Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հայտարարել է, որ մինչեւ այս գումարման ԱԺ նստաշրջանի ավարտը Հ1-ը կշարունակի հեռարձակել խորհրդարանական հաղորդումները: Այսինքն՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, պատգամավորների հայտարարությունները եւ «Խորհրդարանական շաբաթը» հաղորդումը: Ա. Հարությունյանի հավաստմամբ, ինքն այս մասին տեղյակ է պահել ԱԺ ղեկավարությանը, իսկ ինչ վերաբերում է մայիսի 12-ի ընտրություններից հետո՝ չորրորդ գումարման ԱԺ-ի վերոնշյալ հաղորդումները հեռարձակելուն, ապա, ինչպես նշեց Ա. Հարությունյանը, դա կքննարկվի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ նոր ղեկավարության հետ: Ա. Հարությունյանը, սակայն, տեղեկացրել է, որ եթե ԱԺ-ն ցանկանա շարունակել իր հաղորդումների հեռարձակումը հանրային հեռուստատեսությամբ, ապա հեռուստաընկերությունը նրան կընդառաջի: Նա նաեւ հայտարարել է, որ այդ հաղորդումները Հանրային ռադիոյով կշարունակեն հեռարձակվել նախկինի նման՝ ուղիղ եթերով, իսկ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդումը կհեռարձակվի ոչ թե ժամը 21:00-ին, այլ՝ 20:00-ին՝ առանց որեւէ փոփոխության եւ խմբագրական միջամտության: Իսկ ինչ վերաբերում է հայտարարություններին եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, ապա դրանք, ինչպես նշեց Ա. Հարությունյանը, կհեռարձակվեն ավելի սեղմ տարբերակով եւ նույն օրը: «Բոլոր խմբակցությունների հարցերը եւ հայտարարությունները հեռարձակվելու են: Չի լինի որեւէ խմբակցություն, ում հայտարարությունը կամ հարցը դուրս կմնա հաղորդումներից»,- ասել է նա: