Օսկանյանը կողմ է երկքաղաքացիությանը

01/03/2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե կողմ է երկքաղաքացու քվեարկելու իրավունքին: Նրա համոզմամբ՝ երկքաղաքացին պետք է ունենա բոլոր իրավունքներն ու պարտականությունները, ինչպիսիք ունի սովորական քաղաքացին: «Երկքաղաքացիություն տալով՝ նոր կատեգորիաներ չպետք է ստեղծվեն՝ մեկին՝ առավելություններ, մյուսին՝ նվազ հնարավորություններ ընձեռելով: Բոլորի համար օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում պետք է ստեղծվի հավասար դաշտ՝ իրավունքների եւ պարտավորությունների առումով»,- ասել է Վ. Օսկանյանը: Իսկ երեկ նույն ժամին ԱԺ-ում երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթի՝ երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեել է, որ ՀՀԿ-ի հետ «քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել», ինչի արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարվելու է փոփոխություն, ըստ որի՝ ՀՀ քաղաքացի այն երկքաղաքացիները, ովքեր հաշվառված են մեր երկրում, միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ համահավասար կմասնակցեն հայաստանյան ընտրություններին, իսկ եթե հաշվառված չեն՝ չեն մասնակցի: