Իրաքում տեղակայված բրիտանական զորքերը շուտով կհամալրվեն մարտական եւս մեկ անփոխարինելի միավորով. պատերազմ է մեկնում 22-ամյա կրտսեր լեյտենանտ Ուելսը, որը բրիտանացիներին առավել հայտնի է որպես արքայազն Հարրի: Նա վերջերս է ավարտել Սենդհյորթսի թագավորական ռազմական ակադեմիան: Իսկ իր ռազմական գիտելիքներն արքայազնը կկիրառի Իրաքի հարավում, Բասրայի մատույցներում: Ամբողջ վեց ամիս: Ինչպես աշխարհի բոլոր արքայազնների դեպքում է պատահում, սկսած Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանից, Հարրին եւս անչափ համակրելի է եւ վայելում է Մեծ Բրիտանիայի ժողովրդի ընդգծված սերը: Մինչ Հարրին պատրաստվում է մեկնել Իրաք, ամերիկացի հետազոտողները հատուկ ուշադրության են առել այն հանգամանքը, որ թերթելով Աֆղանստանի եւ Իրաքի մսաղացով անցած տասնյակ հազարավոր ամերիկացի զինվորների ցուցակը, չեն հանդիպել եւ ոչ մի պաշտոնյայի զավակի: Սա հիմք է տալիս որոշ վերլուծաբանների կարծել, թե արքայազնի այս քայլը նրա կողմից նետված մարտահրավեր է այն ուժերին, որոնք ստորագրում են պատերազմներ սանձազերծելու որոշումները` դրանից հեռու պահելով իրենց զավակներին (անկեղծ ասած, մեզ թույլ ենք տալիս կասկածել. խիստ երիտասարդ եւ էքստրեմի սիրահար արքայազնը դժվար թե այդքան հեռուն գնացող մտքեր ունենար):
Իրաքում այսօր տեղակայված է բրիտանացի 7100 զինվոր: Արքայազն Հարրիի մեկնումն Իրաք սփոփանք կլինի այս հազարավոր երիտասարդների ծնողների, սիրելիների համար, որոնք այլեւս վստահ կլինեն, որ Իրաքյան պատերազմի ավարտի մասին ամեն օր Աստծուն աղոթելու են ոչ միայն իրենք, այլեւ Մեծ Բրիտանիայի թագավորական ողջ գերդաստանը: Հնարավո՞ր է նման բան պատկերացնել Հայաստանում, երբ երկրի առաջին դեմքն իր կամ իր ընտանիքի որեւէ անդամի օրինակով կարողանա անվերապահորեն շահել հասարակական կարծիքը կամ արժանանալ համազգային համակրանքի: Ասենք, եթե իրենց որդիներին վախով բանակ ճանապարհող ծնողներն իմանային, որ հեռավոր Մեղրիում, սահմանամերձ որեւէ գոտում, ծառայում է նաեւ երկրի առաջին դեմքի որդին, հավատացեք, ավելի ապահով ու վստահ կլինեին, որ իրենց որդիները ոչ թե թնդանոթի միս են, այլ հայրենիքի առաջ հավասար զինվոր: ՀՀ նախագահի որդիների մասին, սակայն, տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, սակայն բավարար` հասկանալու, որ իշխանիկների դերը նրանց համար բնավ ձանձրալի չէ, որ նրանք այն ըմբոստ երիտասարդներից չեն, ովքեր կարող են դեմ գնալ հայրիկի կողմից պատրաստի մատուցված բարեկեցությանը եւ չօգտվել իրենց բաժին ընկած պատահականությունից: Հայտնի է, որ նախագահի ավագ որդին բանակում չի ծառայել, քանի որ, ինչպես սիրում են նշել նրա դասախոսները, ուսման առաջամարտիկ էր, եւ նրա կոչումը գիտությունն էր` ասպիրանտուրան, ապա գիտական ատենախոսությունը: Պատկերացնո՞ւմ եք երկրի նախագահի հանդեպ որքան կփոխվեր ժողովրդի վերաբերմունքը, եթե, հակառակ ուսման ոլորտում գրանցած հաջողությանը, նրա որդին գնար ու ծառայեր սահմանամերձ որեւէ գոտում, ինչպես անում են նրա պես եւ նրանից լավ հազարավոր երիտասարդներ: Բարձրաստիճան մյուս պաշտոնյաների որդիների մասին եւս պատմությունը հիմնականում լռում է, իսկ եթե նրանց անուններն ինչ-որ առիթով հայտնվում էլ են հասարակության ուշադրության կենտրոնում, ապա` հերթական ռազբորկայի, հերթական վրաերթի կամ խուլիգանական արարքի կապակցությամբ:
Իսկ արքայազն Հարրիին Մեծ Բրիտանիայում այսօր իսկական հերոս են համարում, քանի որ, պատկերացրեք, 22 տարի ապրել արքայական պալատներում, սովորել անընդհատ խոնարհվող գլուխների, ապուրն ուտել ոսկյա սպասքից, անձնական հաշվին ունենալ 56 միլիոն դոլար, ամեն օր ստանալ հարյուրավոր գեղեցկուհիների սիրային նամակները, ու թողնելով այդ ամենը` մեկնել Իրաք, ուր կյանքի ու մահվան հարաբերակցությունն անգամ լավատեսական գնահատականներով` 50/50 է: Արքայազնի մեկնումից հետո Իրաքում ծառայող յուրաքանչյուր բրիտանացի զինվորի կյանքը թագուհու, արքայական ընտանիքի մյուս անդամների, բրիտանական կառավարության համար անհամեմատ թանկ գին կունենա: Եվ բրիտանացիները դա լավ են գիտակցում: Տակավին վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը հայտարարեց, որ մինչեւ ամառ կկրճատի Իրաքում բրիտանացի զինվորների թիվը 2100-ով: Հետաքրքիր է, որ բրիտանական մամուլում արքայազնի` Իրաք մեկնելու որոշումը համարում են զուտ ռազմական: Ըստ այդմ, որոշումն ընդունել է Գերագույն շտաբի ղեկավար գեներալ սըր Ռիչարդ Դաննաթթին եւ ինքը` կրտսեր լեյտենանտ Ուելսը՝ արքայազն Հարրին: Սա` Մեծ Բրիտանիայում:
Իսկ հայոց բանակում եւ Հայաստանում` ընդհանրապես, արքայազններ չկան: Եվ սրա պատճառն ամենեւին էլ անդառնալիորեն կորսված հայոց թագավորությունները չեն: