Կրթական դաշտն ազատ լինի, մենք էլ փորձաճագար չդառնանք

03/03/2007 Զրուցեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

– Վերջին շրջանում մեր երկրում սկսվել է կրթական համակարգի մի մեծ վերանորոգում։ Արդյոք դա մեզ պե՞տք էր։

– Ընդհանրապես կրթության մեջ փոփոխությունները հասարակարգի փոփոխություններով են պայմանավորված։ 1991թ.-ից հետո մենք ունենք նոր քաղաքացի, նոր մարդ, որը չի կարող չփոխվել։ Հակառակը՝ մեր ողբերգությունն այն է, որ փոփոխությունները հերթի են դրված. սկզբից` քաղաքական, հետո` տնտեսական, հետո` կրթական, եւ այլն։ Դեռ 1994-ին, ես՝ որպես Կրթության եւ Լուսավորության նախարար, անում էի այդ փորձն, ու ինձ ասում էին՝ իսկ ժամանա՞կն է արդյոք։ Ես այն ժամանակ էի դեռ ասում, որ ուշացել ենք։ 10 տարի ընդմիջումից հետո ժամանակն իր պահանջը ներկայացրեց։ Հարցն այն է՝ արմատակա՞ն են արդյոք դրանք։ Ցավոք, ոչ։ Ծրագիրը պետք է ուղղված լինի այսօրվա իրական երեխային։ Հարցը պետք է դրվի այլ կերպ՝ սպասարկո՞ւմ են արդյոք բարեփոխումները երեխայի շահերը։

– 12-ամյա կրթությունն այդ շահերը սպասարկելո՞ւ է։ 12-ամյա կրթությունը ժամանակի անիմաստ ձգձգում չի՞ լինի։ Աշակերտը կձանձրանա եւ այլեւս չի ցանկանա ուսումը շարունակել բարձրագույն հաստատությունում։

– Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Բարձրագույն կրթություն՝ նկատի ունեք դիպլո՞մ։ Դիպլոմավոր գործազուրկների թիվն այնքան շատ է, որ ավելացնելու կարիք չկա։ Դրա համար, երբ խոսում ենք կրթությունից, ես միշտ նկատի եմ ունենում որակը։ Սակայն վերադառնանք դպրոցին։ Չգիտես՝ ինչու, հենց խոսում ենք դպրոցից, միանգամից անցնում ենք բուհին։ Այսօր ապրող մարդկանցից ոչ բոլորն են իրենց ապագան կապում բարձրագույն կրթության հետ, բայց բոլորն են դպրոց գնում։ Մարդ իրավունք ունի` դպրոցում սովորի ու ոչ մի տեղ չդիմի։

– Բայց ծնողները ձգտում են, չէ՞, որ երեխան դպրոցում լավ գիտելիք ստանա, որ հետո բուհ ընդունվի։

– Ես չեմ խոսում ծնողի մասին։ Դպրոցը գործ ունի երեխայի հետ։ Ավելի մարդկային հարց դնենք. 6 տարեկան երեխան դպրոցի շնորհիվ պետք է ձեռք բերի սովորելու, իմանալու հավես։

– Բայց այդ 6 տարեկան երեխան այսօր «Բալիկ ջան, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու» հարցին ի պատասխան` տալիս է այն մասնագիտությունների անունները, որ տալիս է բուհը։

– Նա կրկնում է մեծերին։ Նա նմանակում է։ Եվ դրան էլ պետք է ուշադիր լինենք։ Դրա համար էլ նա անընդհատ փոխում է իր մասնագիտությունը։

– Մեր դպրոցի ֆունկցիան ո՞րն է, օրինակ` լավ խոհարար պատրաստե՞լը։

– Ձեր ասածն ավագ դպրոցի խնդիրն է, երբ երեխան մասնագիտություն է ընտրում՝ 13-14 տարեկանում։ Մինչ այդ երեխան գալիս է դպրոց, որ մեծանա, որ սովորի, որ ընկերանա։ Դպրոցի ֆունկցիան՝ երեխայի զարգացումն է, նրա ձեւավորումը՝ որպես քաղաքացի, մարդ։ Խոչընդոտն այն է, որ ավագ դպրոցը սկսում է թելադրել կրտսերին, հետո բուհն է սկսում թելադրել ավագ դպրոցին։ Եվ բոլորը թելադրանքի տակ են։ Վաղուց պետք էր ունենալ հանրակրթության նոր կառուցվածք։ Կրտսեր երեխայի առանձին դպրոց պետք է կառուցել, որը պաշտպանված կլինի ավագ դպրոցի եւ բուհի թելադրանքից։ Իսկ քոլեջային կրթությունը պետք է մտնի 11-12 դասարան, որպես առանձին ավագ դպրոց։ Մենք ժամանակավրեպ ենք։ Կրթության որակի համապատասխանության ծրագիրը 2004-ից ուժի մեջ է եւ 2008-ին պետք է ավարտվի։ Արդեն 2007թ.-ն է եւ պետության վերցված վարկերը ծախսվում են, սա իրողություն է։ Հիմա խոսելու ժամանակը չէ, պետք է գործել։

– Փաստորեն, այն ինչ ունեինք` վատն էր, եւ ձգտում ենք լավին, այսինքն՝ Արեւմուտքի՞ն։

– Բայց դուք արեւմտյանը որտեղի՞ց գիտեք։ Չեք ապրել, չէ՞, այդ միջավայրում։

– Բայց կարդում եմ, լսում եմ…

– Մենք այնքան վատ ենք կարդում։ Մեր հասարակությունը չկարդացող հասարակություն է։ Այն ժամանակ էլ կարդացող չէինք։ Մի բան կարդում ենք, այլ բան հասկանում։ Մարդկության փորձից չօգտվե՞նք։ Դուք ուզում եք ասել, թե Հայ դպրոցը եսիմ ինչ պատմությո՞ւն ունի։ Հայաստանի դպրոցը 70 տարվա խորհրդային դպրոցն է, դրանից առաջ ծխական դպրոցն էր։ Խորհրդայինի ի՞նչն եք հավանում։

– Ասենք` բազմակողմանի կրթությունը։

– Ոչ, բազմակողմանի կիսակրթությունը։ Զարմացնե՞լը։ Կիսագիտելիքից վատ բան գոյություն չունի։ Ավելի լավ է` գրագետ լինի եւ հավակնություն չունենա։ Խնդիրը մեթոդն է։ Մենք անընդհատ իմանալու պահանջ չենք ունեցել։ Եթե ունենայինք՝ չէինք կորցնի։ Էլ ինչի՞ց ենք վախենում։

– Այս բարեփոխումների ենթատեքստը չենք հասկանում եւ վախենում ենք փորձաճագար դառնալ։

– Վախեցեք միայն մի բանից՝ վախից։ Եթե դու քո ճակատագրի տերն ես, եւ պատասխանատու ես քո որոշումների համար, ինչի՞ց ես վախենում՝ սխալվելո՞ւց։ Եթե դրանից վախենաս, կլինես ուրիշների փորձաճագարը։ Մի եղիր, այլ սեփական ճակատագիրդ տնօրինիր։ Ես երբեք չեմ անում բաներ, որոնց հետ համաձայն չեմ։ Սրանք միջազգային դաշտից բերված բաներ են, հիմա էլ ասենք` հո մենք ճագար չե՞նք։ Ձեզ թվում է Անգլիայում եւ Հայաստանում երեխան տարբե՞ր է: Ոչ։ Ժամանակին համապատասխանեցնելու խնդիրներ կան։ Բայց բոլորը պետք է ներգրավվեն այս պրոցեսին։ Եթե անհատը շահագրգիռ է, նա պետք է օգտվի իր ազատությունից։

– Կրթական բարեփոխումները ենթադրո՞ւմ են կաշառակերության վերացում։

– Բայց էդ կոռուպցիան ի՞նչ է։ Չարենցի ասած՝ չամչի պես գործածական բան։ Կրթության ֆինանսական կողմը նայեք։ Եթե սովորական ուսուցչի աշխատավարձը 50 հազար դրամ է, պրոֆեսիոնալը կարո՞ղ է իրեն պահել։

– Ուրեմն պետք է աշակերտի՞ց վրեժ առնել։

– Իսկ լրագրողն ընթերցողից վրեժ չի՞ առնում։ Մեր իրականությունը թույլ չի տալիս։ Նախ պետք է հեռանկար բացվի։ Անհեռանկարության, սոցիալական անպաշտպանության մեջ հայտնված ուժասպառ դպրոց ունենք ու սրան պատշաճ նախարարություն։ Ո՞ւմ ենք պահանջներ ներկայացնում։ Այդ պահանջները մեզ պետք է ներկայացնենք։ Հիմա մի փուլ է, որ պետք է մի քիչ բարյացակամ գտնվել ու, ամենակարեւորը՝ կրթական դաշտն ավելի ազատ դարձնել։ Ախտը ներսից է, եւ, ինչպես Թումանյանն էր ասում՝ ներսից ենք հիվանդ, ներսից պետք է բուժվենք։