Որքանո՞վ են վաճառել «Հայֆիլմի» ֆիլմերը

03/03/2007 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ մեծահարուստ գործարար սփյուռքահայերը պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում: Անգամ պետական ամենաբարձր ատյաններում հաճախակի նշվում է, որ նման գործարարների համար պետությունը կստեղծի համեմատաբար նորմալ պայմաններ (քանի որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար պետք է ունենալ տարատեսակ «դաբրոներ»):

Սակայն անգամ նման պայմաններով այսօր մատների վրա կարելի է հաշվել այն սփյուռքահայ գործարարներին, որոնք Հայաստանում գործունեություն են ծավալել եւ ներդրումներ կատարել: Եթե ուշադրություն դարձնեք, օրինակ, Քըրք Քըրքորյանը գերադասում է մեծ ծավալներով գումարներ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, սակայն բիզնես-ներդրումներ մինչ օրս չի կատարել: Իսկ ի՞նչն է պատճառը, որ մարդ կարող է միլիարդներ նվիրել, սակայն, ոչ մի ցենտ, ինչպես ասում են, գործի մեջ չդնել: Այդ իմաստով բավական հետաքրքիր է «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման պատմությունը: Մոտ մեկուկես տարի առաջ, երկարատեւ բանակցություններից հետո, պարզ դարձավ, որ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհել է ԱՄՆ հայտնի գործարար Ջերարդ Գաֆեսճյանը, որը կինոստուդիան ձեռք էր բերել` հետագայում խոշոր ներդրումներ կատարելու պայմանով: Բնական է, որ գործարքը միակողմանի չի լինում, եւ, պայմանագրի համաձայն, նախկին սեփականատերը (հիշեցնեմ, որ մինչ այդ «Հայֆիլմ» կինոստուդիան պետական ձեռնարկություն էր) եւս որոշ պարտականություններ ուներ նոր սեփականատիրոջ առջեւ: Մասնավորապես պայմանագրով նոր սեփականատիրոջն էր անցնում նաեւ «Հայֆիլմի» ողջ արխիվը, ռեկվիզիտները, կահույքը եւ այլն: Սակայն, ըստ մեր աղբյուրների, դեռեւս մի քանի տարի առաջ «Հայֆիլմի» նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը կինոստուդիայում նկարահանված բոլոր կինոնկարների DVD ֆորմատով տպագրության իրավունքը վաճառել էր ընդամենը 1000 ԱՄՆ դոլարով: Այն դեպքում, երբ Հայաստանի յուրաքանչյուր երգիչ-երգչուհու ձայնասկավառակի կամ հումորիստական մեկ տեսասկավառակի շուկայական գինը 5000-15.000 դոլար է: Կարող եք պատկերացնել, թե սկսած «Նամուսից», վերջացրած` «Ուրախ ավտոբուս» ֆիլմով` քանի-քանի ֆիլմերի իրավունք է տեսաձայնագրող ստուդիաներից մեկին վաճառվել 1000 դոլարով: Իհարկե, այսքանով Գ. Գեւորգյանի «ախորժակը» չի սահմանափակվել: Պարզվում է, որ արտասահմանյան շատ պետություններ այսօր ցանկություն են հայտնել բավականին մեծ գումարով (սկսած 30.000 ԱՄՆ դոլարից) ձեռք բերել հայկական ֆիլմերի ցուցադրության իրավունքը: Սակայն կա մի խոչընդոտ: «Հայֆիլմի» նախկին տնօրեն Գ. Գեւորգյանը ժամանակին բազմաթիվ պայմանագրեր է կնքել Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ այլ պետությունների հետ, որոնց համաձայն` տվյալ պետություններում «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի ցուցադրությունից գոյացած գումարների մի մասը իբրեւ թե պետք է փոխանցվեր «Հայֆիլմին»: Թե ինչքա՞ն պետք է փոխանցվեր, ինչքա՞նն է փոխանցվել, եւ ո՞ւր են գնացել այդ գումարները՝ հայտնի չէ: Բոլորն էլ լավ հասկանում են, որ անկախացումից հետո հայ կինոն դժվարին տարիներ է ապրել: Պարզ է, որ համապատասխան միջոցներ չկային, որպեսզի կինոստուդիայի աշխատողներին աշխատավարձ վճարեին: Իսկ նոր տեխնիկայի կամ ռեկվիզիտների ձեռքբերման մասին խոսելն ավելորդ էր: Կինոստուդիայի նախկին աշխատակիցները հիշում են, որ «Հայֆիլմի» տարածքը վերածվել էր գոմի (բառիս բուն իմաստով): Պարզվում է, որ 1990-ականներին «Հայֆիլմի» տարածքում կենդանիներ էին պահվում, մեղուներ էին բազմացվում: Բացի գյուղատնտեսական գործունեությունից, կինոստուդիայի տնօրինությունը տարածքում լվացքատուն էր բացել, որն, ի դեպ, մինչ օրս գործում է, քանի որ Գ. Գեւորգյանի հետ կնքած պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել: Կինոստուդիայից անհետացել են անտիկվար կահույքներ, ժամացույցներ եւ այլ իրեր, որոնք հանդիսացել են կինոստուդիայի սեփականությունը: Թերեւս մինչ «տակով անելը», այդ ամենը դուրս է գրվել կինոստուդիայի բալանսից, որպես իրենց դարն ապրած ռեկվիզիտ: Սակայն խոսքը սոսկ ֆորմալ թղթաբանության մասին չէ, այլեւ սովորական վնասարարության: Մեր տեղեկություններով` այս փաստերով սկսել է հետաքրքրվել դատախազությունը: