Կրկին գնում ենք «Եվրատեսիլ»

01/03/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Եվրատեսիլ» երգի մրցույթը փոփ-երաժշտության մեջ զարմանալի տեղ է գրավում: Ամեն տարի այն էկրանի մոտ է հավաքում միլիոնավոր մարդկանց (ավելի շատ` Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում), որոնք մի քանի ժամվա ընթացքում դիտում ու լսում են մասնակից երկրների առաջարկած փոփ-երաժշտության գունատ կատարումները:

Սովորաբար մրցույթի են ներկայանում ոչ հեռանկարային կամ էլ արդեն «տարիքն առած» երգիչները` իրենց բավականին անհետաքրքիր կատարումներով: Այդ պատճառով էլ մրցույթը նոր անուններ չի բացահայտում ու լավ երգերի սկիզբ չի դնում (կեսդարյա պատմության ընթացքում մրցույթի շնորհիվ բացահայտվեցին միայն Սելին Դիոնն ու «ԱԲԲԱ»-ն): Իսկ հետո տարօրինակ ու ուշագրավ մի պրոցես է սկսվում. բոլոր երկրները միմյանց գնահատական են տալիս, ընդ որում` գնահատականները հաճախ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով են նշանակվում եւ ոչ մի կապ չեն ունենում երգիչների իրական աշխատանքի հետ:

Մենք դեռ նոր ենք սկսում հասկանալ «Եվրատեսիլի» խաղի օրենքները, ու թեեւ` հաղթանակի մասին դեռ չենք մտածում, բայց ուզում ենք լավ ելույթ ունենալ ու հիշվել: Ինչպես ցույց տվեց պատմությունը, երգն ու երգիչն այստեղ բնավ էլ կարեւոր չեն, կարեւորը հիշվելն ու քաղաքական քարտեզի վրա որեւէ (ցանկալի է՝ բարձր) տեղ զբաղեցնելն է: Ու հետո էլ սրտի տրոփյունով հետեւելը` թե ով մեզ որքան միավոր տվեց: Փորձառու ու հայտնի երգիչները շատ լավ գիտակցում են, որ «Եվրատեսիլը» վաղուց արդեն զուտ երաժշտական մրցույթից վերածվել է քաղաքական մրցույթի, որը հնարավորություն է տալիս ավելորդ անգամ հիշեցնել սեփական անձի ու երկրի մասին:

«Եվրատեսիլը» շատ հետաքրքիր պատգամ ունի` տարիներ շարունակ ուզում է ստեղծել հավաքական փոփ-երգչի մի կերպար, որը զուրկ է ազգային յուրահատկությունից, հստակ սոցիալական կերպարից ու արմատներից: Նույնիսկ այն երկրները, որոնք ինքնատիպ արվեստ ունեն, չեն շտապում իրենց լավագույն ուժերը մրցույթի ուղարկել, այլ ընտրում են այն երգիչներին ու երգերը, որոնց լսելով չես կարող հասկանալ` թե ո՞ր երկիրն են դրանք ներկայացնում: Անցյալ տարվա հաղթողները` ֆիննական «Լորդի» հրեշանման կատարողների խումբը, եկավ ցույց տալու, որ եվրոպացիները բավականին հոգնել են եվրոպականացված կերպարներից ու գնահատում են այն կատարողին, որի մեջ ինքնատիպության գոնե մի փոքրիկ նշույլ են տեսնում: Ֆիննական կառնավալային ծանր ռոքը հաղթեց իր վայրենի ու հումորով լի կերպարների շնորհիվ` ետեւում թողնելով միանման երգիչների շարանները:

Հայաստանն ինքնատիպ երեւալու նպատակ իր առջեւ չի դնում, մենք ավելի շուտ ուզում ենք համապատասխանել «Եվրատեսիլի» նախկին մոդելին ու վաղվա օրվա սպասելիքները կանխազգալ չենք շտապում: Այս տարի մենք Հելսինկի ենք ուղարկում Հայկոյին՝ համակրելի ու համեստ մի երգչի, ով վերջերս «վաստակավոր արտիստի» կոչում ստացավ ու հայկական բազմասերիանոց «Մի վախեցիր» ֆիլմի համար երգ գրեց: Այդ երգն էլ նա կներկայացնի «Եվրատեսիլ 2007»-ին (երգի անգլերեն բառերը գրել է վաղուց «Եվրատեսիլի» համար երգ գրող բանաստեղծ Կարեն Կավալերյանը, ում խոսքերն անցյալ տարի երգեց նաեւ Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը):

Այն, որ մենք «ընտրելու» ենք հենց Հայկոյին, ոչ մեկի համար գաղտնիք չէր, փոքր Հայաստանում լուրերն ու պարտադրված ենթադրությունները շատ արագ են տարածվում: Ուշագրավն այն է, որ «ընտրությունը» կազմակերպված էր ընտրությունների նման, մի քանի օր շարունակ ծածանվող ՀՀ դրոշի ալիքների ներքո կատարողները երգեր էին կատարում, վարողներն ինտրիգ էին փորձում ստեղծել, ժյուրին որոշումներ էր կայացնում, իսկ ժողովուրդն «ընտրում էր»: Ավելի ազնիվ կլիներ, եթե մեր Հանրային հեռուստատեսությունը ազնվորեն ասեր, որ մրցույթի է գնալու այս երգիչը, եւ չփորձեր ապացուցել, որ գնալու է նա, ով ավելի լավն է: Համենայնդեպս, Հայկոն չձեւացրեց, որ իր հաղթանակն անսպասելի էր, եւ շատ սառնասիրտ ընդունեց փաստը: Հայաստանը ներկայացնելու հավակնող հայ երգիչներն այս տարի զարմանալի քիչ էին ու գրեթե` անհայտ: Գուցե շատերի համար օրինակ ծառայեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ լավագույնն ընտրվում էր երկու երգիչների միջեւ, իսկ «Եվրատեսիլի» ուղեգիր ստանալու համար ընտրությունը կատարվում էր երկուսուկես երգչի միջեւ:

Հայաստանը «Եվրատեսիլին» դեռ միայն մասնակցել է ցանկանում, իսկ երբ իսկապես որոշենք հաղթել ու «Եվրատեսիլը» Հայաստան բերել, պետք է ավելի բազմակողմանի խաղ խաղանք ու հիշենք զարմացնելու ու հումորի զգացումի մասին: Դա` այն դեպքում, եթե մեզ, իհարկե, թույլ տան հաղթել: