Տաքսու վարորդների հետ այսօրվա մեր զրույցն առողջապահական համակարգի մասին է: Գո՞հ են արդյոք նրանք մեր բուժհիմնարկների ծառայություններից եւ մասնագետների վերաբերմունքից: Առողջական խնդիրներ ունենալու պարագայում դիմում են բժշկի՞, թե՞…:
Վարորդ Հրաչը պատասխանում է. «Ավելի լավ կլինի, որ բոլոր հիվանդանոցներում պատից փակցնեն սահմանված գնացուցակները, թե չէ, մտնում ես, 1-ին հարկից սկսած մինչեւ վերջին հարկ բաժանում ես ու «մանթրաժ» վիճակով դուրս ես գալիս: Չգիտես՝ մտածես քո հիվանդության մասի՞ն, թե՞ որտեղից պարտք անես, որ դեղորայքի համար էլ գումար հայթայթես: Եղբայրս մի 3 ամիս առաջ ինսուլտ տարավ, 3000 դոլար ուզեցին, որ սրտի վիրահատություն կատարեն: Բայց էդ գումարից բացի, մանր-մանր էնքան բաժանեցինք, որ ասելու չի: Նարկոզի համար` առանձին, օդի համար` առանձին, պալատի համար, ու էդպես շարունակ… Բնակարանը վաճառեց, վիրահատվեց ու հիմա ընկել ա դռնեդուռ՝ վարձով ա ապրում: Բնակարան չունեցող սրտի հիվանդի համար էդ վիրահատությունն ի՞նչ արժեք պիտի ունենա, երբ որ հիմա ծանր ապրումների մեջ ա»: Նա մատնանշում է այն բուժհիմնարկները, որտեղ ի սկզբանե պահանջում են վճարը. «Երբ սկզբում ասում են կոնկրետ գումար, դա լավ ա, որովհետեւ մտածելու ժամանակ ունես՝ լավ ա վիրահատվե՞լ, թե՞ լավ ա հիվանդ մնալ, բայց բնակարան ունենալ: Բուժհիմնարկներում, որտեղ ամեն ինչ կաշառքի տեսքով ա արվում՝ ահավոր ա: Բուժքույրին` առանձին, «սանիտարկային», հավաքարարին, բժշկին, բոլորին բաժանում ես, բայց բոլորն էլ դեռ սպասելիքներ ունեն: Ավելի լավ ա ասեն՝ կամ մեռի, կամ էլ 10.000 դոլար տուր ու վերջ»:
Բժշկականի ուսանողներն ու բժշկությունը
Վարորդ Վարդանը Խորհրդային Միության փլուզումից հետո երբեւէ բժշկի չի դիմել, թեեւ մարմնի որոշ հատվածներում մշտապես ցավեր է զգում: «Ոչ թե չեմ դիմում, որովհետեւ փող չունեմ, այլ չեմ վստահում բժիշկներին: Ես շատ առիթներ եմ ունենում լսելու Բժշկական համալսարանի ուսանողների խոսքուզրույցը: Եթե վաղը-մյուս օրն ինձ պիտի վստահեմ նրանց նման մասնագետներին, ուրեմն՝ ավելի լավ ա` ինքնաբուժությամբ զբաղվեմ: Նստում են տաքսի ու նենց են «տուպոյ-տուպոյ» դուրս տալիս, որ քիչ ա մնում ասեմ՝ դուրս եկեք մեքենայից: Մանավանդ աղջիկները, սկսում են քննարկել, թե որ դասախոսն ում հետ գնաց տուն, որ դասախոսն ինչ շոր հագավ: Էլ չեմ ասում, որ քննությունների համար փողի ինչ թեմաներ են քննարկվում… Դրանց առօրյան անցնում ա կաֆեներում ու դիսկոտեկներում, ու մտածում եմ՝ բա սրանք ե՞րբ են դաս սովորում: Մի օր մի աղջիկ լացակումած զանգել ա հորը ու վրեն մուննաթ ա գալիս, թե՝ էդ ինչքա՞ն էիր տվել, որ չնշանակեց: Հերը երեւի էնտեղից հանգստացնում ա, որ մի բան կանի, սա էլ մի հանգի գոռում ա վրեն, թե` դուրս եմ գալիս, ինձ պետք չի սովորել, դասախոսը սաղի մոտ խայտառակ արեց… Ուրեմն՝ փոխանակ հերը մի լավ քոթակի, որ աղջիկը չի սովորում, սա ա հոր վրա հարձակվում»,- պատմում է վարորդ Վարդանն ու ավելացնում, որ Բժշկական համալսարանի ուսանողների համար ամենաշատ քննարկվող թեման բուհի ռեկտորի անձնական կյանքն է: «Օ՜, էդ առանձին թատրոն ա: Կներեք, բայց չեմ ասի, թե ինչեր են պատմում ու «ղժում», բայց մի բան հաստատ կասեմ, որ էդ կնոջը շատերը չեն սիրում: Իրանց խոսակցություններից ելնելով, կարամ ասեմ, որ հարգանք չկա, ու նենց բաներ են խոսում, որ…»: Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ մեր առողջապահական համակարգում բացակայում է ամենակարեւոր բանը՝ հոգատարությունը մարդու նկատմամբ, ինչի պատճառով մարդիկ չեն վստահում բժիշկներին:
Նախարարին չհաջողվեց «գրդոնչիներին» հանել
Վարորդ Սարգիսը կարծում է, որ ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը շատ բան կարող էր փոխել, բայց նա էլ «հանցավոր» շղթային դեմ չգնաց: «Ես ինչքան գիտեմ` նա դաշնակցական է, չէ՞: Դաշնակներն իրենց իշխանության օրոք ամենաշատը խոսում էին կոռուպցիան վերացնելու մասին, բայց արի ու տես, որ ամենակոռումպացված գերատեսչությունը առողջապահական համակարգն է: Գոնե ես շատ լավ գիտեմ, թե էնտեղ ինչ փողեր են պտտվում: Ընդհանրապես, երբ որ Ն. Դավիդյանը նշանակվեց նախարար` ես շատ մեծ հույսեր ունեի, որ նա կկանգնի ու կհայտարարի, որ այսուհետ կաշառք վերցնողը կհեռացվի աշխատանքից: Ինձ մոտ ինքը շատ ազնիվ ու սրտացավ տպավորություն է թողել, բացի այդ, նա իմ ծանոթներից մեկի բարեկամն է: Նրա մասին շատ լավ բաներ եմ լսել, իսկ երբ հեռուստացույցով մի օր տեսա նրա տունը՝ համոզվեցի, որ սա մյուսների պես գռփողներից չէ: Շատ հասարակ մարդ է, բայց, փաստորեն, ինքն էլ չկարողացավ բուժհիմնարկների ալան-թալանը վերացնել»,- պատմում է Սարգիսն ու հավելում, որ վերջերս վատառողջ մորը տարել է պոլիկլինիկա: «Ուրեմն մտել ենք պոլիկլինիկա, անկետայի բաժնի դուռն եմ ծեծում: Մտնում եմ ներս, թե՝ սպասեք, զբաղված ենք… Բայց զբաղված են ոչ թե հիվանդով, այլ՝ սուրճի բաժակ նայելով: Սպասում ենք՝ 10,20,30,40 րոպե: Ջղայնացած նորից մտնում ենք, բարեհաճում են ընդունել, հետո ուղարկում են թերապեւտի մոտ: Մտնում ենք թերապեւտի մոտ, թե՝ ընդմիջման ժամ ա, սպասեք: Ժամը 11:00-ի կողմերն ընդմիջման ժա՞մ է, ասում է՝ չէ, բայց չե՞ք տեսնում, որ հաց ենք ուտում, համբերեք: Ասում եմ՝ ընկերուհի ջան, ծեր կին է, վատ է զգում, կարող է դուք հետո 1 ժամ էլ պիտի քնեք, հանգստանաք, ինչքա՞ն սպասենք: Բա` սպասե՛ք, մենք կկանչենք: Ա՛յ, տենց ներվատրյոպկայով հիվանդ մորս ետ եմ տարել: Իրիկունը վատացավ, լյարդի շրջանում սուր ցավեր սկսվեցին: Ցավերից շունչը կտրվում էր: Զանգեցինք շտապօգնություն, 25 րոպե հետո բարեհաճեցին: Քիթ-մռութով, մուննաթով, ասում եմ՝ ոնց որ պետքն է, նայե՛ք, ու գումար եմ դնում բժշկի գրպանը: Սրա տրամադրությունը միանգամից փոխվում է, ու ժպտալով հետազոտում է: Հետո «Անալգին» սրսկեց, դեղի փողն ուզեց, հետո էլ բենզինի փողն ուզեցին ու գնացին: Մի քանի ժամ հետո մայրս ցավերից լաց էր լինում, բայց չէր թողնում նորից շտապօգնություն կանչեինք: Լուսաբացին տարանք հիվանդանոց, անալիզներ եւ այլն, բուժում, դեղորայք ու բժիշկների ծախսեր: Դե՛, հիմա պատկերացրե՛ք, մարդ, որը ահավոր սուր ցավեր ունի, էդ անտարբեր վերաբերմունքից ընկնում է սթրեսի մեջ, որովհետեւ փոխանակ օգնեն՝ «գրդոն» են անում»,- զայրացած պատմում է Սարգիսը՝ չնշելով հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի անունները, քանի որ մոր առողջությունն ամեն դեպքում նրանցից է կախված:
Կոռուպցիան անխուսափելի է
Վարորդ Խաչիկը բոլորին խորհուրդ է տալիս լինել ազնիվ եւ վերլուծել, թե իրականում ինչո՞ւ են մեր բուժհիմնարկները կոռումպացված: «Եթե մարդիկ աշխատավարձը ստանում են մի 5 ամիս հետո ու ստանում են շատ քիչ գումար, ինչպե՞ս չվերցնեն կաշառք: Եթե ուզում ենք, որ մեր բժիշկները կաշառք չվերցնեն, ուրեմն՝ պիտի պետությունից պահանջենք, որ նրանց աշխատավարձ տա, կարողանան ընտանիք պահել ու ուրիշի ձեռքին չնայել: Դուք կենտրոնացել եք բժիշկների վրա, բայց նայե՛ք, ոստիկանություն, կադաստր, կրթություն, նույնիսկ բարեգործություն անողներն են կոռուպցիա իրականացնում: Որ ուրիշին չնեղացնեմ՝ իմ օրինակը պատմեմ: Երբ որ ես ավել փող չեմ վերցնում՝ էդ օրը ընտանիքս զրկվում ա ամենատարրական բաներից, իսկ երբ սպասում եմ, որ ուղեւորը թողնի՝ չի թողում: Ստիպված սխալ թիվ եմ ասում: Հասկանում եմ, որ չի կարելի, բայց ամեն մարդու համար աշխատանքից առավել ա իրա ընտանիքը: Հիմա էդ խեղճ քույրերը, որ 20.000 դրամ էլ չեն ստանում, ի՞նչ անեն, որ չվերցնեն: Կոռուպցիան կլինի էնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում մարդը կվաստակի միջին աշխատավարձ, կամ էլ ապրելու համար անհրաժեշտությունների գները կնվազեն»,- ասում է նա:
«Միայն փողատեր գանգստերներն են առողջ»
33 տարեկան Արմենը, չնայած երիտասարդ տարիքին՝ վստահ է, որ հետազոտվելու պարագայում՝ իր մոտ լուրջ հիվանդություն կհայտնաբերվի: Նա համոզված է, որ ներկայիս սերունդն առողջ չէ միայն այն պատճառով, որ թերսնված է: «Հաշմանդամ չեմ, բայց վստահ եմ, որ, եթե հետազոտվեմ՝ մի բան կհայտնաբերեն: Էսքան ապրումներից, հիասթափություններից մարդկանց դիմադրողականությունը թուլացել ա: Էսօր կա՞ մի մարդ, որը գոհ ա: Մի հարցով դիմում ես, մինչեւ տեղեկանում ես հիվանդությանդ մասին՝ ծերանում ես: Գնում ես մի հիվանդանոց, ստուգում, ասում են՝ սա ա քո հիվանդությունը, հետո ուրիշ տեղ ես գնում՝ լրիվ ուրիշ բան են ասում, քանի տեղ դիմես՝ էնքան տարբեր հիվանդություն կասեն: Տարբեր հիվանդանոցների բժիշկների ասածն իրար հետ չի համընկնում: Կամ մասնագետները լավը չեն, կամ էլ հիվանդին լուրջ չեն վերաբերվում: Լավ մասնագետներ կան, բայց թանկ հաճույք են, իսկ հիմիկվա փողով ավարտած բժիշկներն ի՞նչ պիտի լինեն: Կարող ա ծիծաղելի ա, բայց հիմա ես վախենում եմ գնալ, ատամներս սարքել, որովհետեւ վերջերս լսեցի, որ ատամից մարդ ա մահացել: Պատճառն արյան վարակումն էր: Ավելի լավ ա բոլոր ատամներս փչանան, միանգամից պրոթեզ դնեմ ու վերջացնեմ, ահավոր վախեցած ու հիասթափված եմ»,- հավատացնում է Արմենն ու հավելում, որ սուտ են այն հայտարարությունները, թե ծննդաբերությունն արվում է պետպատվերի շրջանակներում, անվճար: «Ես ամուսնացած չեմ, երեխա չունեմ, բայց քույրս վերջերս երեխա ունեցավ: Երբ ասում են` անվճար ա՝ մարդու ծիծաղն ա գալիս: Քույրս Մարգարյան հիվանդանոցում ծննդաբերեց: Մտնում ես՝ վճարումներ ես անում, մինչեւ անգամ դուրս գալուց ես վճարում: Լավ նայելու համար փող ես տալիս, սանիտարկան մտնում ա սենյակ, ստից վերմակ ա գցում վրան ու ասում ա` փող տուր, գործ եմ արել: Եթե քույրս մի 10 օր մնար ծննդատանը, հավատացե՛ք, որ տուն, ապրուստ, ինչ կար-չկար` «զալոգ» էինք թողելու: Փառք Աստծո, որ 5 օր հետո դուրս գրեցին»,- պատմում է Արմենը: Իհարկե, նա համոզված է, որ գումար չտալու դեպքում էլ բժիշկներն իրենց աշխատանքը կկատարեն, բայց կնոջ եւ երեխայի մոտ պրոբլեմներ առաջանալու հավանականությունը մեծանում է, քանի որ բժիշկներն «անփող» հիվանդի վրա չեն նայում: «Ծննդաբերելուց հետո երեխային առաջինն իրանք են, չէ՞, լողացնում, ի՞նչ իմանաս` ո՞նց կանեն իրանց գործը: Օրեր առաջ հեռուստացույցով նայում էի 117 տարեկան տատիկի մասին հաղորդում ու զարմանքից կես ժամ չէի կարողանում խոսել: Էդ տատիկն ինչո՞վ ա սնվել ու ո՞նց ա ապրել, որ հասել ա էդ տարիքին: Ասում էին, որ հնարավոր ա` մի 20 տարի էլ ապրի, որովհետեւ ամեն առավոտ արթնանալիս մի բաժակ օղի ա խմում, առանց ակնոցի գիրք ա կարդում: Մեր հասարակության 98%-ն առողջ չէ, իսկ մյուս 2%-ը՝ փողատեր գանգստերներն են, ովքեր մտածելու ու հիասթափվելու առիթ չունեն»,- ասում է Արմենը: