Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հերթական հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի կեսերին, եվրոպական որեւէ մայրաքաղաքում: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը՝ Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգայի հետ համատեղ ասուլիսում: Վերջինս էլ՝ վստահեցնելով, որ Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը, նկատել է. «Պետք է ծավալվի խաղաղ բանակցային գործընթաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Մինսկի խմբի համանախագահների ջանքերով խնդրին տրվի հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում: Դա բխում է եւ՛ Հարավային Կովկասի, եւ՛ միջազգային հանրության շահերից, քանի որ ԼՂ հակամարտությունն ազդում է նաեւ տարածաշրջանային անվտանգության վրա»: Ա. Ֆոտիգան նաեւ նշել է, թե ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ չեն մեկնաբանել իր խոսքերը` նշելով, թե ինքն իբր կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: