Անդրադառնանք այն հիմնական գաղափարներին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արտահայտում է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ներկայացրած իր ելույթի ժամանակ: Ի դեպ, ելույթի աուդիոսղագրությունը հասանելի է կենտրոնի վեբ-կայքում:
Իհարկե, նրա ներքաղաքական գնահատականներն առանձին հրապարակումների թեմա կարող են դառնալ, սակայն անդրադառնանք ՕԵԿ նախագահի տարածաշրջանային տեսլականին, քանի որ դրանց քննարկումը զբաղեցրել է այդ կենտրոնում նրա հանդիպման նշանակալի մասը: Ա. Բաղդասարյանի արտաքին քաղաքական հայացքներն արտահայտվել են նաեւ «The world street journal»-ում նրա հրապարակած հոդվածում, որը, չգիտես ինչու, ՕԵԿ կուսակցության վեբ կայքում ներկայացված է փոքր-ինչ խմբագրված բովանդակությամբ: Իսկ թե ինչու է արվել այդ «թեթեւ» խմբագրումը, կարծում ենք՝ ընթերցողը կհասկանա առանց մեր մեկնաբանության` տեքստի երկու հատվածների համեմատությունը կարդալուց հետո:
Հայաստանցի հյուրը, իհարկե, չէր կարող չանդրադառնալ Արցախի խնդրին, սակայն ո՞րն է Բաղդասարյանի ասելիքը: Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին, Ա. Բաղդասարյանն ասում է, որ մինչեւ փոխզիջման գալն անհրաժեշտ է ընդունել փոխզիջումի անհրաժեշտությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում միայն ինքն է կողմնակից ղարաբաղյան խնդրի՝ փոխզիջումային տարբերակին: Նա նաեւ ակնարկում է, թե իր իշխանության գալու դեպքում, եթե, իհարկե, դա լինի ժողովրդի կողմից աջակցություն ստացած իշխանություն, ապա կարող է գնալ համարձակ քայլերի: Բաղդասարյանը կարծիք է հայտնել նաեւ, թե ղարաբաղյան կոնֆլիկտի մասին հասարակական լայն քննարկում տեղի չի ունենում:
Թերեւս այդ քննարկումը խթանելու նպատակով է արտահայտվում Բաղդասարյանի`«The world street journal» պարբերականում հրապարակած հետեւյալ միտքը, որը, ինչպես նշեցինք, ՕԵԿ վեբ-կայքում մեզ է ներկայանում խմբագրված տեսքով. «Լեռնային Ղարաբաղի (վիճելի տարածքի-WSJ) շուրջ չկարգավորված հակամարտությունը պետք է կարգավորվի» (The unresolved conflict over the disputed region of Nagorno-Karabakh must be resolved): Թե ինչո՞ւ է Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղը համարում վիճելի տարածք, ու այդ մասին գրում ամերիկյան թերթում, թողնում ենք նրա խղճին: Իսկ ինչո՞ւ է իր կողմից արված «վիճելի տարածք» արտահայտությունը հանվում ՕԵԿ պաշտոնական վեբ-կայքից: Այս հարցին թող պատասխանեն ՕԵԿ թարգմանիչները:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի «Վաշինգտոն պոստ» թերթում հրապարակված «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածում, որի համահեղինակներից է Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն, որն, ի դեպ, Ա. Բաղդասարյանի հետ միասին մասնակցում է Կովկասյան եւ Կասպյան հանձնաժողովի աշխատանքներին, նշվում է. «Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ազդեցությունն ուժեղանում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ստվերում… Արեւմտյան կառավարությունները կարող են աջակցել մի համաձայնության, ըստ որի` Հայաստանը կվերադարձներ Ադրբեջանին գրավյալ տարածքները եւ թույլ կտար ադրբեջանցի փախստականներին` վերադառնալ այդ տարածքներ: Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավար մնալ… Արեւմուտքը պետք է նաեւ պահանջի փակել ռուսական ռազմակայանները Հայաստանի տարածքում, որոնք սպառնում են Ադրբեջանին»: Արդյո՞ք Բաղդասարյանը համակարծիք է իր հանձնաժողովական գործընկերոջ հետ:
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է ՕԵԿ նախագահը, հայ-թուրքական հարաբերություններն են: Խնդիր, որը այսօր ԱՄՆ լրատվական շրջանակների քննարկումների օրակարգում է, կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օրակարգ մտնելու հետ: Իսկ ի՞նչ է ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման մասին ասում Ա. Բաղդասարյանը: Տարօրինակ է, սակայն ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին որեւէ խոսք չկա «The world street journal» նրա հրապարակած հոդվածում: Ավելին, նրա կարծիքով` «Հայաստանի վերնախավի մեծ մասն ընկղմված է անցյալում: Սակայն տխուր հիշողությունների վրա շատ ժամանակ ծախսելը խոչընդոտում է մեր հարաբերությունները հարեւանների, գլխավորապես` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Սա չի կարող նպաստավոր լինել խաղաղության, կայունության եւ երկարաժամկետ բարեկեցության համար: Հաշվի առնելով այն մեծ (հսկայական-WSJ) օգուտը, որ Հայաստանի տնտեսությունը կարող է քաղել ադրբեջանական էներգակիրների մատակարարումներից եւ թուրքական ներդրումներից, այդ երկու երկրների հետ մեր կապերի նորմալացումը, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, վճռական կլինի մեր եւ ողջ տարածաշրջանի համար»:
Ո՞րն է նրա լռության պատճառը, ինչո՞ւ է նա այդ մասին խուսափում խոսել նաեւ ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ներկայացրած իր ելույթի ժամանակ:
Փոխարենը նա ասում է. «անհրաժեշտ է իշխանություն, որը ծնվել է ժողովրդից… ժողովրդավարության վիճակը, մեղմ ասած, ծանր հիվանդ է… հետո սկսում է ստեղծվել արտաքին թշնամու կերպար»: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը չունի արտաքին թշնամիներ ու թշնամու կերպարը ստեղծվել է սոսկ հասարակությանը վերահսկելու ու վախի մթնոլորտ ներարկելու համար:
Դե, իհա՛րկե, չէ՞ որ, ըստ Ա. Բաղդասարյանի` «ապագան ավելի կարեւոր է, քան անցյալի տխուր հիշողությունները», չէ՞ որ «Պետք է մեր հասարակությանը տանք, որ մեր հարեւանը մեր թշնամին չի» կամ «Մենք պետք է հաղթահարենք Թուրքիայի հետ մեկուսացումը ու այդ մեկուսացման հաղթահարման մեջ պետք է ներգրավվենք Թուրքիային»: Իրականում, թե ինչպե՞ս է Բաղդասարյանը տեսնում ադրբեջանական էներգակիրների ու թուրքական ներդրումների օգուտները, որոնք, ի դեպ, Հայաստան չհոսեցին անգամ այն ժամանակ, երբ իշխանության ղեկին էին ժողովրդավարական ճանապարհով ընտրված ու Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների կոչ անող, հայ-թուրքական հարաբերություններում բավական մեղմ տեսակետ ունեցող ուժերը՝ ի դեմս ՀՀՇ-ի, որոնց ամեն գնով փորձում էր հարել նաեւ Ա. Բաղդասարյանը, թողնում ենք Բաղդասարյանի ու նրա արտաքին քաղաքական խորհրդականների երեւակայությանը: Սակայն, ինչո՞ւ Բաղդասարյանի խիզախությունը չի հերիքում ասել, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Օսմանյան Կայսրությունում իրականացված ցեղասպանությունը, միակողմանիորեն փակ է պահում Հայաստանի հետ սահմանը եւ մեր երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար առաջ է քաշում նախապայմաններ: Իհարկե, հետաքրքրական է մեկ այլ թեզ եւս. այն, որ ըստ Ա. Բաղդասարյանի, Հայաստանը Ռուսաստանից վասալային կախվածության մեջ է գտնվում, սակայն ինչո՞ւ էր նա այդ մասին լռում, երբ ԱԺ իր «խոսնակության» օրոք, Ռուսաստանի իր գործընկերոջը թույլ տվեց Հայաստանն անվանել Ռուսաստանի ֆորպոստ: Ինչո՞ւ է հաճույքով վերցնում սյուզերենի շքանշանները… Ամենաուժեղը Բաղդասարյանի արտահայտած այն միտքն է, որը ներկայացնում ենք բառացի` «Մենք կողմնակից ենք գործընկերային հարաբերություններին «նոթ քինգ վասալ ռիլեյշընզ»: Իսկ սյուզերենի հետ մեզ կապող միակ ճանապարհն, ըստ Բաղդասարյանի, «անցնում է մեր հարեւանի բոստանով» (բառացի մեջբերում):
Նման օրինակներ կարելի է անվերջ թվարկել: Պարզապես հայտնի չէ, թե ինչո՞ւ էր Բաղդասարյանն ԱՄՆ-ում լռում, որ ակնհայտ ընտրախախտումներով ընդունված սահմանադրության քարոզարշավի շտաբի պետն իր կուսակցական ընկեր Մհեր Շահգելդյանն էր: Հայտնի չէ, թե ինչո՞ւ չեն համապատասխանում Բաղդասարյանի «The world street journal»-ում հրապարակված հոդվածի անգլերեն ու ՕԵԿ վեբ-կայքում տեղադրված թարգմանությունները: Ինչո՞ւ Բաղդասարյանը ԱՄՆ-ում չի խոստովանում, որ իր կուսակցությունն ԱԺ ընտրություններում երկրորդ տեղում հայտնվեց գործող իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ սերտ համագործակցության եւ նրանց «դաբրոների» արդյունքում: Ինչո՞ւ է Բաղդասարյանը խուսափում ցեղասպանություն եզրից, այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտնում է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ: Ո՞ւմ եւ ի՞նչ է ցանկանում նա հասկացնել:
Հ.Գ. Այս հոդվածի առաջին մասի հրապարակումից հետո խմբագրությունը ստացավ ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանի` հերյուրանքներով, սպառնալիքներով ու ինչպես նաեւ` ուղղագրական սխալներով հերքում-նամակը: Երեկ Ս. Ֆարմանյանն ուղարկեց հերքման իր տեքստի սեղմ տարբերակը` ՕԵԿ լրատվական ծառայության անունից. «Մասնավորաբար, հոդվածում նշվում է, թե իբր «Կովկասյան եւ Կասպյան միջազգային հանձնաժողովի կուրատորն է ադրբեջանամետությամբ աչքի ընկնող շվեդ բախումնաբան, ուսումնասիրող եւ մասնավոր խորհրդատու Սվանտե Կորնելը»: «Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հերքում է այդ ապատեղեկատվությունը եւ հայտարարում, որ Սվանտե Կորնելը որեւէ առնչություն չունի Կովկասյան եւ Կասպյան միջազգային հանձնաժողովի հետ` ոչ անդամի, ոչ համակարգողի եւ ոչ էլ այլ կարգավիճակով: Հանձնաժողովի մասին ամբողջ տեղեկատվությունը բաց է եւ հրապարակային, իսկ վերջինիս` Բրյուսելում օրերս կայացած առաջին լիագումար նիստին հաջորդել է մամլո ասուլիս, որին ներկա են գտնվել Եվրոպական տարբեր երկրների ԶԼՄ ներկայացուցիչներ»: Այնուհետեւ գրում են. «Սամվել Ֆարմանյանը ուսանել է ոչ թե Ուփսալայի, ինչպես նշված է հոդվածում, այլ` Լունդի համալսարանում եւ մագիստրոսական ատենախոսությունը պաշտպանել է ոչ թե Սվանտե Կորնելի, այլ` Հանս Հեգերդալի ղեկավարությամբ, իսկ Սվանտե Կորնելի մասին առաջին անգամ տեղեկացել է «168 Ժամ» օրաթերթի հրապարակումից: Ինչպես Սամվել Ֆարմանյանը, այնպես էլ Տիգրան Մկրտչյանը երբեւէ որեւէ առնչություն կամ կապեր չեն ունեցել նրա հետ»: Ս. Ֆարմանյանը նշել էր նաեւ, որ «կովկասագետ-կոնֆլիկտաբան Սվանտե Կորնելի» մասին առաջին անգամ տեղեկացել է «168 Ժամից»: Իսկ որտեղի՞ց է Ֆարմանյանը տեղեկացել, որ Կորնելը նաեւ կովկասագետ է (հանգամանք, որի մասին մենք չէինք նշել): Ի դեպ, մեզ անտեղյակության մեջ մեղադրող ՕԵԿ-ը հաճախ ինքն է ցուցադրում սեփական անտեղյակությունը: Ի գիտություն ՕԵԿ-ի` հայտնում ենք, որ ԱՄՆ կոնգրեսմեններ Մակկոտերն ու Գարեթը հայկական լոբբիստական խմբի անդամներ են:
(Տե՛ս http://www.anca.org/hill_staff/armenian_caucus.php ): Ի դեպ, ՕԵԿ-ն իր երկու նամակներում «168 Ժամն» անվանում է օրաթերթ: Նկատի կունենանք ՕԵԿ-ի բարեմաղթանքը մեր թերթին եւ պատրաստակամություն ենք հայտնում հայտնվել միջազգային ատյանների առաջ: