Թուրք ինժեներ Մելիհ Վիդինլին Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան 150 մլն եվրո գումարի հայց է ներկայացրել Հայաստանի իշխանությունների դեմ: Դա այն վնասների չափն է, որն, իբր, նրա ֆիրման կրել է «հայերի ցեղասպանության հարցում Երեւանի վարած քաղաքականության պատճառով»: «Ստրասբուրգի դատարանին ներկայացված դիմումում, մասնավորապես, պնդվում է, որ հայերի ցեղասպանության հարցում Հայաստանի վարած քաղաքականության պատճառով ընկերությունը, որը թուրք է ներկայացնում, չի կարողացել շահել մի շարք հայտամրցույթներ եւ արդյունքում՝ խոշոր նյութական ու հոգեւոր վնասներ է կրել»,- գրել է է «Հյուրիեթը»: Հայցվորը պնդում է, որ Երեւանի որդեգրած դիրքորոշումը հակասում է Եվրախորհրդի սկզբունքներին ու որոշումներին, որի անդամ է Հայաստանը: «Միջազգային հարաբերություններում Հայաստանի գործունեությունը հանցակազմ է բովանդակում, եւ Թուրքիայի Հանրապետության ներքին իրավունքի շրջանակներում նրա նկատմամբ դատավարություն անցկացնելու անհնարինության կապակցությամբ` ընկնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ»,- դատարանին ուղղված դիմումում մատնանշել է թուրք ինժեները: Որպես իր ճշմարտացիության ապացույցներ՝ Վիդինլին հայցին կցել է Հայաստանի Սահմանադրության տեքստը, հայկական իշխանությունների հայտարարությունները, հայտամրցույթների անցկացման պայմանները կանոնակարգող հրահանգներ եւ թերթերից արված զանազան քաղվածքներ: «Հյուրիեթը» նշում է, որ Վիդինլին ավելի վաղ Ստրասբուրգի դատարան հայց է ներկայացրել Հունաստանի իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված անջատողական Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար: Այդ հայցի նյութական բաղադրիչը, որի վերաբերյալ որոշում դեռեւս չի կայացվել, թուրքի կողմից սահմանվել է 500 հազար դոլար: