Նվեր Կաննի փառատոնից

03/03/2007

Կաննի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր 60-ամյակը, հանդիսատեսի համար անակնկալ նվեր է պատրաստել: Փառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը 35 հայտնի ռեժիսորների պատվիրել է ֆիլմ նկարահանել: Տարբեր ազգերի, տարբեր տարիքների ամենահայտնի ռեժիսորներից յուրաքանչյուրը 3 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ կնկարահանի, ֆիլմերը հետո կամբողջանան եւ կինոալմանախ կստեղծեն: «Ամեն մեկին իր կինոն» պայմանական վերնագիր ունեցող ֆիլմը կցուցադրվի մայիսի 20-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ: Փառատոնը բացման օրը սովորաբար կինոյի դասականների գործերից մոնտաժված կինոժապավեն է ցուցադրում, սակայն այս տարի փառատոնի նախագահը որոշել է, որ դա բավական չէ, եւ կինոյի վարպետներից կինոզարգացման մոդելներ է պետք պահանջել: «Այդ նախագիծը կինոյին պետք է նոր լիցքեր հաղորդի»,- ասել է Ժ.Ժակոբը: Հրավիրված ռեժիսորների շարքերում են այն հեղինակները, որոնց համար Կաննը ճանապարհ է բացել դեպի մեծ կինո, եւ հիմա եկել է նրանց երախտիքի կինոկադրերի ժամանակը: Երջանիկ ռեժիսորների շարքերում են 100 տարեկան պորտուգալացի Մանուել դի Օլիվեյրան, չինացի Չան Կայգեն, ճապոնացի Տակեշի Կիտանոն, ամերիկացի Կոեն եղբայրները, ֆրանսիացի Դարդենն եղբայրները, ռուս Անդրոն Կոնչալովսկին, իրանցի Աբբաս Քիարոսթամին եւ այլք: Կաննում միահյուսվում են մեծ կինոն ու մեծ բիզնեսը: Փառատոնի բյուջեն արդեն անցնում է 20 մլն եվրոն, իսկ «Ամեն մեկին իր կինոն» ֆիլմի ցուցադրումը խոշոր գումարային հոսքերի նոր աղբյուր կհանդիսանա: Ֆրանսիացիների գիտակցության մեջ Կաննի փառատոնն իր հեղինակությամբ արդեն սկսել է հավասարվել Ֆուտբոլի չեմպիոնատի կամ «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի հետ: Հեռուստատեսությունը` ցուցադրելով այդ ֆիլմը, հանդիսատեսին սենսացիա է խոստանում, իսկ ֆիլմի 35 հեղինակներին, որոնք պատիվ են ունեցել կատարել հոբելյանական փառատոնի պատվերը, կինոյի ոլորտում անմահություն եւ փառք է երաշխավորված: Ամեն դեպքում համատեղ ֆիլմի արդյունքը շատ անսպասելի, խոհական ու հանդուգն է լինելու, քանի որ յուրաքանչյուր ռեժիսորի առջեւ կոնկրետ խնդիր է դրված լինելու` երեք րոպեում պատմություն պատմել: Իսկ դա կարող են անել միայն վարպետները: