Տարվա այս եղանակին գյուղաբնակ մեր հայրենակիցներին անհանգստացնող խնդիրները հիմնականում կապված են գյուղատնտեսության հետ: Գյուղացիները մտածում են հողը մշակելու համար միջոցներ՝ գումար, ապա նաեւ` տեխնիկա, սերմացու գտնելու մասին:
Գարնանը գյուղամեջերում խմբված մարդկանց զրուցելու թեման սովորաբար այս խնդիրներից հեռու չի անցնում: Բայց 4-5 տարին մեկ գյուղացու հետաքրքրություններին ավելանում է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր թեմա՝ քաղաքականությունը:
4-5 տարին մեկ երկրում տեղի են ունենում Ազգային ժողովի եւ նախագահի ընտրություններ, եւ գյուղացին գարնանային հոգսերից բացի` մի քիչ էլ պետական հարցերով է զբաղվում: Այս օրինաչափությանը համաձայն, Նոյեմբերյանի Կողբ գյուղի կենտրոնում խմբված գյուղացիներն էլ, իրենց վարուցանքի հոգսերին զուգահեռ, նաեւ քաղաքական վերլուծություններ էին անում:
«Դե, գիտե՞ք ինչ կա, մենք գյուղացի լինելուց բացի, նաեւ ընտրող ենք,- պահի կարեւորությունը գիտակցելով՝ ասում է մի տարեց կողբեցի,- Ու 4-5 տարին մեկ ընտրություններին ձեր քաղաքացիները մեզ հանկարծ հիշում են: Ջիփերով ու սիրուն-սիրուն հագնված գալիս են գեղերանքը, մտնում են հողագործների մեջ ու սկսում են մեր դարդերից խոսել, իբր թե՝ տեսեք, մենք էլ ձեր նման հասարակ մարդիկ ենք ու մտահոգ ենք ձեր դարդ ու ցավերով: Մենք էլ ասում ենք՝ բարով եք եկել: Հեռվից զրուցելով գալիս են ու արանքում էլ սկսում են իրենց փորացավից զրուցել՝ մեզ ընտրեք, որ ձեզ համար լավ լինի: Ընտրվելուց հետո էլ մինչեւ մյուս ընտրությունները մոռանում են մեր դարդ ու ցավերը, մոռանում են իրենց եկած ճամփեն: Հիմա նորից սեզոնը բացվել է, արդեն «արագիլները» գալիս են»:
Նոյեմբերյանը Հայաստանի մյուս շրջաններից տարբերվում է նրանով, որ ընդհանուր սահման ունի նախկին Խորհրդային Միության երկու հանրապետությունների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Նույնիսկ Վրաստանի սահմանամերձ գյուղերում հիմնականում ադրբեջանցիներ են ապրում: Իսկ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող գյուղերի բավականին շատ հողատարածքներ այսօր չեն մշակվում, քանի որ գտնվում են ադրբեջանցիների կրակակետերի տակ եւ ականապատված են: Օրինակ, Բարեկամավանի մոտ 450 հեկտար հողատարածք հենց այդ պատճառով չի մշակվում: Գրեթե նույնքան ականապատված հող ունի նաեւ Նոյեմբերյան քաղաքը: Նոյեմբերյանը համարվում է Հայաստանի սոցիալապես առավել անապահով շրջաններից մեկը: Եվ այդ վատ վիճակն էլ ավելի վատացավ, երբ անցած տարի փակվեց Բագրատաշենի՝ Սադախլոյի շուկան: Հիմա նրանք գյուղատնտեսությամբ զբաղվում են բավականին դժկամությամբ, որովհետեւ չգիտեն, թե որտեղ են իրացնելու աշնանը հավաքած բերքը: Նոյեմբերյանցիներն ունեն մեկ այլ մեծ խնդիր՝ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը: Տեղական ու հանրապետական մասշտաբի բոլոր ընտրություններից առաջ թեկնածուները խոստանում են լուծել այդ հարցը, բայց հետո հեշտությամբ էլ մոռանում են: Հիմա նրանք սպասում են, թե այդ մասին ի՞նչ խոստումներ են պատրաստել Երեւանից եկող «ընտրյալները»:
Նոյեմբերյանն իր աշխարհագրական դիրքից բացի` Հայաստանի քարտեզի վրա հայտնի է որպես թիվ 40 ընտրատարածք եւ ունի մոտ 50.000 ընտրող: Եվ ահա այդ ընտրատարածքից այս անգամ պատգամավոր են ուզում դառնալ Կողբ գյուղում ծնված, բայց Երեւանում ապրող Լեւոն Անանյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահը, եւ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը՝ գործարար Հրանտ Վարդանյանի ավագ որդին: Նոյեմբերյանում խոսում են, որ բացի այս երկուսից, իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն ունի նաեւ մեկ այլ նոյեմբերյանցի՝ գործարար Արման Ամիրաղյանը: Վերջինս նույնպես բնակվում է Երեւանում եւ զբաղվում է վառելանյութի ներկրմամբ: Նրան է պատկանում «Արմանօյլ» ընկերությունը: Բացի այդ, Ա. Ամիրաղյանն աշնանն ընդունվել է Հանրապետական կուսակցության շարքերը: Սակայն տեղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ հիմնական պայքարը գնալու է Լեւոն Անանյանի եւ Միքայել Վարդանյանի միջեւ: Նոյեմբերյանի ներկա պատգամավոր Հովիկ Աբովյանն այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրելու: Ասում են՝ նրան Երեւանում պաշտոն են խոստացել: Հիշեցնենք, որ Լ. Անանյանը հայրենի շրջանից պատգամավոր ընտրվելու համար իր թեկնածությունն առաջադրել էր նաեւ 2002թ., սակայն պարտվել էր Հ. Աբովյանին: Իսկ Մ. Վարդանյանը 2003թ. պատգամավոր էր դարձել դաշնակցության համամասնական ցուցակով: Ա. Ամիրաղյանի մասին էլ լսել են, թե նա մինչեւ ընտրություններն իր թեկնածությունը հանելու է, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը պաշտպանելու է Մ. Վարդանյանին: Նոյեմբերյանցիները հարգանքով էին խոսում հատկապես Լ. Անանյանի մասին, եւ զգացվում էր, որ նրանք տրամադրված են ընտրել իրենց հայրենակցին:
«Գիտենք, որ փող չունի, բայց մեր հող ու ջրի մարդ է, մեր դարդ ու ցավից հասկանում է,- ասում է նոյեմբերյանցի Հակոբը: -Քաղաքում ծնված էդ ջահելն ինչի՞ պիտի մեր պատգամավորը դառնա»:
Վարդանյանների ընտանիքը ժամանակին նոյեմբերյանցիներին պատվիրել է թութուն մշակել եւ իրենց հանձնել: Սակայն թութունի դիմաց գյուղացիներին վճարել էին պայմանավորվածից ավելի քիչ գումար:
Մ. Վարդանյանի հույսը հավանաբար Տավուշի այն մի քանի գյուղերն են, որոնք ընդգրկվել են թիվ 40 ընտրատարածքում: Տավուշում Վարդանյանների համար դեռ թութուն ցանում են: Ի դեպ, թիվ 40 ընտրատարածքը բավականին բարդ տեղամաս է այն առումով, որ իր մեջ գյուղեր է ընդգրկում նաեւ հարեւան Իջեւանի, Տավուշի եւ Ալավերդու շրջաններից: Այդ տարածքի ընտրողները խոսում էին նաեւ այն մասին, որ առաջիկա ընտրություններն իրենց մոտ բավականին բուռն են լինելու: Որոշ նոյեմբերյանցիներ ասում էին, թե ուզում են ընտրել Լ. Անանյանին, սակայն վախենում են, որ հաղթի իշխանությունների ներկայացուցիչ Մ. Վարդանյանը: «Դե, նրա ետեւում իշխանություն կա կանգնած, նրա հերը շատ փող ունի,- ասում էին Կողբի գյուղամիջում խմբված մարդիկ: -Արդեն սկսել են փող բաժանել: Մարզպետն էլ գյուղապետերին արդեն կանչել ու հրահանգել է, որ էդ տղու համար աշխատեն»:
Իսկ ավելի համարձակներն էլ խոստանում էին պայքարել արդար ընտրություններ անցկացնելու համար: Թեպետ մտավախություն ունեն, թե Լ. Անանյանը չի դիմանա իշխանությունների ճնշումներին եւ պայքարից դուրս կգա: Բոլոր դեպքերում` նոյեմբերյանցիները որոշել են կանգնել իրենց հայրենակցի կողքին: «Հիշո՞ւմ եք 1999թ. ընտրությունների ժամանակ ինչպես թասիբի ընկանք ու ընտրեցինք Վանոյին»,- հիշում էին նոյեմբերյանցիները:
Հենց այս թասիբի գործոնը կարող է բավականին մեծ աղմուկ առաջացնել եւ ընտրությունները Նոյեմբերյանում դարձնել շատ բուռն: