Մի խումբ թուրք ակտիվիստներ երեկ նախատեսում էին քաղաքացիական անհնազանդության արշավ նախաձեռնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դեմ: «Հզոր Թուրքիա» կուսակցության 10 անդամներ մտադիր էին հավաքվել Ստամբուլի հասարակական վայրերից մեկում եւ կրկնել գրող Օրհան Փամուկի եւ սպանված Հրանտ Դինքի այն հայտարարությունները, որոնք 301-րդ հոդվածով որակվել են որպես «թուրքական ինքնությունը վիրավորող»: Այնուհետեւ նրանք նախատեսում էին հանձնվել Դատախազությանը, իսկ հաջորդ շաբաթ եւս 10 ակտիվիստներ կրկնելու են նրանց գործողությունները: «Արշավը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չվերանայվի 301-րդ հոդվածը»,- «Ասոշիեյթեդ փրեսին» ասել է կուսակցության առաջնորդը: «Մենք չենք ցանկանում խավարում թաղված Թուրքիա: Մենք դատախազներին ասելու ենք՝ հանցանք ենք գործել, եկեք եւ դատեք մեզ»,- հայտարարել է նա: Կուսակցությունը, որը ստեղծվել է ընդամենը 4 ամիս առաջ, ունի մի քանի հազար անդամ: