Փետրվարի 27-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ղարաբաղի հակամարտություն. հասկանալ միմյանց» հայ-ադրբեջանական գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրքի հեղինակներից երկուսը` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ գրքի խմբագիր Էլինա Պողոսբեկյանի: Ըստ ԵՄԱ նախագահ Բ. Նավասարդյանը՝ գիրքը լույս է տեսել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
Բ. Նավասարդյանի կարծիքով՝ Ժողովրդական դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվել է, եւ Ղարաբաղյան հարցի լուծման համար նոր առաջարկներ անելու ժամանակն է, ինչն էլ փորձել են գրքում առաջարկել հեղինակները` քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը եւ Ռասիմ Մուսաբեկովը, լրագրողներ Բորիս Նավասարդյանը եւ Արիֆ Ալիեւը:
Հեղինակների հավաստմամբ, գրքում առաջարկվել է Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տրամադրել եւ ներգրավել տարածաշրջանային նախագծերի մեջ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, երբ կողմերը այնքան էլ հակված չեն շուտ կարգավորել ղարաբաղյան խնդիրը, անհրաժեշտ է Հայաստանին ընդգրկել տարածաշրջանային ծրագրերում: ԼՂՀ Արտգործնախարարության Քաղաքական վարչության պետ Իրինա Բեգլարյանը չհամաձայնեց այդ մտքի հետ, ասելով, որ առանց տարածաշրջանի բոլոր պետական միավորների, այդ թվում` չճանաչված, ոչ մի համագործակցություն հնարավոր չէ կայուն ու արդյունավետ լինի: Նա նաեւ նշեց, որ պետք է ձգտել, որ Ղարաբաղը նույնպես ներգրավվի տարածաշրջանային ռազմաքաղաքական եւ տնտեսական ծրագրերի մեջ:
Շնորհանդեսի ընթացքում խոսվեց նաեւ Ստեփան Գրիգորյանի գրքում տեղ գտած «Տարածքներ` անվտանգության դիմաց» նոր բանաձեւի մասին: «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան հասարակական կազմակերպության համակարգող Կարեն Օհանջանյանն ընդգծեց, որ նշված տարածքները ոչ միայն ղարաբաղյան, այլեւ ընդհանուր տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում: Դրանց վերադարձի մասին խոսք լինել չի կարող, եւ դա անվտանգության տեսանկյունից անհեթեթություն կլինի. նշել է նա: