Թուրքերը կողմ են Հայաստանի հետ կապերի սերտացմանը

01/03/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Թուրքիայի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ չնայած երկրի ներքին սոցիալական հակասություններին եւ լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ հնչած լոզունգների նկատմամբ առարկություններին, թուրքերը կողմ են Երեւանի հետ կապերի սերտացմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին հաղորդում է TDN-ի պառլամենտական բյուրոն (Անկարա)։

Հարցումը պարզել է, որ Թուրքիայի սոցիալ-քաղաքական հակասությունները եւ ձեւավորված վերաբերմունքը խոչընդոտ չեն հանդիսանում հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհին՝ անկախ նրանից, որքան վատ են նրանք տրամադրված Թուրքիայի նկատմամբ։

Ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների «Մետրոպոլ» կենտրոնը փետրվարին անց է կացրել հարցում՝ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ։ Հարցումը մեկ անգամ եւս երեւան է հանել քաղաքական դաշտում տիրող ակնհայտ հակասությունները, սակայն, միեւնույն ժամանակ, նշվել է, որ դրանք կարող են օգտակար լինել՝ վերջին զարգացումներն ավելի լավ հասկանալու համար։ Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցմանը մասնակցել է 2403 մարդ՝ Թուրքիայի 27 շրջաններից։

Լրագրող Հրանտ Դինքը, ով հայկական ազգային փոքրամասնության անդամ էր եւ «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, հունվարի 19-ին սպանվեց 17-ամյա Օգյուն Սամաստի կողմից։ Հոդվածներում արտահայտած նրա մտքերը որոշ ծայրահեղական խմբավորումների կողմից ընկալվել էին որպես վիրավորանք։ Դինքը դատապարտվեց 6-ամսյա ազատազրկման՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով։ Դինքի հուղարկավորությանը մասնակցեցին հազարավոր մարդիկ, որոնց պաստառների վրա գրված էր` «Մենք բոլորս հայ ենք» եւ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։ Այս լոզունգների նկատմամբ բազում քննադատություններ հնչեցին մի քանի աջ-ծայրահեղական խմբավորումների կողմից, սակայն հարցումը ցույց է տալիս, որ վերջիններիս կարծիքն արտահայտում է թուրք հանրության ընդհանուր վերաբերմունքը։ Հարցման արդյունքներով, սովորական թուրքերը երկու լոզունգներին էլ քննադատաբար են վերաբերվում։ Մասնավորապես, թուրքերի 86%-ը դեմ է «Մենք բոլորս հայ ենք» կոչին, իսկ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»-ին դեմ են արտահայտվել 67%-ը։ «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության ղեկավար Ուֆուկ Ուրասի կարծիքով, հարցման արդյունքները ոգեւորիչ են, թեեւ առաջին հայացքից դրանք կարող են հակասական թվալ։ Լոզունգների նկատմամբ հակադրվածությունը նա համարում է ոչ թե հանրության իրական կարծիք, այլ ավելի շատ հուղարկավորությանը հաջորդած հակաքարոզչության արդյունք։ Հարցվածների 68.9%-ի կարծիքով` Դինքի սպանությունը միանշանակ կատարվել է քրեական խմբավորման կողմից։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, թուրքերի 47.5%-ը կողմ է այս երկրի հետ քաղաքական եւ տնտեսական կապերի բարելավմանը։ Ընդհանրապես հարաբերություններ չունենալուն կողմ է արտահայտվել միայն 16.6%-ը։ Գրեթե նույն պատկերն է հայ-թուրքական սահմանի բացման հարցում. 47.8 տոկոսն աջակցում է այս գաղափարին։

«Turkish Daily News»-ի լրագրող Սեմիհ Իդիզի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարված հարաբերություններն արտահայտում են ոչ թե երկրի նկատմամբ իրական վերաբերմունքը, այլ ուժեղ հայկական Սփյուռքի հակադրվածությունը Թուրքիային։

Իդիզը նշել է, որ Երեւանում գերիշխող ազգայնական մտածելակերպը հիմնականում պայմանավորված է Սփյուռքի գործոնով։

Բյուլենթ Սոմեյը՝ Բիլգի Համալսարանից, գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է անգամ Ազգային շարժման կուսակցության որոշ աջ-ծայրահեղական ազգայնականների սրտով լինել։ «Իրականությունը կարող է ոգեւորիչ թվալ, սակայն դա այդպես չէ»,- ասել է նա։

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ չնայած քաղաքական լարվածությանը եւ տնտեսական դժվարություններին, թուրքերն ընդհանուր առմամբ երջանիկ ժողովուրդ են. հարցվածների 58%-ն իրենց համարել են երջանիկ կամ շատ երջանիկ։ Հարցվածների ընդամենը 18.3 %-ն են իրենց ոչ երջանիկ համարել։ Հարցումը փորձել է նախագահական ընտրությունների մեկնարկից երկու ամիս առաջ պարզել, թե թուրքերի կարծիքով ո՞վ է լինելու իրենց երկրի հաջորդ նախագահը։ Հարցվածների 50.3%-ը պատկերացում չունի, թե դա ով կլինի։ Այդուհանդերձ, թուրքերի 57.3%-ը չի ցանկանում նախագահական աթոռին տեսնել ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Նրան աջակցում է բնակչության 15.8%-ը։

Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլին, հարցվածների 57.3%-ը գտնում է, որ եթե Էրդողանը դառնա նախագահ, Գյուլը կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Սակայն ավելի հետաքրքիր է այն, որ նախագահական ընտրություններին Գյուլի թեկնածությունը պատրաստ են պաշտպանել ավելի մեծ թվով մարդիկ, քան Էրդողանի դեպքում՝ 24.3%-ը։