Սումգայիթում կատարվածը պետք է ցեղասպանություն որակել

03/03/2007

«Մեր պահանջն է միջազգային հանրությունից` 1988-1990թթ. Ադրբեջանում հայության նկատմամբ կատարվածը որակել որպես ցեղասպանություն եւ դատապարտել այն: Մեր պահանջն է` հայության իրավունքների վերականգնումը: Սումգայիթի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայության նկատմամբ մեր պահանջի իրագործումը կծառայի տարածաշրջանում հանգստության եւ խաղաղության հաստատմանը»,- նշվում է Արցախի երիտասարդական կազմակերպությունների` Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող համատեղ հայտարարության մեջ: Հայտարարությունն ընդունվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ:

«Հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը համայն մարդկության ողբերգությունն է: Ցեղասպանության ցանկացած ոճրագործություն, ում կողմից եւ ում դեմ էլ այն կատարված լինի, ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ եւ չունի վաղեմության ժամկետ:

Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, պետք է կատարենք մեր պարտքը եւ հասնենք 1988-1990թթ. դեպքերի դատապարտմանը` դրանով իսկ հիշեցնելով բոլորին 20-րդ դարավերջի մեր ողբերգության մասին, կանխենք մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրները: Եվ հուսանք, որ միջազգային հանրությունը, կատարվածին տալով համապատասխան գնահատական, մեկընդմիշտ անհանդուրժող կլինի նման հանցագործությունների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացանք երիտասարդներից, հայտարարությունն ուղարկվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ղարաբաղյան խնդրի կարգավորման եռանախագահող երկրների դեսպանատներին, ՀՀ-ում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, այլ երկրների ներկայացուցչություններին եւ հասարակական կազմակերպություններին: Նույն օրը Սումգայիթյան ոճրագործության զոհերին իրենց հիշատակի տուրքը մատուցելու նպատակով Ստեփանակերտի հուշահամալիր էին այցելել ԼՂՀ կառավարության անդամները` վարչապետ Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ, ԱԺ անդամներ, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, փախստականներ եւ այլն: