ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Վերջինս նշել է, որ Հունաստանը նախատեսում է իրականացնել զարգացման հնգամյա ծրագիր` ուղղված զարգացող երկրների տնտեսության բարելավմանը: Ծրագիրն այս պահին գտնվում է քննարկման փուլում, հստակեցվում եւ ճշգրտվում են ծրագրի ուղղությունները եւ առաջնահերթությունները: Ծրագրում նախատեսվում է ընդգրկել նաեւ Հայաստանը: ՀՀ տնտեսության մասին առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով` Հունաստանից Հայաստան է ժամանելու պաշտոնական պատվիրակություն` ծրագրին առնչվող խնդիրները հստակեցնելու նպատակով: Դեսպանը նաեւ ցանկություն էր հայտնել ճշտել երկրի տնտեսության զարգացմանն ուղղված հայկական կողմի ծրագրերը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության տնտեսական զարգացման առաջնային փաստաթուղթ է համարվում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որտեղ հստակորեն նշված են առաջնահերթությունները: Փաստաթուղթը նաեւ առաջնային աղբյուր է հանդիսանում միջազգային կառույցների եւ դոնոր համայնքի համար, ուստի, ըստ նախարարի, հունական կողմը նույնպես իր զարգացման ծրագրերում որպես առաջնային աղբյուր պետք է օգտագործի ԱՀՌԾ-ն: