«Ավելի լավ է՝ գնանք «Պաբեդա» մոստից գցվենք»,- ասում է հինգ երեխաների հայրը

01/03/2007

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու «Գայանե» տաճարի մուտքի մոտ մի կին է կանգնած: Ձեռքի վզնոցները մատնացույց անելով՝ խնդրում է գնել դրանցից մեկը: Հարցնում եմ՝ «Ի՞նչ արժե»: Պատասխանում է՝ «1200 դրամ, խնդրում եմ, մեկը գնե՛ք, երեխեքս սոված են: Եթե գնեք, իմացե՛ք, որ բարի գործ եք արել»: Ասում եմ՝ «Զարդեր չեմ սիրում, բայց էս գումարը վերցրեք»: «Չէ, չէ,- ասում է,- ողորմություն չեմ հավաքում, ուղղակի վաճառում եմ: Ես 5 երեխա ունեմ, չեմ կարողանում երեխաներիս պահել, չենք հասցնում: Ինձ 1000-ով տալիս են, ես էլ 1200-1250-ով վաճառում եմ, գոնե հացի գումար եմ աշխատում: Տուրիստները սենց բաներ սիրում են: Օրվա մեջ մի հատ վաճառեմ՝ 200-250 դրամ ինձ կմնա»: Ասում եմ` «Գնում եմ տաճար` հարցազրույցի: Մի 30 րոպե եթե սպասեք, կխոսենք, գուցե կարողանանք ինչ-որ բանով ձեր երեխաներին օգնել»: Տիկնոջ հայացքը պայծառանում է: «Կսպասեմ, ո՞նց չեմ սպասի: Ինչքան էլ պատմեմ՝ չեք հավատա, թե ինչ վատ վիճակում ենք: Խնդրում եմ, նեղություն քաշե՛ք, ես ձեզ կտանեմ մեր կացարան, ու կհամոզվեք, որ սարսափելի ծանր վիճակում ենք: Ես ձեզ կսպասեմ: Փա՜ռք քեզ Աստված, երեւի մի լույս բացվում է»,- ասում է ու ոգեւորությունից վզնոցները դնում ցելոֆանի մեջ՝ մոռանալով, որ դրանք հանել էր վաճառքի: Սբ. Գայանե տաճարի մուտքից ներս եմ մտնում՝ կնոջը խոստանալով գնալ իրենց կացարան: Տաճարում հարցազրույցը շատ երկար է տեւում, համարյա 4 ժամ: Ներքուստ վստահ եմ, որ վզնոցներ վաճառող կինը հոգնել, հեռացել է: Տաճարից դուրս եմ գալիս ու ի՞նչ տեսնեմ՝ համարյա վազելով գալիս է ընդառաջ: Զարմացած հարցնում եմ՝ «Էսքան երկար սպասե՞լ եք, կանգնա՞ծ եք եղել էս 4 ժամվա ընթացքում»: «Հա՛, բա ո՞նց: Հավատում էի, որ չեք խաբում: Եթե ասեիք` 2 օր ոտքի վրա, ցրտին սպասի՝ էլի կսպասեի: Մենակ թե երեխաներիս համար մի դուռ բացվի: Կգաք չէ՞ հիմա, խոստացել էիք, հիշո՞ւմ եք…»: Ինչպե՞ս կարող էի չհիշել: Գնում ենք: Սբ. Գայանե տաճարի ետնամասում Գիտահետազոտական ինստիտուտ կա, որի բակում կիսաավերակ երկհարկանի շենքեր են: Անցնում ենք այդ շենքերի միջով, որտեղ, բացի աղբից, ուրիշ ոչինչ չկա: «Սա է մեր տունը»,- ասում է կինը՝ ցույց տալով փայտե, քառակուսի մի տնակ: «Սա՞, էստեղ բնակվո՞ւմ եք»,- հարցնում եմ: Պատասխանում է՝ «Այո՛, սա Գիտահետազոտական ինստիտուտի բակն է, սրանք էլ հանրակացարաններ են, փախստականներ էին ապրում, բնակարաններով ապահովեցին, ու հիմա շենքը դատարկ ա: Էս բակում մենակ մենք ենք մնում, էս փայտե տնակի մեջ»: Կնոջ անունը Մարինե է, ազգանունը՝ Հովհաննիսյան, ով իր 5 անչափահաս երեխաների եւ ամուսնու հետ ապրում է այն տնակում, որտեղ նախկինում կարտոֆիլի սերմ են պահեստավորել, այնուհետեւ` որպես անասնագոմ օգտագործել: Մտնում ենք ներս. գարշահոտը քթիս է խփում: Փոքրիկ Նանան նոր է ապաքինվել: Սննդի պակասից նա հայտնվել է մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Նրանցից ավագը` 18-ամյա Ամալյան, ասում է՝ «Մահամերձ էր: Հույս չկար, որ կապրի: Հիվանդանոցում երկար ժամանակ պահեցին: Ասում էին` 10.000 դրամ վճարեք, որ շնչելու օդ տանք, չունեինք ու մտածում էինք` երեխային կկորցնենք»: Հարցնում եմ՝ «Բայց էս անհարմարության ու աղքատության պայմաններում չե՞ք վախեցել 5 երեխա ունենալ»: Մարինեն ասում է, որ երկար տարիներ Ռուսաստանում են ապրել եւ միայն վերջերս են վերադարձել: «Մենք էնտեղ շատ լավ էինք ապրում: Անասնապահական աշխատանք էինք անում: Երեխաները նորմալ կյանքով էին ապրում: Պատկերացրե՛ք, մենք ոչ թե մեր կամքով ենք եկել, այլ՝ խաբվել ենք»,- ասում է նա՝ պատմելով, որ Ռուսաստանում գործող հայկական մի կազմակերպության ներկայացուցիչներ իրենց համոզել են վերադառնալ Հայաստան: Խոստացել են, որ Հայաստան հասնելուն պես բնակարանով եւ աշխատանքով կապահովեն: «Եկանք ու ա՛յ էս վիճակում հայտնվեցինք: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մենք էսքան կիջնեինք: Խոստումներից ոչ մեկը չկատարեցին: Ասում էին՝ հենց իջնեք «Զվարթնոց»՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները ձեզ կդիմավորեն ու կուղեկցեն»,- պատմում է Մարինեն, ով, սակայն, նույնիսկ չի հիշում այդ կազմակերպության անունը: 5 երեխաներից 3-ը դպրոցականներ են, որոնցից դպրոցում ամեն ամիս գումար են պահանջում: Մայրն ասում է, որ իր երեխաները չգիտեն` ի՞նչ բան է նոր հագուստը, որովհետեւ մշտապես հագնում են ուրիշի շորեր: «Իմ երեխաների տեղ գնալու շորերը ուրիշներն ամաչում են հողամասում գործ անելիս հագնել: «Շոր» ասելն էլ ճոխություն ա՝ կարկատաններ են: Ձմռանն ընդհանրապես ահավոր է, դրսից զիբիլ-միբիլ, ռեզին, պակռիշկա ենք բերում-վառում, բայց էդ օդից ավելի շատ հիվանդանում ենք: Տունն էլ փայտից ա, ընդհանրապես տաքություն չի պահում»: «Փարոսից» 37.000 դրամ նպաստ են ստանում. «Ստանալն ու պարտքեր բաժանելը մեկ ա լինում: Բոլորին պարտք ենք: Չգիտեմ…»: 17-ամյա Վարդանը 5 երեխաներից միակ տղան է: Երբեւէ դպրոց չի գնացել, տառաճանաչ չէ: Շուտով զորակոչվելու է զինվորական ծառայության: Ամաչում է, երբ մայրը պատմում է իրենց դժվարություններից, այդ պատճառով դուրս է գալիս տանից: Մայրը ստիպում է, որ մասնակցի խոսակցությանը, իսկ Վարդանը միայն ասում է՝ «Ես շատ աշխատասեր եմ: Մի քանի ամիս բանվորություն արեցի, ընտանիքիս օգնեցի: Հիմա գործ չեմ գտնում, բայց անպայման կճարեմ, կաշխատեմ մինչեւ բանակ գնալս: Ես ձգտող եմ, սենց չեմ մնա»: Ներս է մտնում Մարինեի ամուսինը՝ Գառնիկը, ով աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի Կոմունալ բաժնում: Ձնահավաք մեքենայի վարորդը վախենում է, որ մի օր վթարի կենթարկվի, որովհետեւ աչքը վիրահատած է, մի աչքով է տեսնում: Առանց ճշտելու, թե ով եմ, ինչու եմ եկել՝ նախահարձակ է լինում. «Մեզ Լենինգրադից խաբելով են բերել: Ես իմ ընտանիքին էնտեղ շատ լավ պահել եմ, բայց էստեղ մի երեխա էլ չես կարա պահես: Ռուսը մեզ օգնում էր, հնարավորություն էր տալիս, մենք էլ՝ աշխատում-ապրում էինք: Եկել ենք Հայաստան, մի բանով էլ մեկին խնդրում ես, որ օգնեն՝ ասում են՝ ինչի՞ ես էդքան երեխա ունեցել»,- վրդովված ասում է նա՝ վստահեցնելով, որ Էջմիածնի պատգամավորներն ամենեւին էլ չեն հետաքրքրվում իրենցով: Մարինեն ասում է, որ մի քանի անգամ դիմել է պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ), սակայն խնդրանքները, որպես կանոն, անարձագանք են մնացել: «Ավելի լավ ա՝ գնանք «Պաբեդա» մոստից մեզ գցենք, քան նույն Ազգային ժողովին ընտրենք: Թող էս 4 տարվա մեջ մի պատգամավոր վեր կենար ու ասեր՝ եղբայր, 5 երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին եկեք հարց տանք, թե ինչո՞վ են կերակրում իրենց երեխեքին: Ա՛յ, էդ հարցը թող բարձրացնեն, որպեսզի երեխեքը եկեղեցու բակում հաց մուրալով ման չգան, ազգին էլ խայտառակեն: Իրանք վզի ծալքերն են հաստացնում, իսկ բազմազավակ ընտանիքների երեխեքը սովից հիվանդանում են»,- է՛լ ավելի բորբոքվելով` ասում է Գառնիկն ու վստահեցնում, որ մի օր երեխաներին վերցնելու է ու գնա Թուրքիա: «Կգնամ կասեմ` քաղաքացիությունս փոխում եմ, թքած դավաճանի պիտակի վրա: Կասեմ` մի ճամբարում տեղ հատկացրեք՝ ընտանիքով ապրենք»: Գառնիկը հայտարարում է, որ ինքն ապրում է ստրկատիրական երկրում եւ, եթե այսպես շարունակվի, ապա՝ 7 հոգուց բաղկացած իր ընտանիքը կլքի Հայաստանը: