Չընտրություն

03/03/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Վազգեն Մանուկյանն այսօր հավանաբար կհայտարարի առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշման մասին, եւ դա կնշանավորի տեր-պետրոսյանական էպոխայի ավարտը։ Ի՞նչ կապ կա Վազգեն Մանուկյանի հնարավոր հայտարարության եւ ինը տարի առաջ հրաժարական տված Տեր-Պետրոսյանի էպոխայի միջեւ, դժվար չէ կռահել, եթե խնդիրը դիտարկվի քաղաքական համակարգերի համատեքստում։

1991-ին Հայաստանի անկախության հռչակումով եւ ազատական իշխանության ձեւավորումով Հայաստանում ստեղծվեց քաղաքական մի համակարգ, որի մի կողմում ՀՀՇ-ն էր (ազատականներ), մյուս կողմում՝ ՀՅԴ-ն (սոցիալիստ-ազգայնականներ), կենտրոնում՝ ԱԺՄ-ն (ազատական ազգայնականներ)։

Այդ համակարգում որոշակի տեղ ուներ Հայաստանի Կոմկուսը։ Երբեմնի հզոր կուսակցության խլյակների գոյությունը պայմանավորված էր ազատական «ցավոտ» բարեփոխումներին զուգահեռ աճող կարոտախտային տրամադրություններով, բայց թե՛ կարոտախտով տառապողները, եւ թե՛ նրանց առաջնորդները հիանալի հասկանում էին, որ փոփոխություններն անշրջելի են։ Այդ պարագայում Կոմկուսն ընդամենը կարող էր զսպիչ դեր կատարել, եթե, իհարկե, ինքն էլ կարողանար զուգահեռաբար վերափոխվել՝ Լենին-Ստալինից հեռանալով, գնալ դեպի Մարքս-Էնգելս, այսինքն` հասարակական այդ շարժման ակունքը եւ իր գաղափարները համապատասխանեցներ ազգային ձգտումներին եւ իղձերին։ Մինչդեռ մենք հիշում ենք հայ կոմունիստների հանրահավաքներն ու ցույցերը՝ սովետական կարմիր դրոշներով ու Լենինի դիմանկարներով։

Ազգային Ինքնորոշում Միավորումը կամ Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ գործող շարժումը՝ լինելով ավելի հին, քան ՀՀՇ-ն էր, եւ առավել հին, քանի որ թիկունքում ուներ Ազգային միացյալ կուսակցության կենսագրությունը, կազմակերպական եւ կառուցողական առավելություններ չունենալով` արդեն 88-ին իր տեղը զիջել էր «Ղարաբաղ» կոմիտեին, իսկ 90-ին` կոմիտեի ստեղծած ՀՀՇ-ին, եւ Հայաստանի քաղաքական դաշտում գոյատեւում էր միայն փառահեղ կենսագրության հաշվին։ Եթե քննելու լինենք գաղափարները (չնչին բացառություններով) ԱԻՄ-ը ՀՀՇ-ի կամ ՀՀՇ-ն ԱԻՄ-ի կրկնությունն էր։

Քաղաքական այս համակարգում կային նաեւ լուսանցքային խմբեր, ինչպես, օրինակ, ՍԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, որը վերը նշված Ազգային միացյալ կուսակցության ազգայնական թեւի շարունակությունն էր (համենայնդեպս, Աշոտ Նավասարդյանի կենդանության օրոք), Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությունը, որը կարող էր լինել ԱԻՄ-ի հետ, բայց ի վերջո միացավ ՀՀՇ-ին։

Պատերազմի ընթացքում առավել հստակ գործում էր առաջին եռյակը։ ՀՀՇ-ն իշխանությունն էր, ՀՅԴ-ն` ընդդիմությունը, ԱԺՄ-ն կարող էր մերթ ՀՅԴ-ի հետ կիսել հրապարակային շարժումը, մերթ ՀՀՇ-ի հետ իշխանական պարտականություններ ստանձնել (ԱԺՄ առաջնորդը՝ պաշտպանության նախարար)։

Քաղաքական մի գործիչ, ով այդ ժամանակ եղել է ՀՅԴ անդամ եւ հետագայում դուրս եկել կուսակցությունից (անունը չեմ նշում անվտանգության նկատառումով), պատմում էր, որ այդ տարիներին երեք ուժերի միջեւ կար լուրջ համագործակցություն։ Նրա ասելով` եղել են հանրահավաքներ եւ բողոքի ցույցեր, որոնք արվել են իշխանությունների խորհրդով՝ այդ պահին դրսի համար ներքին ուժեղ դիմադրության տպավորություն ստեղծելու նպատակով։

ՀՀՇ-ական կամ տեր-պետրոսյանական էպոխայի ճգնաժամը ծայր առավ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ին սկսեց չբավարարել իր դերը, եւ նա մտադրվեց ամեն կերպ (միջոցների մեջ խտրություն չդնելով) գրավել իշխանությունը։ ՀՅԴ-ի այս ձգտումը խախտելու էր քաղաքական համակարգի հավասարակշռությունը, առաջացնելու էր անհասկանալի սկզբունքներով ձեւավորված բեւեռացված խմբավորումներ եւ, ի վերջո, հանգեցնելու էր քաղաքական, իմ կարծիքով, բավական կենսունակ համակարգի փլուզմանը։

Հայաստանի քաղաքական համակարգը չուներ բավականաչափ փորձառություն, իսկ նման պայմաններում բոլորի համար էլ գայթակղվելու հնարավորությունը շատ մեծ էր։ ՀՅԴ-ն՝ ոգեւորված իր մի քանի զինյալ ջոկատների մարտունակությամբ, մտածում էր, թե արագ եւ անցավ կարող է հեղաշրջում անել ու գրավել իշխանությունը։ Նա ուզում էր միանձնյա (վերջերս դաշնակցական գործիչներից մեկը խոստովանեց, որ Տեր-Պետրոսյանն իրենց առաջարկել է նախարարական այնպիսի պորտֆելներ, ինչպիսիք ունեն այսօր) ստանձնել Հայաստանի ղեկավարումը, քանի որ գտնում էր, որ հհշական իշխանությունը շեղվել է ազգային, այսպես կոչված, գաղափարախոսությունից։ Գործող իշխանության համար՝ ՀՅԴ-ի մտադրությունների բացահայտումը նույնպես մեծ գայթակղություն էր։ ՀՀՇ-ի շարքերում մտածում էին, թե այդպիսով ավելի հեշտ կլիներ ամրապնդել միանձնյա իշխանությունը, առանց խոչընդոտների ավարտին հասցնել սկսված բարեփոխումները, սկսել խաղաղ բանակցություններ՝ ներքին կյանքում բացառելով ազգայնական տարրը։

ՀՀՇ-ՀՅԴ հակամարտությունն իր հերթին գայթակղիչ էր ԱԺՄ-ի համար։ ԱԺՄ-ում մտածում էին, որ այս հակամարտության ֆոնի վրա ՀՅԴ-ի աջակցությունն ունենալով՝ ԱԺՄ-ն կարող է հեշտությամբ գրավել իշխանությունը։ Այդ դեպքում նախագահ կարող էր դառնալ միայն Վազգեն Մանուկյանը, որովհետեւ ՀՅԴ-ն ոչ 1991-ին, ոչ հետո, ոչ էլ հիմա չուներ եւ չունի ընդգծված առաջնորդներ։

Շարունակելի