ՀՀ կառավարություն է ներկայացվել Գյուղատնտեսության նախարարությունում մշակված «Խաղողի եւ խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի նախագիծը: Առանձին դրույթներով տրված են խաղողի մշակման տարածաշրջանները, նոր տնկարկների հիմնման ու հին տարածքների վերականգնման ժամկետները, խաղողի տեսակները, թույլատրելի գինեգործական մեթոդները, գինեհումքի մշակման եղանակները, արտադրության ներկայացվող պահանջները, ծագման վայրի նշումով գինի, օղի, կոնյակ արտադրելու վերաբերյալ դասակարգումները: Ինչպես «Արմենպրեսին» ասել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Իրավաբանական վարչության պետ Կարինե Գրիգորյանը, պարզվել է, որ ՀՀ-ում արտադրվում են մի քանի անգամ ավելի «Արենի» եւ «Սապերավի» գինիներ, քան դա թույլ է տալիս այդ տեսակների տարածքներից ստացվող բերքը, ինչը, թերեւս, ոչ լիարժեք օրենսդրական դաշտի եւ պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է: Նախագծի ընդունմամբ, կկարգավորվեն ինչպես վերոնշյալ հարցերը, այնպես էլ` խաղողագործության, գինեգործության ոլորտներում դեռեւս առկա բազմաթիվ խնդիրներ: Ըստ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ-ում կան
16.300 հա խաղողի այգետարածքներ, որից բերքատու է 14.500-ը: