակը կվատանա: Էռնան, սակայն, չի կարողացել ինչպես հարկն է մոր առողջությանը հետեւել, դրա համար էլ ծեր կինն արդեն մահվան դռանն է. «Ամեն ինչ ֆինանսի հարց ա: Ինքը հիմա դեղորայքի հույսին ա, բայց ո՞նց հասցնեմ, ասե՛ք, խնդրեմ: 2 դպրոցականների ծախսերն էլ մարդու մեջք են կոտրում, ոչինչ չես հասցնում: Օր ա լինում` ցամաք հաց էլ երեխեքը չեն ուտում: Երբ հացի խնդիր կա՝ կարո՞ղ ես ուրիշ բանի մասին մտածել»,- զայրացած, համարյա բղավելով` ասում է Էռնան: Երեխաները գերազանց են սովորում, իսկ 9-րդ դասարանցի Արայիկն ավելորդ հույսեր չի փայփայում, թե կընդունվի որեւէ բուհ: «Լավ ա, գոնե դպրոցում իրանց լավ են զգում: Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցն ա: Լավ դասատուներ ունեն, դպրոցը տաք, լավ, շատ գոհ եմ դպրոցից…»: Հայկը շատ հպարտ տղա է եւ, երբ ֆոտոխցիկը տեսնում է՝ անմիջապես դեմքը ծածկում է, որ կադրի մեջ չընկնի, ամաչում է: Ասում է՝ «Մաթեմատիկայից ուժեղ եմ, մաթեմատիկոս կդառնամ: Երեւանը շատ եմ սիրում, մեր քաղաքը լավն ա»: Էռնան որդու ասածից բարձրաձայն ծիծաղում է: Բարդույթներից` սառնասրտորեն աջ ու ձախ վիրավորանքներ է շպրտում: Մինչդեռ Հայկը վիրավորվում է մոր վերաբերմունքից: «Ախր, մի հարցնող լինի՝ դու Երեւանը ճանաչո՞ւմ ես, որ էդքան սիրում ես: Հանրակացարանի բակից մինչեւ դպրոց տանող ճանապարհը գիտի, թե չէ` ո՞ւր եմ տարել, որ մի հատ էլ Երեւանն իմանա: Ամբողջ օրն էս 4 պատի մեջ են, ոչ տանում եմ զբոսանքի, ոչ էլ կարուսել: Վախենում եմ տանել կինո «Ռոսիայի» դիմացի զբոսայգին: Կարուսելները շատ թանկ են: Տանեմ, երեխուն լացացնեմ, բերե՞մ…»,- հարցնում է Էռնան ու հավատացնում, որ այլեւս ոչ մի պաշտոնյայի խոսքերին չի հավատում, թե փախստականների սոցիալական եւ բնակարանային խնդիրները լուծվելու են: «Հես ա, ընտրությունների ժամանակ կգան, կխոստանան, կառաջարկեն, բայց էլ հավատ չունեմ: Հավատս զրոյական ա»,- ասում է Էռնան: Հարցնում եմ՝ «Բոլոր փախստականները դժգոհում են տեղացիների վերաբերմունքից: Ասում են, որ մենք աննրբանկատ ենք, վերապահումով ենք մոտենում Բաքվից եկած հայերին: Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք»: Հեգնանքով պատասխանում է՝ «Շատ էլ գոհ եմ, կոնկրետ հասարակ մարդկանց վերաբերմունքից շատ գոհ եմ: Մի բուռ ազգ ենք, իրար օգնում ենք: Հետո՝ հանրակացարանի մթնոլորտն ուրիշ ա, էստեղ մի տան պես ենք, մարդիկ սովոր են իրար հասնել, օգնել: Երբ մեկը նեղության մեջ ա լինում՝ մյուսի դուռը ծեծում ա, որ օգնեն: Էստեղ մարդիկ մի կյանքով են ապրում, հարուստի ու աղքատի կռիվ չկա: Բոլորն աղքատ են ու բոլորի պրոբլեմներն իրար նման են»:

Հեռանում եմ Էռնայենց սենյակից՝ ետեւիցս լսելով տիկին Լուսիկի կցկտուր ձայնը: Մոտենում եմ նրան, ուզում է ինչ-որ բան ասել: Նորից ինքն իր հետ կռվում է, որ կարողանա խոսել: Չի ստացվում… Սենյակից դուրս գալուն պես հարեւաններն են հավաքվում. «Շատ ծանր վիճակում են, էդ խեղճ կնոջ մի ոտքն էն աշխարհում ա, մեկը՝ էստեղ: Սրանց կյանքը կյանք չի: Էռնան ամաչում ա իրա գործից, դրա համար էլ չի ասում: Ինքը հանրակացարանում հավաքարարություն ա անում: Ամիսը մեկ 200 դրամ ենք տալիս մաքրելու համար: Ստեղ մաքրելն էլ շատ զզվելի գործ ա: Ինքը գրագետ աղջիկ ա, բայց էսօր ահավոր վիճակում են»: