«Վրաստանը ՆԱՏՕ մուտք գործելու ճանապարհին է: Որեւէ մեկը մեզ չի կարող շեղել այդ ուղուց: Դեռ կան բարեփոխումներ, որոնք մենք պետք է ի կատար ածենք, մենք պետք է շարունակենք մեր սկսած գործը՝ նախեւառաջ մեր ներքին զարգացումն ապահովելու եւ համաշխարհային ու եվրոպական անվտանգության մի մասնիկը դառնալու համար»,- ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ հրավիրված համատեղ ասուլիսում Բրյուսելում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բավական բարձր է գնահատել վրացական կողմի իրականացրած բարեփոխումները. «Վրաստանը բարեփոխումներին միտված լուրջ քայլեր իրականացրել է եւ շարունակում է իրականացնել: Իհարկե, մտահոգության որոշ առիթներ էլ ունենք, սակայն որեւէ մեկը կատարյալ չէ: Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել այս ուղղությամբ, եւ կարող եմ հստակորեն ասել, որ պատկերն ընդհանուր առմամբ դրական է»: