Մանկական քաղցկեղի մոտ 100 դեպք

07/05/2005

Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 100 դեպք: Հիվանդների միայն կեսն է առողջանում: Մանկական քաղցկեղի խնդիրը զարգացող երկրների հրատապ խնդիրներից է, քանզի այս երկրներում հիվանդ երեխաների 80%-ը հավաստի ախտորոշման եւ բուժման հնարավորություն չունի: Չարորակ նորագոյացությունների բուժման հիմնական՝ վիրահատական, դեղորայքային եւ ճառագայթային եղանակները թանկարժեք են եւ ոչ միշտ են մատչելի: Նրանք կարող են անարդյունք լինել, եթե հիվանդությունը խորացել է, ինչը հաճախ տեղի է ունենում ֆինանսների եւ ուշադրության պակասի հետեւանքով: Ապաքինված երեխաները ֆիզիկական, հոգեբանական եւ կրթական վերականգնման կարիք ունեն, ինչպեսեւ` նրանց ծնողները: Վերջիններս նաեւ նյութական ու մասնագիտական աջակցության կարիք ունեն: Այդ պակասը լրացնելու առաքելությունն իրականացնում են հասարակական կազմակերպությունները: Հայաստանում դա «Քաղցկեղով հիվանդ երեխաների ընկերներ» հկ-ն է, որը փետրվարի 15-ին՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, համերգային միջոցառում էր կազմակերպել: Միջոցառման ներկաները միաձայն նշեցին չարիքի դեմ համախմբվելու կարեւորությունը: Հյուրասրահում հիվանդ մանուկների վրձնով ծնված նկարների ցուցահանդես-վաճառք էր կազմակերպված, ինչպես նաեւ հանգանակություն էր արվում` երեխաների բուժմանն աջակցելու համար: