Մինչ օրս (իսկ դրսում 21-րդ դարն է) խորը արմատներ ունի այն կարծիքը, թե հայ կինը տարբերվում է աշխարհի մյուս ազգերի կանանցից, քանի որ նրանց ի վերուստ շնորհված է առաքինությունների մի մեծ ու էքսկլյուզիվ փունջ: Այն, որ դա սոսկ ականջի համար հաճելի առասպել է, եւ, որ աշխարհի բոլոր կանայք իրենց հույզերով նման են իրար, եւ, որ նույնն է աշխարհի բոլոր կանանց ներքին սեռական կառուցվածքը, վերահաստատեց նաեւ Առողջության պահպանման եւ ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար Գեորգի Պողոսյանը: Եվ մինչ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն իր պրոֆեսիոնալիզմով եւ գեղեցիկ ոտքերով խելքահան է անում աշխարհի տղամարդկանց, մինչ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացնում կանայք, Հայաստանում եւս ընտրություններից առաջ կանանց ակտիվություն է նկատվում: Սակայն հայ կանայք որքան էլ ֆիզիոլոգիապես նման են աշխարհի մյուս կանանց, այնուամենայնիվ, մեր կանայք ունեն մի մեծ տարբերություն` նրանք շփվում են հա՛յ տղամարդկանց հետ: Մեր քաղաքական դաշտին ու նրա կանոններին ծանոթ յուրաքանչյուրը կպնդի, որ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնելը մեր կանանց համար արդեն որոշակի ռիսկ է ու դիսկոմֆորտ: Ավելի՛ն, վնաս է առողջությանը: Այն, որ Հայաստանում կին-քաղաքական գործչի գործոնն ընդհանրապես չի աշխատում, խոսում են կանանց բազմապիսի քաղաքական, հասարակական կառույցները` հավակնոտ անվանումներով («Շամիրամ», «Կանայք Հայոց աշխարհի»,«Համալսարանական կանանց կազմակերպություն» եւ այլն), որոնք այսօր, կարծես, չեն էլ գործում: Կինն, առհասարակ, մեր քաղաքական դաշտում կենսունակ չէ: Եթե, իհարկե, այդ կինը ԱԺ պատգամավորի աբոնոմենտ ունեցող Հերմինե Նաղդալյանը կամ Հրանուշ Հակոբյանը չէ: Այսքանից հետո ավելորդ է թեկուզ տեսականորեն պատկերացնել, թե օրերից մի օր Հայաստանի նախագահը կարող է կին լինել: Այս միտքն, ի դեպ, ուրախ ժպիտ առաջացրեց անգամ Գեորգի Պողոսյանի շուրթերին. «Ի ամոթ ինձ, եւ թող ինձ անիծեն Հայաստանի եւ աշխարհի ֆեմինիստուհիները, ես գտնում եմ, որ կինը կարող է պետության մեջ ղեկավար պաշտոն զբաղեցնել` որպես բացառություն: Եվ դուք տեսնում եք, որ աշխարհում այդպես էլ կա: Ողջ կյանքս զբաղվել եմ կանանց առողջությամբ եւ գիտեմ ամսվա ընթացքում նրանց էմոցիոնալ փոփոխությունները, գիտեմ նրանց հակվածությունը դեպի մայրություն: Եվ, գիտեք, մայրական բնազդով ղեկավարել պետությունը չի ստացվում: Պետություն ղեկավարելը բարդ գործ է, պահանջում է մտածելակերպի այլ կառուցվածք: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, իհարկե, կանայք պետք է ակտիվորեն մասնակցեն. նրանք ապրում են այս երկրում եւ նրանք այս երկրի լիարժեք քաղաքացիներ են»,- կարծում է Գեորգի Պողոսյանը: Բժիշկը, սակայն, հակված է կարծելու, որ խորհրդարան մտնող կանայք դրա համար շատ թանկ կվճարեն. կվճարեն իրենց առողջությամբ. «Ես կանանց կողմն եմ, դրա համար չեմ ուզում, որ նրանք դրանով զբաղվեն: Գիտեք, բոլորն ասում են` կանայք պետք է վարեն մեքենա: Բայց երբ տեսնում եմ, որ կինը վարելիս շրթներկ է քսում կամ նայում է իր եղունգներին ու չի նայում ճանապարհին, դա շատ վտանգավոր է եւ՛ իր, եւ՛ շրջապատի համար: Շատ գեղեցիկ է մեքենա վարող կինը, սակայն կան իրավիճակներ, հատկապես մեր փողոցներում, երբ մեքենա վարելը կնոջ համար սթրես է: Բա դա պե՞տք է: Կինը ստեղծված է այլ բանի համար: Եվ դա իր իրավունքները չի սահմանափակում: Հակառակը: Ես դեմ չեմ, որ մեր խորհրդարանում կանայք լինեն: Պարզապես մեր խորհրդարանում, որն անհասկանալի մի բանի է վերածվել, ուր ունենք 5-6-րդ դասարանի կրթության պատգամավորներ, դա առողջության իմաստով այնքան էլ խրախուսելի չէ»: Սակայն, ամեն դեպքում, ի՞նչն է ստիպում առողջությունը կորցնելու կամ վատ հասարակությունում հայտնվելու մտավախությունը մի կողմ դնել ու փորձել պատգամավոր դառնալ իրենց մասնագիտական ասպարեզում վաղուց կայացած կանանց: Օրինակ` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով խորհրդարան մտնելու մի քանի անհաջող փորձեր արդեն ունեցել է, այս տարի եւս փորձելու է` համամասնական կարգով: Թե կոնկրետ որ կուսակցության ցուցակում է լինելու` տիկին Խառատյանը խոստացավ հրապարակել շաբաթ օրը: Ասաց միայն, որ խոսքն իշխող կուսակցությունների ցուցակների մասին չէ: Նախորդ տարիների իր ձախողումը նա այսպես է ներկայացնում. «Յուրաքանչյուր քաղաքական համակարգ ունի հաջողության իր մեթոդները: Խնդիրն այն չէ` քաղաքականության մեջ պրոֆեսիոնա՞լ ես, թե՞ ոչ: Այդ մեթոդներին պետք է տիրապետել: Մարդկային, վարչական, ֆինանսական ռեսուրսների այսպիսի օգտագործումը կոնկրետ ինձ համար նախ` անընդունելի են, երկրորդ` անմատչելի: Օգտագործել հասարակության նվաստացած վիճակը քաղաքական հայտ ներկայացնելու համար, գոնե ինձ հասկանալի չէ»: Ըստ Հրանուշ Խառատյանի` խախտված է ամենակարեւորը` ԱԺ կազմի ձեւավորման պրոցեսում կիրառվում են ոչ քաղաքական մեթոդներ, ոչ քաղաքական բառամթերք: Եվ հետո, ընտրություններին մասնակցելու նպատակը միայն հաղթելը չէ, այլ երկրի համար քաղաքական լուծումների բազմազանության ի հայտ գալը. «Իսկ մեր երկրում խախտված է քաղաքական գործընթացի տրամաբանությունը: Եվ ես` որպես կին, դիսկոմֆորտ եմ զգում ընտրությունների անցկացման մեթոդների իմաստով: Հասկանո՞ւմ եք, չկա լսարան: Եղածն էլ` ինքը խոշոր հաշվով պատրաստ չէ քաղաքական երկխոսության: Իսկ լսարան չի ձեւավորվում ընտրողների հիասթափությունից, մարդիկ չեն հավատում որեւէ արդյունքի: Արդեն ձեւավորվել է ընտրական լսարանի մի կերպար, որն, ավելի շուտ, լսարանի երեւութականություն է: Մարդ ցանկանում է քաղաքական խոսակցություն, բայց լսարանի չի հանդիպում»: Նախընտրական շրջանում կանանց եւ տղամարդկանց մեկնարկային պայմաններն էլ, ըստ Հրանուշ Խառատյանի, նույնը չեն. «Ջրագծի բացման խոստում կինն այսօր չի կարող տալ: Եվ, բացի դա, մենք չունենք կանանց ձեւավորված խումբ, որը քանակական չափում ունենա: Չեմ կարծում, թե ունենք քաղաքականության մեջ ռեալ առաջարկ ունեցող կանայք: Թեեւ նույն բանը կարելի է ասել նաեւ տղամարդկանց մասին»:
Առայժմ Հայաստանում կնոջ առավելագույն արժանիքն ու հնարավորությունների առաստաղն ընդունված է համարել նրա սեռը: Եվ գուցե ճիշտ է Գեորգի Պողոսյանը, երբ ասում է. «Թող տղամարդիկ երազեն զբաղվել նրանով, ինչով զբաղվում են կանայք»: Ավելի ստույգ, թող տղամարդիկ այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի կանայք երազեն զբաղվել ամենեւին ոչ քաղաքականությամբ: