Անվիճելի ճշմարտություն է, որ «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը»: Մենք՝ հայերս, եւս բացառություն չենք: Թերեւս, դժվար թե լինի մեկը, որ կարողանա համոզել, թե մեր իշխանություններին մենք չենք ընտրում:
Ճի՞շտ, թե՞ սխալ, հապճե՞պ, թե՞ երկար մտածված, նեղ անձնական շահերո՞վ, թե՞ համընդհանուր ակնկալիքներով պայմանավորված՝ սա հարցի մյուս կողմն է: Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրը կանգնում է անցյալը վերարժեւորելու, ունեցածը գնահատելու եւ ապագային ուղղված քայլ կատարելու առջեւ: Մեր բոլորի համար նմանատիպ մի պահ է 2007թ. Ազգային ժողովի ընտրությունները: ԱԺ-ի մեր իսկ կողմից ընտրված պատգամավորներն այն ընտրյալ քաղաքացիներն են, որոնց մենք լիազորում ենք մեր փոխարեն կայացնելու որոշումներ, մեզ համար ընդունելու օրենքներ, պատկերավոր ասած, ժամանակավորապես «տնօրինելու» երկրի ներկան ու ապագան: Եվ ահա այս չափազանց կարեւոր ու կենսական գործում էական նշանակություն ունի, թե ում ենք մենք ընտրում, հայի, անհատի, քաղաքացու ինչպիսի՞ կերպար է մեզ ու պետությանն անհրաժեշտ: Եվ սա վերաբերում է ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով ընտրվողների պարագային: Ի վերջո, քաղաքական թիմը՝ կուսակցությունն ու դաշինքը, եւս անհատների մի խումբ է: Հետադարձ հայացք գցելով նախորդ ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա՝ կարելի է ընդհանուր գծերով ուրվագծել ընտրյալի այն կերպարները, որոնց նախընտրել է ընտրողը մյուս թեկնածուներից: Իսկ եզրակացությունները բնավ էլ անակնկալ չեն եւ մեծամասամբ բնորոշ են տվյալ ժամանակահատվածում ժողովրդի քաղաքական եւ սոցիալական պահանջներին: Ազգային վերածննդի, համազգային շարժման, անկախ պետականության վերականգնման օրերին, երբ ժողովուրդը գտնվում էր խորը զգացմունքային ապրումների մեջ, ձեւավորվեց ՀՀ Գերագույն խորհուրդը (1990-1995թթ.): Այն հիմնականում բաղկացած էր շարժման կարկառուն ներկայացուցիչներից եւ երկրում դեռեւս մեծ լծակների տիրապետող կոմունիստական գործիչներից: 1995թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին արդեն էապես փոխվել էին եւ՛ ժողովրդի պահանջմունքներն ու ակնկալիքները, եւ՛ քաղաքական էլիտայի, որպես ընտրյալի հիմնական թեկնածուի` քաղաքական վարքագիծը: Ժողովրդի վրա մեծապես ազդել էր Արցախյան ազատամարտը՝ պատերազմին բնորոշ իր բոլոր հետեւանքներով, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները՝ մութը, ցուրտը եւ սովը, իսկ քաղաքական էլիտան շփոթված անակնկալ հաջողություններից ու հարստացումից` օտարվել էր ժողովրդից ու վարկաբեկվել: Արդյունքում, թեկնածուները գնացին ընտրակաշառքների բաժանման ու ընտրակեղծիքների ճանապարհով: Իսկ ժողովուրդը, թեեւ ըմբոստության ինչ-որ նշաններ ցույց տվեց, սակայն հիմնականում ընդունեց ընտրակաշառքները՝ ուղղորդվելով «շնից մազ պոկելու» հայտնի ասացվածքով: Առաջին գումարման ԱԺ-ն իր կազմով էապես տարբերվեց ՀՀ ԳԽ-ի կազմից: Զգալիորեն պակասեցին ինչպես կոմունիստ պատգամավորները, այնպես էլ` համազգային շարժման ներկայացուցիչները: «Կռված տղա» անվան տակ Ազգային ժողով մուտք գործեցին թաղային հեղինակություններ ու նորելուկ մեծահարուստներ: Բացառիկ վերելքի նշաններ նկատվեցին 1999թ. ԱԺ ընտրություններում, երբ միասին՝ մեկ դաշինքով ընտրության հայտ ներկայացրեցին այդ ժամանակաշրջանում մեծ հեղինակություն վայելող Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը: Մեկ միավորի մեջ կենտրոնացվեցին ժողովրդի այդ պահի քաղաքական ու սոցիալ-տնտեսական ակնկալիքները՝ Խորհրդային Միության մասին հիշողությունները եւ նորանկախ Հայաստանի նվաճումները: Սակայն «Հոկտեմբերի 27»-ի ողբերգությունը գլխատեց 2-րդ գումարման ԱԺ-ն՝ մինչեւ 2003թ. այն թողնելով կիսակաթվածահար վիճակում: Հիմնական քաղաքական ուժի մասնատումից հետո ակտիվ քաղաքականությամբ սկսեցին զբաղվել նորելուկ, իշխանությունների կողմից կառավարվող կուսակցություններ: Որակական նոր փոփոխություններ կրեց 2003թ. 3-րդ գումարման ԱԺ-ն: Երկրի քաղաքական կայունության, սոցիալ-տնտեսական վիճակի քիչ թե շատ բարելավման արդյունքում փոփոխությունների էին ենթարկվել նաեւ ժողովրդի պահանջմունքները: Քաղաքական պահանջմունքների համեմատ էապես աճել էին նրա սոցիալական պահանջմունքները: Բնակչության մեծ մասի համար կայուն զարգացումն ավելի գերադասելի էր, քան ցնցումները: Միաժամանակ փոխվել էին ընտրյալի վերաբերյալ եւ՛ հասարակության, եւ՛ «էլիտայի» պատկերացումները: Ջիպը, թիկնազորը, սարի գագաթին մեծ, շատ մեծ առանձնատունը, Զիլի կոստյումն ու նախագահի դաբրոն դարձել էին չափորոշիչներ ընտրանու կազմում ներգրավվելու համար:
Իրենց հերթին քաղաքական ուժերն ու պատգամավորության թեկնածուներն այս անգամ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ միայն ընտրվելու համար հատկացվող նյութական ռեսուրսներին, այլեւ նորագույն քաղաքական տեխնոլոգիաներին: Արդյունքում, ԱԺ-ում հայտնվեցին գործով վստահություն ձեռք բերած կայունության երաշխավորներ, պոպուլիզմով ու նոր արեւմտյան տեխնոլոգիաներ սերտած նորելուկներ ու քաղաքականությունից ահավոր հեռու գործարարներ:
Օր օրի արդեն նախանշվում են 2007թ. խորհրդարանական ընտրությունների «առաջարկի ու պահանջարկի» սահմանները: Խորհրդային Միության «լավ ու բարի» տարիներից, 1988-ի ազգային զարթոնքից մնացել են մշուշոտ հիշողություններ: Դրա վառ վկայությունը կոմունիստական կուսակցությունների եւ ՀՀՇ-ի զրոյին մոտ վարկանիշն է: Հասարակության համար ավելի ու ավելի առաջնահերթ են դառնում սոցիալական խնդիների լուծումները, որի հետեւանքով էապես աճել է սոցիալական ծառայություններ (թերեւս` դեռ անորակ) առաջարկող քաղաքական ուժերի վարկանիշը (ԲՀԿ, ԺԿ): Տարիների ընթացքում համոզվելով, որ ամեն ինչի միանգամից անհնար է հասնել՝ մարդիկ շարժվում են եղածն ավելացնելու, զարգացնելու ճանապարհով, այլ ոչ թե` հույսով, որ մի օր երկնքից մանանա է թափվելու: Ներքուստ բոլորն էլ հստակ գիտակցում են, որ կարեւորը կայուն ու անվտանգ շարունակությունն է: «Այսպես էլ մնա` վատ չի» եւ «Աստված էլ բեթարից ազատի» արտահայտությունները լիովին բնորոշում են ժողովրդի ներկա պահանջմունքները: Քաղաքական ուժերն էլ, իրենց հերթին, ավելի շատ են սկսել դիմել սոցիալական ծրագրերին, միաժամանակ հստակ գիտակցելով, որ եկել է ռոմանտիզմն իրատեսական ծրագրերով փոխարինելու ժամանակը: Այս ամենը զուգորդվում է քաղաքական դաշտում ուժերի եւ ռեսուրսների կոնսոլիդացիայով, քանզի ընտրվելու հայտ ներկայացնողների թվի աճը բերել է մրցակցության ուժեղացմանը: Ընտրյալի թեկնածուներն ավելի ու ավելի շատ են սկսել դիմել նորագույն քաղաքական տեխնոլոգիաներին: Եթե երկու բառով փորձենք կանխատեսել ապագա խորհրդարանի պատկերը, ապա կստացվի, որ մեր ընտրյալներն են լինելու սոցիալական ռեալ ծրագրեր առաջարկող, նյութական եւ մարդկային ռեսուրսներն արդյունավետ համախմբած քաղաքական ուժերն ու անհատները: Եվ բնավ էլ զարմանալի չի լինի, եթե շատ ցածր արդյունքներ արձանագրեն պոպուլիզմից, ռոմանտիզմից ամուր կառչած, բազմիցս իրենց կրկնած եւ գաղափարի կամ գոնե նպատակի շուրջ այդպես էլ չմիավորված քաղաքական ուժերը:
Ամեն դեպքում, ինչպիսի արդյունքներ էլ արձանագրվեն մայիսի 12-ին, խորապես համոզված ենք, որ մենք արժանի ենք լինելու մեր ձեւավորած իշխանությանը: