«Կամվոլնի» գործարանի նախկին բանվորուհի Սվետլանա Հայրապետյանն այսօր վայելում է ծերությունը: 20 տարի կյանքը նվիրել է աշխատանքին, որովհետեւ «անհույս» աշխատասեր է եղել:
«Էն ժամանակ գործարանները շատ էին: Երբ աշխատանքային ժամն ավարտվում էր՝ հազարավոր մարդիկ, ամբոխով դուրս էին գալիս շենքից: Հիմա էդպիսի տեսարան չես գտնի: Հետո բանվորական ուժը գնահատվում էր»,- հպարտորեն պատմում է տիկին Սվետան, ով ներկայումս չի համակերպվում իր անգործության հետ: Երկաթգծի կայարանի հանրակացարանի փոքրիկ սենյակում մշտապես բաժակով արեւածաղիկ է վաճառում, որպեսզի իրեն մի քիչ պետքական զգա: Ասում է, որ բնակարան ստանալու համար հերթագրված է եւ ցուցակի առաջնային համարներում է ընդգրկված եղել, սակայն 1988 թվականի աղետից հետո այլեւս բնակարան ստանալու հույսը կորել է: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում 28 տնտեսություն է ապրում, եւ նրանք բոլորն էլ կարիքավոր մարդիկ են: «Աղքատ մարդկանց ապրելակերպը դժվար է: Մարդիկ նեղված են, մի թեթեւ բանից վեճ է բռնվում: Ես, ճիշտն ասած, ոչ մեկի հետ չեմ շփվում, աշխատում եմ չխառնվել ուրիշի կյանքին, բայց մենակությունն էլ դժվար բան է: Զուգարանն ընդհանուր է, սարսափելի վիճակ է»,- ասում է 68-ամյա Սվետլանան, ով այսօր միայնակ է, որովհետեւ չի կարողացել ամուսնուն երեխա պարգեւել: Նախանցյալ տարի հանրակացարանում համաճարակ է բռնկվել, որովհետեւ կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին: «Բոլորս թունավորվել էինք: Սանէպիդկայանից եկան, դեզինֆեկցիա արեցին: Պարզվեց, որ 1-ին հարկից մինչեւ 8-րդ հարկի բոլոր բնակիչները վարակված են: Հոգնաներով, դեղորայքով մի կերպ մեզ փրկեցին, մեռնելուց պրծանք: Բոլորս մահվան դուռն էինք: Հանրակացարանի բնակիչների կյանքը ծանր կյանք ա, պայման չկա»,- վստահեցնում է նա: Զարմանում է, երբ ամենուր խոսում են 21-րդ դարի ձեռքբերումների ու բարեփոխումների մասին, քանի որ իր նմանների ապրելակերպը ոչ թե առաջընթաց է ապրել, այլ՝ հետ է գնացել: Տիկին Սվետլանայի սենյակում ոչ հեռուստացույց կա, ոչ էլ սառնարան: Ասում է` «Էդ ի՞նչ առաջընթաց է, որ մարդիկ հեռուստացույց նայելուն երանի են տալիս: Հիմա կասեք՝ է, ունենայիր: Բայց 14.000 դրամ թոշակով ի՞նչ կարող ես գնել: Մենակ ցամաք հաց գնելու համար իմ թոշակը չի հերիքում, էլ ո՜ւր մնաց հաճույքների վրա ծախսեմ»: Ասում է, որ մեկ-մեկ գնում է հարեւանի տուն հեռուստացույց նայելու, բայց անհարմար է զգում, քանի որ իր հարեւան ծերունու կինը նոր է մահացել. «Դե՛, հարեւաններն ի՞նչ կմտածեն: Կասեն` էդ մարդու կինը նոր է մահացել, ես էլ ամբողջ օրն իր սենյակում հեռուստացույց եմ նայում: Ամոթ է…»: Ամենավիրավորականը, սակայն, ծեր կնոջ համար այն է, որ կենսաթոշակները բաշխող տեսուչները 14.000 դրամ գումարի 400 դրամն իրենց են պահում: Հարցնում եմ՝ «Դո՞ւք եք թողնում տեսուչին, թե՞…»: Զարմանալով պատասխանում է՝ «Չէ, չէ: Մեզնից ո՞վ է հարցնում՝ վերցնե՞նք, թե՞ չէ: Թոշակ բաժանողը իրա ուզածը վերցնում, նոր տալիս է գումարը: Իրենք էնպես են վերաբերվում, կարծես մեր պարտականությունն է թոշակից գումար թողնելը: Եթե 30.000 թոշակ ստանամ՝ չեմ նեղվի, 1000 էլ կտամ, բայց իմ ստացածով ցամաք հացը չեմ կարողանում գնել»:
Տիկին Սվետլանայի գլուխը խոսելիս դողդողում է՝ «Եթե գնամ ստուգվելու` 100 հատ հիվանդություն կախտորոշեն: Թոքաբորբ տարա, բայց չբուժվեցի, հիմա ի՞նչ իմանամ` թոքերիս հետ ի՞նչ է կատարվում: Գնացի բժշկի, ստուգեցին, ասացին՝ ուղեղիդ արյան շրջանառությունը լավ չի կատարվում, լավ չի սնուցվում»: Տիկին Սվետլանան այլեւս պոլիկլինիկայի դուռը չի բացել, քանի որ գլուխը նկարելու համար պահանջել են 5000 դրամ վճարել: Այնուամենայնիվ, նա գոհ է հայաստանյան իշխանություններից: Խնդրում է, որ սխալ տպավորություն չկազմենք իր մասին՝ մտածելով, թե նա բողոքական կին է: Ասում է՝ «Ճիշտ է, կյանքը դժվար է, բայց հասկանում եմ, որ պետությունն անում է իր հնարավորությունների սահմաններում: Բնական է, եթե շատ լիներ՝ շատ կաներ: Ուղղակի ուզում եմ, որ մեր երկրի ղեկավարներն իմանան, որ միայնակ թոշակառուները Նոր տարուց Նոր տարի են միս ուտում: Թոշակով չես կարող սնվել: Իմ նմանների կերածն ամբողջ տարի՝ գրեչկա, մակարոն, ձավար է: Մենակ կենդանիներն են մեր նման սնվում: Մարդն էդ ուտելիքով երկար չի ձգի»: Տիկին Սվետան վիրավորվում է, երբ նախընտրական այս շրջանում կուսակցությունները սկսում են անապահով ընտանիքներին օգտագործել: Նա վկայում է, որ հանրակացարան պաշտոնյաները ոտք են դնում միայն ձայներ հավաքելու համար: «Օրինակ՝ էս վերջերս նորից եկան: Սկսեցին ոսկե սարեր խոստանալ, թե էս ամբողջ շենքը կվերանորոգենք, էս կանենք, էն կանենք: Հետո էլ թուղթը դեմ տվեցին, ասեցին՝ ստորագրեք: Անձնագրերի տվյալները վերցրին: Ձայները հավաքեցին, գնացին: Անցած ընտրություններին էլ եկան, խոստումներ տվին, բայց հետ ընտրվելուց հետո ոչ եկան, ոչ էլ հետաքրքրվեցին: Հիմա նորից հերթի են կանգնել: Պատկերացրու` 8 հարկանի շենքի ամեն հարկում 28 տնտեսություն կա: Իրանք էլ գիտեն, երբ են մեզ հիշում»,- վիրավորված ասում է միայնակ թոշակառուն: Հարցնում եմ՝ «Բա էդքան բանը հասկանալով ստորագրե՞լ եք կամ գոնե գիտե՞ք` ինչի համար եք ստորագրել»: Պատասխանում է՝ «Մեր նման մարդիկ փրփուրներից են կախվում: Ստորագրել ենք, որովհետեւ ուզում ենք հավատալ, որ լավ կլինի: Չեմ կարդացել ինչ են դեմ տվել, բայց դե, գիտեմ, որ ընտրություններին ձայներ հավաքելու համար է»: