Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունները կանխարգելելու եւ մթերատվության ցուցանիշները բարձրացնելու նպատակով «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Տավուշի, Շիրակի, Արարատի եւ Գեղաքունիքի մարզերում կաթնատու կովերի ազատ եւ բացօթյա եղանակով պահման փորձից բացի իրականացվում է նաեւ «Տավարի եղջերատման» ծրագիր: Ուսումնասիրություններից պարզվել է, որ կենդանիների ազատ պահման եւ արոտի ժամանակ հաճախակի են դառնում միմյանց եղջերահարման դեպքերը: Դրա հետեւանքով վնասվում են կենդանու օրգանները, վերջույթները, հյուսվածքները, որը հսկայական վնաս է անասնապահությանը: Եղջերատված կենդանին, դառնալով հանգիստ եւ շրջապատի համար անվնաս, ավելի նորմալ է սնվում, որի արդյունքում կրկնակի բարձրանում է կաթնատվությունը, քաշը ավելանում 10%-ով:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ամերիկացի եւ հայ անասնաբույժները, վերջին երկու տարում վիրաբուժական միջամտությամբ եղջերատել են ավելի քան 4000 կով: