Արագածոտնում վերականգնվում են խաղողի եւ պտղատու այգիները, հիմնվում` նորերը: Միայն վերջին երկու տարիների ընթացքում հիմնվել է 700 հա պտղի եւ 750 հա խաղողի այգի: Այս պարագայում առաջնահերթ է դառնում բարձր բերքատու նոր տեսակներով տնկարանների հիմնումը: Թեեւ մի քանի համայնքներում կան անհատական փոքր տնկարաններ, սակայն դրանք ակնհայտորեն չեն բավարարում այգետերերի պահանջները: Ուստի հաճախ տնկիները ներմուծվում են դրսից, որով էլ պայմանավորվում է դրանց բավականին բարձր ինքնարժեքը: Ոռոգման հարցում թեեւ բարդություններ չկան, եւ ջուրը հողագործին է հասնում ըստ պահանջի, սակայն ոռոգման այսօրվա համակարգն այլեւս չի կարող բավարարել: Դրանից ելնելով` նոր ջրամբարների եւ ջրագծերի կառուցման խնդիրը կարգավորվում է պետբյուջեի եւ միջազգային ծրագրերի միջոցներով: Ոռոգման համակարգերի զարգացման 2002-2007 թթ. ծրագրերով մարզում ջրանցքների վերանորոգման, վերակառուցման, նոր ջրագծերի անցկացման նպատակով նախատեսվել է 1 մլն 655.900 դոլար, որով ապահովվելու է 4091 հա հողատարածքի ոռոգում: