Նախընտրական խոստումների սարսափից

03/03/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հասարակական կյանքն արտաքնապես հանգիստ է: Անդորր է, ինչպես նախընտրական քամիներից առաջ: Երկրի տնտեսական կյանքում էլ էական ոչինչ չի կատարվում: Դրամի փոխարժեքը գամվել-մնացել է նույն ցուցանիշի վրա: Եթե այն շուկայական կարգավորում ունենար` այլ պատկեր պիտի լիներ: Հայկական տնտեսության որակի՝ թույլ տնտեսություն ունեցող երկրներում ընտրություններից առաջ ազգային դրամը սովորաբար արժեզրկվում է: Առաջին հերթին՝ քաղաքական փոփոխությունների ու ցնցումների սպասումների հետեւանքով: Քաղաքական իմաստով չկայացած երկրներում ցանկացած ընտրություն անորոշություն է պարունակում: Պարզ չէ՝ ո՞վ կգա իշխանության, ի՞նչ տնտեսական քաղաքականություն կվարի, ի վերջո, ի՞նչ ծավալներով կընթանա ունեցվածքի վերաբաժանումը: Մեր դեպքում այս հարցերն ամենեւին էլ կարեւոր չեն: Ընտրությունները որեւէ ինտրիգ կամ անակնկալ չեն պարունակում: Բայց, ցավոք, պարտադիր են: Օրենսդրություն կոչվող ադաթի համաձայն` դրանք որոշակի պարբերականությամբ պարտադիր անցկացվող միջոցառումներ են: Աջ ու ձախ կողմնորոշումներով քաղաքական ուժեր պիտի լինեն, իշխանամետ-ընդդիմադիր ու կենտրոնամետ հայտարարություններ պիտի արվեն: Ադաթ է: Արդեն 16 տարվա կենսագրություն ունեցող ադաթ, եւ քաղաքականության ոլորտում եղած ամեն անձ ու կազմակերպություն պարտավոր է պահել այն: Ընտրությունից ընտրություն քաղաքական ուժերի ծրագրերն անհետաքրքիր ու միանման են դառնում: Հատկապես տնտեսական հատվածը: Որպես կանոն` դրանք կոնկրետ ոչինչ չեն պարունակում: Հատկապես, որ տնտեսական մեծ-մեծ խոստումների շռնդալից մեկնարկը համընկավ (ու կանխվեց) ողբերգական միջադեպի հետ: Փետրվարի 27-ին Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման դեպքի այլ բացատրություն չգտնելով` մամուլն այն բացատրեց քաղաքական ուժերի պոպուլիստական խոստումներին հավատալու փաստով: Ինքնահրկիզվողը հավատացել էր խորհրդային ավանդների վերադարձի խոստմանն ու հուսախաբվել: Այնպես որ, հասարակական տրամադրությունների հոտն առնելով` կուսակցություններն ու դաշինքները տնտեսական խոստումներում այս անգամ անհամեմատ զուսպ են: Խորհրդարանական մեծամասնության հիմնական ուժը` Հանրապետական կուսակցությունը լիդերի կարգավիճակով երրորդ անգամ է ընտրության գնում: Հետեւաբար փորձ ունի եւ ամբոխահաճո խոստումներ չի շռայլում: Հատկապես, որ ծանր խնդիր ունի՝ մյուս ուժերի հետ դեբատներում պիտի բացատրի, թե ինչու չիրագործեց նախորդ ընտրություններում տված տնտեսական խոստումները: 2007-ը ընտրությունների համար հարմար տարի չէ: 2006-ին, ի հակադրություն գրանցած «մշտական» երկնիշ աճի, արտադրության ծավալը կրճատվել է, իսկ գյուղատնտեսությունը չի աճել: Այս փաստը փակել է նաեւ իշխանության մաս կազմող քաղաքական մյուս ուժերի խոստումնաշատ բերանը: Խոստումնաշատ չէ նաեւ ընդդիմությունը: Պոպուլիստական կոչերով հայտնի քաղաքական ուժերը, կարծես, ձանձրացրել են նույն անիրատեսական կոչերը հնչեցնելով: Քչերն են հավատում, որ Արտաշես Գեղամյանին ու Ստեփան Դեմիրճյանին երբեւէ կհաջողվի իրականացնել բռնագրավման ու պետականացման խոստումները: Նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, համապետական ենթակառուցվածքների (խողովակաշարեր, ջրամբարներ, էլեկտրակայաններ եւ այլն) նախագծման ու իրականացման խոստումներ ոչ ոք չի տալիս: 2003թ. ընտրություններում նոր-նոր քաղաքականություն մտնող, հետեւաբար` անհրաժեշտ փորձառություն չունեցող «Օրինաց երկիրին» հաջողվեց մինչեւ վերջ քամել ամբոխահաճո խոստումների ողջ պաշարը: Մյուս ուժերին ոչինչ չթողնելով ոչ միայն այդ տարվա ընտրարշավի համար: Տնաշեններն իրենց ապագայի մասին չմտածելով` ընդամենը մեկ նախընտրական քարոզարշավում ամեն-ամեն ինչ խոստացան: Է՛լ բարձր վճարվող աշխատատեղեր, է՛լ թոշակների բարձրացում, է՛լ խորհրդային ավանդների վերադարձում, է՛լ օրինաց երկիր: Խոստումների ամբողջ բեռից միայն ավանդների մասով ինչ-որ բան արվեց: Այն էլ՝ այնքան անհասկանալի ու պուճուրիկ մասշտաբով, որ հասարակական գոհության փոխարեն դժգոհության ու հուսահատության հերթական ալիքը ծնեց: Ու հիմա արդեն տնտեսական խոստում-ծրագրերի ոլորտում «եկավ ոգու սով»: Խոստումների մեջ շռայլ մնացել է միայն Տիգրան Կարապետյանը` իր կուսակցությունով: Բայց այս պարագային հասարակական վերաբերմունքը հանրահայտ է: Հետեւաբար` լրացուցիչ որեւէ բացատրության կարիք չկա: Ընդդիմադիր ուժերն էլ վաղուց արդեն չարաշահել ու արժեզրկել են խորհրդային մարդու համար այդքան հարազատ «ունեզրկենք ունեզրկողին» կոչը: Դրանով հիմա ընտրազանգված չես կողմնորոշի: Ուստի այն ընդդիմությանը միավորող կարգախոս չդարձավ: Իսկ ընդդիմադիր տղերքը միավորող ուրիշ գաղափարախոսություն չունեն: ԱԺՄ-ի նկատմամբ կանխակալ դրական կարծիք ունենալու մեջ մեղադրվելուց չվախենալով, պետք է ասեմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու Վազգեն Մանուկյանի որոշումը մտահոգիչ է: Այս կուսակցությունը նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածում համարյա երբեք պոպուլիստ չի եղել: Հետեւաբար` ակնհայտ է դառնում, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում միտքն այլեւս չի գնահատվում: Մտքի թելն այլեւս ստորադաս է տուկի թելին: Հատկապես՝ բարգավաճող կուսակցությունների տնտեսական ծրագրերում: