Անտրեպրիզան հանդիսատեսի համար է

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Խաղացանկային թատրոնները նոր ներկայացումներ են անում, օգտագործելով մեկընդմիշտ իրենց տրամադրված բեմն ու կայուն դերասանախումբը: Հաճախ եւ բեմը, եւ դերասանները զբաղվածության խնդիր ունեն: Իսկ պարապ մնալը կործանիչ է դերասանի համար, նույնիսկ, եթե նա աշխատավարձ է ստանում՝ անիրագործելի են մնում խիզախ երազանքներն ու բարձր հոնորարների սպասելիքները: Աշխատավարձ ստանալը, արդեն հարմարվետ ջեռուցվող թատրոններում աշխատելը եւ գլխավոր ռեժիսոր ունենալը բնավ էլ երաշխիք չեն, որ թատրոնները լավ ներկայացումներ կանեն: Բյուջետային փողերով ապրում են բոլոր թատրոնները, բայց իրենց արտադրանքով չեն զարմացնում: Թատրոնն առաջին հերթին հաշվի է առնում հանդիսատեսի ցանկություններն ու պահանջները: Ո՞ւմ է պետք այն ներկայացումը, որը համարյա թե դատարկ դահլիճում են խաղում, թեկուզեւ՝ լավ դերասանները եւ լավ, վերանորոգված թատրոնում: Եթե խախտվում է հանդիսատես-բեմ կապը, եթե թատերասերը բեմում չի տեսնում այն, ինչ սպասում էր, նա հասկանում է՝ թատրոն գնալ պետք չէ: Արվեստաբանության դոկտոր, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը հաճախ ասում է. «Եթե ուզում եք հասարակության վիճակը հասկանալ, գնացեք թատրոն, թատրոնը հասարակության փոքր մոդելն է»: Լավ թատրոնը զարգանում է ժամանակի հետ, հեւիհեւ չի հետապնդում կյանքն ու չի շտապում կյանքից առաջ ընկնել: Ներկայացումը այն արտադրանքն է, որը պիտի արագ սպառվի: Երեւի բոլորն էլ ուզում են այնպիսի ներկայացում անել, որի տոմսեր հայթայթելն անհնար լինի ու հերթեր գոյանան, ու որի մասին խոսեն ամենուրեք: Ներկայացումն արագ ու բուռն արձագանք է ակնկալում: Հանդիսատեսի ցանկությունները հաշվարկելու ու թատերային արվեստը շահութաբեր դարձնելու փորձերից ծնվել են անտրեպրիզային ներկայացումները: Հրավիրում են դերասանների, ընտրվում է պիեսը, պատրաստվում են դեկորացիաները, վարձակալվում է դահլիճը, եւ խաղում են այնքան, որքան հանդիսատեսը դիտում է: Հիմնական սյուժեները կատակերգական են լինում, դերասանները՝ ճանաչելի, իսկ դեկորացիաներն՝ առավել պարզունակ: Լավ թիմ հավաքելը, անհրաժեշտ գումար ձեռք բերելը անտրեպրենյոր-պրոդյուսերի գործն է: Արմեն Համբարձումյանն առաջին մարդկանցից է, ով որոշեց անտրեպրիզային ներկայացումներ անել Հայաստանում, ներդնելով այդ գործի մեջ սեփական փողերը: «Ե՛վ «Խաթաբալադայի», եւ՛ «Mea culpa»-ի գաղափարներն ու ֆինանսավորումն իմն են եղել, ոչ մի հովանավոր չի եղել: Հասկանո՞ւմ եք, կա շուկա, որը պետք է լցնել, պետք է անել այնպես, որ հանդիսատեսը թատրոն գնա: Ներկայացումը պետք է ժամանակավրեպ չլինի ու կարողանա ներդրված գումարը ետ բերել: Մենք «Mea culpa»-ն արդեն 38 անգամ խաղացել ենք՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ ԱՄՆ-ում, եւ ծախսերը վերադարձրել ենք: Հիմա պատրաստվում ենք նույն կազմով երրորդ ներկայացումն անել: Հուսով ենք, որ լավը կլինի»: Անտրեպրիզային ներկայացումն առանձին ներդրումային նախագիծ է, հաշվարկված «Այստեղ եւ հիմա» սկզբունքով: Դերասանը, ռեժիսորը, թատերագիրը, նկարիչը, լուսային էֆեկտների վարպետը իրենց գինն ունեն: «Իմ ներկայացումների ստեղծմանը 25 մարդ է մասնակցում, բոլորին պետք է հոնորար վճարել, դրան գումարեք բեմի, տեխնիկայի վարձավճարները: Ներկայացումը թանկ բան է»,- ասում է Ա.Համբարձումյանը: Անտրեպրենյորը սխալվելու իրավունք չունի: Եթե խաղացանկային թատրոնի համար ֆինանսական կորուստները ներելի են՝ դրանք կարելի է պարզապես դուրս գրել, ապա անտրեպրիզան սխալ հաշվարկները պարզապես կարող են խեղդել ու ոչնչացնել, սնանկացնելով ներդրողին: Հաշվարկը ոչ միայն ֆինանսական պիտի լինի, այլ նաեւ՝ հոգեբանական: Պետք է անել այն, ինչ հանդիսատեսը սպասում է, պահպանելով հավասարակշռությունը՝ ներկայացումը ստեղծողների եւ հանդիսատեսի շահերի միջեւ: Անտրեպրիզային ներկայացումներն ապագա ունեն թատերարվեստում, նրանք կարող են կենդանացնել կիսադատարկ բեմերը եւ հնարավորություն տալ դերասաններին փող աշխատել՝ չփոխելով իրենց մասնագիտությունը: Իսկ աշխարհագրական հորիզոնները հյուրախաղերով լայնացնելն ուրիշ քաղաքներին ու երկրներին թույլ կտա ծանոթանալ ոչ միայն նոր ներկայացումների, այլեւ հանդիսատեսի սպասելիքների հետ, քանի որ անտրեպրիզան միշտ պիտի արդիական լինի, ինչպես եւ՝ ընդհանրապես թատրոնը. չէ՞ որ, թատրոնը հասարակության մոդելն է:

Վերջիվերջո, պետք է մրցեն ոչ թե խաղացանկային ու անտրեպրիզային թատրոնները, այլ լավ ու վատ ներկայացումները: Դրանից շահում է հանդիսատեսը: