Եվ այսպես, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը: Դրա ընդունման օգտին քվեարկել էին 66 պատգամավոր, դեմ էին 5-ը (ՄԱԿ խմբակցությունը): Ընդ որում, քվեարկությունն ուղեկցվեց ՀՀ ԱԺ-ին բնորոշ ձեւով. պատգամավորներից ոմանք սեղմում էին այնքան կոճակ, որքան «բաշարում էին»:
Հիշեցնենք, որ այս փաթեթի ընդունման հիմնական ջատագովը ՀՅԴ-ն էր, իսկ հանրապետականներին դուր չէր գալիս այն, որ երկքաղաքացիներն ունենալու են նաեւ մեր երկրի ընտրություններին մասնակցելու իրավունք: Մինչ այդ օրենսդրական փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի հետ «քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել», ինչի արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարվելու է փոփոխություն, որի իմաստը հետեւյալն է. ՀՀ քաղաքացի այն երկքաղաքացիները, ովքեր հաշվառված են մեր երկրում, միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ համահավասար կմասնակցեն հայաստանյան ընտրություններին, իսկ եթե հաշվառված չեն՝ չեն մասնակցի: Պարզվում է, որ թեեւ երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթին ՀՅԴ-ն կողմ քվեարկեց, սակայն չի բացառվում, որ առաջիկայում դաշնակցականները դիմեն Սահմանադրական դատարան՝ հաշվառման պարտադրանքով երկքաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման հարցով: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության, օրինակ, 50-րդ հոդվածում գրված է. «Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով», եւ որեւէ խոսք չկա այն մասին, որ երկքաղաքացիները պետք է անպայման հաշվառված լինեն: Այնպես որ, չի բացառվում, որ Սահմանադրական դատարանը համապատասխան դիմումի առկայության դեպքում երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչի:
Ի՞նչ է իշխանությունների ուզածը
Միջազգային փաստաթղթերում երկքաղաքացիության գաղափարն առաջին անգամ ի հայտ է եկել 1930 թվականին՝ Հաագայի կոնվենցիայում: Այդ կոնվենցիայի հենց առաջին դրույթում նշված է, որ «երկքաղաքացիությունն անցանկալի է»: Այնուամենայնիվ, դրանում նշված են երկքաղաքացիության առաջացրած հարցերի կարգավորման ընդհանուր դրույթները: Այդ դրույթներին մենք նախկինում անդրադարձել ենք: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է միջազգայնորեն «անցանկալի» որակված երկքաղաքացիությունն այդքան ցանկալի մեր երկրի իշխանությունների ու հատկապես ՀՅԴ-ի համար: Մեր թերթի նախորդ համարներից մեկում փորձել էինք պարզել, թե մեր պետությունը կոնկրետ ի՞նչ խնդիր է ուզում լուծել, որի լուծման համար որպես միջոց է ծառայում երկքաղաքացիության ընդունումը: Փորձել էինք հասկանալ, թե մի՞թե այդ ենթադրյալ նպատակն այնքան կարեւոր է, որ հանուն դրա պատրաստ ենք զոհաբերել կամ հարցականի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը՝ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալով: Կամ արդյո՞ք այդ ենթադրյալ նպատակին հասնելու միակ միջոցը երկքաղաքացիության ընդունումն է: Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը մեզ բացատրել էր, թե «հայ ժողովուրդը, որը ճակատագրի բերումով հայտնվել է կիսված վիճակում, երկքաղաքացիության ամրագրումով վերականգնում է այն արդարությունը, որը գործվել է մի ամբողջ ժողովրդի նկատմամբ»: Հիշեցնենք նաեւ, որ 2005-ի նոյեմբերին «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ Դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել էր նրանով, թե դա հնարավորություն կտա «համազգային խնդիրներ լուծել»: Կ. Մանոյանը նաեւ ասել էր, թե այդ օրենքի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիների թիվը կարող է ավելանալ ու հասնել ինը միլիոնի: Այլ, քիչ թե շատ ոչ զգացական, հաշվարկված ու փաստարկված հիմնավորում երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտության մասին մինչ օրս չի հնչել: Հիմա ի՞նչ, հարգելի ընթերցող, քեզ բավարարո՞ւմ են այս «հիմնավորումները»: Ինչ-որ բարոյական, «կիսված ազգը միավորելու», «պատմական արդարությունը վերականգնելու», «համազգային խնդիրներ լուծելու» ու նման այլ ճռճռան ձեւակերպումներով, զուտ զգացական բնույթի ինչ-ինչ հարցեր լուծելու համար, արժե՞ հարցականի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը: Չարժե: Իսկ ինչո՞ւ են մեր իշխանություններն այդքան շատ ուզում, որ այն ընդունվի: Մի՞թե նրանք մեր թշնամիներն են: Հազիվ թե: Այդ դեպքում՝ ի՞նչ է նրանց ուզածը: Ի՞նչ կշահեն իշխանությունները, մասնավորապես` ՀՅԴ-ն, երկքաղաքացիության ընդունմամբ: Պարզապես այդ օրենքը ՀՅԴ-ին հնարավորություն կտա օրինականացնել իր գործունեությունը Հայաստանում (ՀՅԴ-ն ոչ ՀՀ քաղաքացի բազմաթիվ անդամներ ունի, ու, բացի դա էլ, ըստ որոշ լուրերի, ֆինանսավորվում է դրսից: Այս ամենը մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով արգելվում է: Վերջապես պետք չէ մոռանալ, որ 1998-ի սկզբին ՀՅԴ-ն ՀՀ-ում իր գործունեությունը վերսկսեց «իրավիճակի փոփոխության պատճառով», այլ ոչ թե օրենքի պահանջները բավարարելու արդյունքում): Երկքաղաքացիության ընդունման մյուս «օգուտն» էլ այն է լինելու, որ շուտով որոշ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն ամեն օր կսկսվեն ու կավարտվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին արձանագրված հերթական բարոյական հաղթանակի մասին պատմող ռեպորտաժներով, այլ նաեւ` ՀՀ քաղաքացիների շարքերը համալրող երկքաղաքացիների մասին պատմող ռեպորտաժներով: Յուրաքանչյուր օր հեռուստաընկերությունները մեզ կտեղեկացնեն, որ, ասենք, Կոլորադոյում ապրող, աշխարհահռչակ նկարիչ տիկին Մադլեն Եզըճյանը, հայրենիքի հանդեպ սիրուց սաստիկ տոգորված, որոշել է դառնալ նաեւ ՀՀ քաղաքացի: Ցույց կտան, թե ինչպես, օրինակ, մի քիչ թե շատ հայտնի մարդ, հատուկ ժամանել է մեր երկիր, որպեսզի մասնակցի մեր երկրի նախագահի ընտրությանը: Մենք դրանից մեզ շոյված կզգանք ու բարոյական հերթական հաղթանակը կտոնենք: Այսինքն՝ ինչպես եւ ցեղասպանության ճանաչման հարցը, այս հարցը եւս մեր իշխանությունների կողմից օգտագործվելու է տեսարաններ ապահովելու համար, բարոյական հաղթանակների թիվը շատացնելու համար, հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից ու պետության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ձախողումներից շեղելու համար…: Վերջապես ժամանակ առ ժամանակ պետք է փոխել կամ գոնե թարմացնել տեսարաններ եւ բարոյական հաղթանակներ ապահովող աղբյուրները, թե չէ ժամանակի ընթացքում հին աղբյուրները կարող են կորցնել իրենց ուժը (տեսնես էն «Արմենիկումն» ի՞նչ եղավ): Այսպիսով, երկքաղաքացիության ընդունմամբ մեր իշխանությունները, մասնավորապես` ՀՅԴ-ն, շահագրգռված են, որովհետեւ այն կարող է ապահովել լրացուցիչ տեսարաններ, բարոյական հաղթանակներ, իսկ ՀՅԴ-ն էլ, այս ամենին զուգահեռ, հնարավորություն կստանա, առանց իր ներսում որեւէ բան փոխելու, կարգավորել իր խնդիրները մեր երկրի օրենսդրության հետ: Հասկանո՞ւմ են իշխանությունները, որ իրենց խմբակային շահերի ապահովման արդյունքում զոհասեղանին են դնում մեր երկրի ինքնիշխանությունը: Եթե՝ այո, ուրեմն՝ նրանք թքած ունեն մեր երկրի ու մեզ վրա, եւ պետք է նրանց փոխել: Եթե՝ ոչ, ուրեմն՝ առավելեւս, պետք է նրանց փոխել: