Յյուրաքանչյուրն ինքն է ընտրում իր քարոզչության հիմնական միջոցները

01/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Հայաստանյան քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի կողմից կիրառվող քարոզչական հնարքների վերլուծության «ճանապարհին» մեր «գնացքը» մոտեցավ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) «կայարանին»: Հենց «կայարանի» շքամուտքում հանդիպում ենք մի մեծ քարոզչական պաստառի, որի վրա կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի վարդագույն վերնաշապիկով մեծադիր նկարն է եւ ոսկե տառերով կարգախոսը (ինչպես մեր հոդվածագիրն էր շատ ճիշտ բնորոշել)՝ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՐ ԱՆՈՒՆՆ ԷԼ Ա ՏՎԵԼ:

2002 թվականին հիմնադրված այս կուսակցությունն իր աստեղային ժամն ապրեց 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելով եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում խմբակցություն ունենալով: Ընդհանուր առմամբ, այս կուսակցության ներկայացուցիչները եւ Գուրգեն Արսենյանը միշտ պարծենում էին, որ կարողացան 2003 թվականին ճիշտ բիզնես-ծրագիր իրականացնել եւ հաղթել ընտրություններում: Հարկ է նշել, որ ՄԱԿ 2003թ. նախընտրական քարոզչությունը բավականին գրագետ էր կազմակերպված եւ իր բնույթով տարբերվում էր մյուս քաղաքական ուժերի քարոզչությունից: ՄԱԿ-ի համար քարոզչություն էին իրականացնում տարբեր ոլորտներում բավականին մեծ հաջողությունների հասած մարդիկ: Թե ի՞նչն էր պատճառը, որ հետագայում այս քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրենց ելույթներում մոռացան շեշտադրել հենց այս քարոզարշավը եւ շեշտը դրեցին բիզնես-ծրագրի քարոզչության վրա, պետք է հարցնել հենց իրենցից: Մյուս կողմից՝ կարելի է ենթադրել, որ բիզնես-ծրագիր ասելով, երեւի թե, այս կուսակցության ներկայացուցիչները նկատի ունեին գրագետ իրականացված հաշվարկը եւ իրենց առջեւ իրատեսական նպատակ դնելու հանգամանքը: Սակայն, ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում»: Հետագա ՏԻՄ ընտրություններին այս քաղաքական ուժի մասնակցությունը եւ պարտությունը (օրինակ՝ Երեւանի Արաբկիր համայնքի ընտրություններում) եկան ապացուցելու, որ հպարտության ներշնչանք հանդիսացող այդ ծրագիրն այդքան էլ գործունակ չէ, քանի որ արդեն իսկ այս կուսակցությունն իր առաջ դնում էր բավականին բարդ եւ իր համար չափազանց անհասանելի նպատակներ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի հետագա գործունեությանը, ապա այն կարելի է բնորոշել որպես նախագահամետություն՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով: Ինչպես հայտնի է, մինչեւ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը ՄԱԿ-ն իր 6 պատգամավորներով ԱԺ-ում ուներ բավականին ամորֆ կարգավիճակ: Այն իմաստով, որ ոչ ընդդիմություն էր, եւ ոչ էլ իշխանություն: Գ. Արսենյանը հաճախ հանդես էր գալիս երկրի կոալիցիոն կառավարությանը քննադատող ելույթներով՝ միաժամանակ նշելով, որ իրենք ընդդիմություն չեն եւ սատարում են Նախագահի ծրագիրը՝ մոռանալով, որ կառավարության գործունեության հիմքում դրված է հենց այդ ծրագիրը, եւ մինչեւ սահմանադրական բարեփոխումները Հայաստանի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը Նախագահն էր: Նման գործելաոճը նպաստեց նրան, որ միջազգային եւ հայաստանյան կազմակերպությունների կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վարկանիշային ցուցակներում ընդհանրապես իսպառ բացակայում էր Միավորված աշխատանքային կուսակցության անունը: Սակայն այս հանգամանքը երբեք էլ չի մտահոգել եւ ներկայումս էլ չի մտահոգում ՄԱԿ ղեկավար Գ. Արսենյանին, ով սիրում է բարձրագոչ հայտարարություններ անել եւ նույնիսկ պատրաստ է բոլորին տալ այն, ինչ մնացածներն ուզում են (մեջբերումն արված է Գ. Արսենյանի ասուլիսից): Սակայն իրականությունն այլ է, եւ դրանից շատ չանցած Գ. Արսենյանի վերոնշյալ հայտարարությունն արժանացավ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետեւյալ բնորոշմանը. «Ոչինչ չունեցողներից մենք ոչինչ չենք ուզում»: Ընդհանրապես այս կուսակցության հնգամյա գործունեության վերլուծությունը ցույց է տալիս (ինչպես եւ հայաստանյան շատուշատ ազատական կուսակցությունների պարագայում), որ այստեղ էլ մենք գործ ունենք իր բնույթով ոչ ազատական լիդերի հետ: Այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են ՄԱԿ խմբակցության շարժուձեւը մեր Ազգային ժողովում, կարող են փաստել, որ ազատականության մասին Գ. Արսենյանի հայտարարությունները, նրա խմբակցության անդամների վերաբերմունքը սույն քաղաքական գործչի նկատմամբ եւ վերջինիս հրճվանքն այդ պահվածքից 180 աստիճանով տարբերվում են իրարից: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում ՄԱԿ կուսակցության գործունեությանը, ապա այն աչքի է ընկել իր էքսցենտրիկությամբ եւ բոլորից առավելապես տարբերվելու անհագ ձգտմամբ: Պետք է նշել, որ 2003-2007 թվականների գործունեության ընթացքում ՄԱԿ ղեկավար Գ. Արսենյանին հաջողվել է հասնել իր առաջ դրված նպատակին, եւ իր կուսակցությունն այժմ տարբերվում է դաշտում գործող մնացած բոլոր կուսակցություններից: Բնականաբար, ընթերցողի մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞վ: Պատասխանը մեկն է՝ անսկզբունքայնությամբ: Չնայած մեր ժամանակներում շատերն են նշում, որ իրենց միակ սկզբունքն անսկզբունքայնությունն է, սակայն մեր ավանդապաշտ հասարակությունը դեռեւս չի հասել «զարգացման այն մակարդակին», որպեսզի կարողանա ընկալել այս արտահայտության իմաստը. այս կուսակցության գործունեությունից ստացված միակ տպավորությունն ամեն գնով գոնե ներկայիս կարգավիճակը պահպանելն ու հանկարծ երկրի նախագահին դեմ չարտահայտվելն է: Իսկ որպեսզի Գ. Արսենյանը կամ ՄԱԿ մեկ այլ ներկայացուցիչ մեզ չմեղադրի անհիմն բնութագրումների մեջ, մեջբերենք մի քանի օրինակներ 2003-2006 թվականների Ազգային ժողովի ՄԱԿ գործունեությունից: Ինչպես հիշում եք, քիչ թե շատ հնչեղ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ ՄԱԿ-ը գրեթե միշտ հանդես է եկել սեփական օրինակով: Որպես վառ ապացույցներ` նշենք ԱԺ կանոնակարգ օրենքը եւ Սահմանադրության փոփոխման գործընթացը: Այս երկու գործընթացներում էլ, ինչպես նշեցինք, ՄԱԿ-ն ունեցել է սեփական տարբերակը եւ ԱԺ ամբիոնից անխնա քննադատել է կոալիցիայի ներկայացրած տարբերակները (Սահմանադրության դեպքում բանը հասել էր Հայոց լեզվի կանոնների ուսումնասիրությանը): Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, երկու դեպքում էլ ՄԱԿ-ը կողմ է քվեարկել կոալիցիայի ներկայացրած տարբերակներին: Կհիշեք նաեւ, որ Գ. Արսենյանը սառը պատերազմ էր հայտարարել կոալիցիային:

Շատ չանցած Արսենյանը հայտարարեց, որ ՄԱԿ գաղափարական հակառակորդը ՀՅԴ-ն է, իսկ վարչական հակառակորդը՝ ՀՀԿ-ն: Այս հայտարարությունից հետո ո՞ւմ մտքով կանցներ, որ ընդամենը մի քանի ամիս հետո ՄԱԿ-ը մտնելու է կոալիցիա եւ հայտնվելու է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի արանքում: Իսկ արդեն նախընտրական շրջանին մոտ ՄԱԿ գործունեությունը հասնում է աբսուրդի: ՄԱԿ-ը չի քվեարկում իր իսկ նախարարի օրենսդրական նախաձեռնությանը: Հիշեցնենք, խոսքը գնում է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքին: ԱԺ վերջին արտահերթ նիստում քննարկվում էր «Երկքաղաքացիության մասին» օրենքը: Այս գործընթացում էլ ՄԱԿ-ը տարբերվեց մյուս բոլոր քաղաքական ուժերից իր դիրքորոշմամբ եւ գործելաոճով: Տարբերությունը հետեւյալն էր. ընդդիմությունը, դեմ լինելով օրինագծին, ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը, իսկ ՄԱԿ-ը, լինելով կոալիցիայի անդամ, քննադատեց օրինագիծը եւ քվեարկեց կողմ՝ լավ գիտակցելով, որ միեւնույն է՝ իր դեմ քվեարկելը չի կարող խոչընդոտել օրինագծի ընդունմանը, այլ միայն օգնելու է, քանի որ ապահովելու է քվորումը: Բացի այդ, այդքան քննադատելուց հետո առաջինից երկրորդ ընթերցման միջեւ ընկած ժամանակահատվածում այդպես էլ գրավոր որեւէ առաջարկություն Միավորված աշխատանքային խմբակցությունը չի ներկայացրել: Ինչպես նշվեց մի քանի թերթերում, առաջարկություններով հանդես է եկել միայն ՀՀԿ խմբակցությունը, որը միայն մի քանի վերապահում ուներ օրենքի հետ կապված:

Նման «բուռն» գործունեությունից հետո Գ. Արսենյանը կարծում է, որ հասարակությունը պետք է հավատա իր այն հայտարարությանը, թե 2007 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացման պատասխանատվությունը ՄԱԿ-ը վերցնում է իր վրա: Մի բան հստակ է. ՄԱԿ-ն, իրոք, ըստ արժանվույն կարողացավ կոալիցիայում փոխարինել ՕԵԿ-ին՝ շարունակելով վերջինիս կողմից որդեգրած մարտավարությունը. այն է՝ շատ խոսք, քիչ գործ: Սակայն պետք է եւս մեկ անգամ հիշեցնենք, որ առջեւում մայիսի 12-ն է, եւ բարձրագոչ խոստումների եւ իշխանությունների հասցեին հնչող քննադատության պակաս չի զգացվելու: Այնպես որ՝ լավ կլիներ, եթե ՄԱԿ-ը մտածեր 2003 թվականի նման քարոզչության գեղեցիկ եւ քաղաքակիրթ տարբերակի մասին, որը, մեր գնահատմամբ, բավական արդյունավետ էր, այլ ոչ թե` այն փոխարիներ մեր նախընտրական քարոզչությանը բնորոշ դարձած էժանագին պոպուլիզմով: