Շուշիի շրջանի Եղծահող գյուղի 6-ամյա բնակիչ Էդգարն ամեն օր գնում է գյուղի նորակառույց եկեղեցի, մոմ վառում, որ «Երանիկ տատիկն իր համար հեծանիվ բերի»:
Իսկ եկեղեցին նորերս կառուցվել է ծնունդով եղծահողցի ռուսաստանաբնակ Ռուդիկ Կասյանի հովանավորությամբ, որը նաեւ ֆինանսավորել էր գյուղի ակումբի վերանորոգումը, նորակառույց դպրոցին համակարգիչներ ու գույք էր նվիրել, ինչպես նաեւ` ցուցաբերել այլ նյութական օգնություն: Գյուղում ասում են, որ նա դեռ ծրագրեր ունի հայրենի գյուղի հետ կապված, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարի մայիսյան այցի ժամանակ (Ռ. Կասյանը միշտ այս ամսին է գյուղ գալիս):
Փոքրիկ Էդգարն ամեն օր եկեղեցում մոմ վառելուց հետո շրջում է գյուղում, որտեղ նա համարյա բոլորին ճանաչում է: Գյուղում նրան շատ են սիրում: Գյուղն Արցախյան շարժման եւ պատերազմի տարիներին վնասներ է կրել: 1990-91թթ. ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները եղծահողցիներին դուրս հանեցին գյուղից: Իսկ մինչ այդ ադրբեջանցիները սպանել էին այժմ արդեն 80-ամյա Հեղուշ տատիկի ամուսնուն: Եղծահողցիները գյուղ վերադարձան միայն 1992 թվին, երբ գրավեցին Շուշին, եւ ազատագրվեց Լաչինի միջանցքը:
Այժմ գյուղն ունի 45 տնտեսություն: Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, սակայն իրենց ապրանքն իրացնելու տեղ չունեն: Ստեփանակերտ հասնելը ձեռնտու չէ, այդ իսկ պատճառով նրանք սպասում են մինչեւ ապրանքը գյուղից գնեն: Համայնքի ղեկավար Նվեր Հարությունյանի խոսքերով, գյուղի դպրոցը շուրջ 35 աշակերտ ունի, իսկ նախկինում գործող մանկապարտեզն այժմ չի գործում, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաներ գրեթե չկան: Դպրոցի շրջանավարտների մոտ 99 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատություն են ընդունվում, իսկ ավարտելուց հետո շատ քչերն են վերադառնում գյուղ, քանի որ աշխատատեղեր չկան: Բայց գյուղը, ինչպես նշում է համայնքի ղեկավարը, ծերացող համարել չի կարելի:
Եղծահողն ապահովված է ջրով, հեռախոսակապով, համապատասխան մասնագետներով: Այստեղ բնակվող ընտանիքների հիմնական մասը 3 երեխա ունեն, իսկ բազմազավակ (10 երեխա ունեցող) ընտանիքը մեկն է, այն էլ վերջերս է տեղափոխվել գյուղ: 1993թ. մինչ օրս գյուղում 12 նոր տուն է կառուցվել: Համայնքի ղեկավարի հավաստմամբ, այնպիսի տուն չկա, որ ապրող չլինի, ավելին` կառուցվում են նորերը:
Եղծահողցիները նաեւ հացահատիկ են ցանում, սակայն դա այնքան էլ ձեռնտու չէ նրանց, քանզի վարձակալած տարածքները` շուրջ 110 հա, գյուղից շատ հեռու են: Բացի այդ, վարձակալության վճարներն էլ են շատ բարձր, դրա համար բերքից ստացված գումարը հազիվ փակում է ներդրված ծախսերը:
Գյուղում չլուծված խնդիրներ կան, առաջնայինը ջրի խողովակների վերանորոգման հարցն է, որը, համայնքի ղեկավարի հավաստմամբ, փորձելու են լուծել սեփական եւ այլ միջոցներով: Իսկ Գորիս-Ատեփանակերտ մայրուղուց մոտ 2կմ հեռավորության վրա գտնվող Եղծահող գյուղի ճանապարհների վերակառուցման հարցի լուծումը հեռու չէ, քանի որ մայրուղուց գյուղ տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներն արդեն սկսված են: Ճանապարհի բարեկարգման հովանավորն է Ղարաբաղում հայտնի ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանը, որը նաեւ խոշոր ծրագրեր է իրականացնում ԼՂՀ Մարտակերտի շրջանում: