Գրող Ռազմիկ Դավոյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ եւ իր զրույցի ժամանակ նշեց, որ այսօրվա Հայաստանում մշակույթի պահանջարկ չկա։
Մշակույթ եւ մշակույթի գործիչներ կան, իսկ մշակույթի պահանջարկ չկա, ինչպես նաեւ չկա մտավորականների պահանջարկ։ «Ես գրում եմ, բայց դա ձեզ չի հասնում»,- ասաց նա։ Այդ պահանջարկի ձեւավորումը նա համարեց պետության պարտականությունը, որը նախկինում դա անում էր պետպատվերների միջոցով։ «Պետության պատվերի շնորհիվ հանճարեղ գործեր ստեղծվեցին»,- հիշեցրեց նա։ Սակայն պետությանն այսօր ձեռնտու է ձեւացնել, որ մշակույթ չկա, եւ ստեղծել «ապաշնորհության եւ տգիտության միջավայր»։ Գրողը նկատեց, որ երբ պետությունն ազգային բանակ ստեղծելու պահանջարկ զգաց, նա ասաց ժողովրդին` տվե՛ք մեզ ձեր որդիներին, մենք բանակ ենք կառուցում, իսկ երբ ցանկացավ տնտեսություն կազմավորել, նա միջոցներ ներդրեց ու արեց դա (վա՞տն է տնտեսությունը, թե՞ ոչ, ըստ Ռ. Դավոյանի՝ դա երկրորդական հարց է, սակայն պետությունը հասավ իր նպատակին ու կազմավորեց տնտեսությունը)։ Սակայն մշակույթի պահանջ այդպես էլ չդրվեց. «Պետությունը չասաց՝ մտավորական, դու պետք ես ինձ»,- հիմնավորեց իր ասածը Ռ. Դավոյանը։
Նշելով, որ տարիներ շարունակ իր գրքերը գրախանութներից գնելու համար երկար հերթեր էին գոյանում, գրողն ափսոսեց, որ այսօր ընթերցողը կորցնում է գիրքը։ Եվ այդ փաստը ցավալի է հենց ընթերցողի համար, քանի որ գրողները, միեւնույն է, գրելու են, անձամբ Ռ. Դավոյանը երբեք ոգեւորության պակասից չի դժգոհում, եւ նույնիսկ ընդհակառակը, հաճախ աշխատում է «զսպել ոգեւորությունը»։
«Ես ընթերցողներ եմ դաստիարակել, որ գան հասնեն իմ բանաստեղծություններին, բայց եկան նրանք ու ամեն ինչ քանդեցին»,- ասաց նա։ «Նրանք» բառը Ռ. Դավոյանի համար անկախ Հայաստանի առաջին իշխանություններն էին, որոնք ամեն բան սկսեցին քանդել։ Եվ այժմ գրողի համար ամենամաքուր ու կարդացող լսարանը ոչ թե քաղաքի կենտրոնում է, այլ՝ Հայաստանի գյուղերում է, ուր նա պարբերաբար եւ «առանց լրատվամիջոցների» գնում է եւ գիտե՝ ինչ խանդավառությամբ են «խուլ գյուղերում» ապրողներն ընդունում մշակույթը։ «Իսկական մշակույթ է ուզում նա, ով խառնված չէ այլ խնդիրների մեջ»,- ասաց նա։
«Ժողովուրդը կարող է Հայաստանի նախագահին հարցնել՝ այ, դուք դահուկ քշողներին հովանավորում եք, Սերժ Սարգսյանը շախմատիստներին է հովանավորում, իսկ ինչո՞ւ չեք հովանավորում ֆուտբոլը։ Եվ ոչ ոք չի ասում՝ հովանավորե՛ք արվեստը,- ասաց Ռ. Դավոյանն ու ավելացրեց,- Խեղճ ժողովուրդ…»։ Նա լրագրողներին խորհուրդ տվեց «չտարվել գռեհիկ սոցիոլոգիզմով» եւ «մի նախադասություն եթեր չնետել», քանի որ խնդիրներին միակողմանի նայել չի կարելի։ «Ո՞վ է ասում ձեզ՝ գնացեք ու մեզ մշակույթ բերեք։ Ոչ ոք… Ձեզ ասում են՝ գնացեք ու մշակութային լուրեր բերեք, սենսացիոն լուրեր»,- ասաց նա։ Սենսացիոն լուր կարող է համարվել, օրինակ, որեւէ մտավորականի` այս կամ այն կուսակցության հարելու պատրաստակամությունը։
Քաղաքականացված մեր հասարակությունը սովոր է արվեստի մարդկանց ձայնն ու ելույթներն ավելի հաճախ լսել ընտրությունների նախօրեին։ Ռ. Դավոյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ուժ «երբեք չի խորշի մտավորականին օգտագործել»։ «Քաղաքական կոչերն ու քարոզները նման են հրապարակում բարձրաձայն ասված աղոթքների, երբ աղոթողները ուզում են տաճար մտնել ու սկսել կողոպտել այն»,- ասաց նա։ Իսկ ընդդիմության նպատակը նա շատ պարզ ձեւակերպեց. «Նպատակը ծայրամասերից կենտրոն տեղափոխվելն է։ Երբ նրանք կենտրոն կգան, կդառնան հանգիստ եւ այլեւս փոփոխություններ չեն ուզի»։ «Կենտրոն» տեղափոխվելու տենչանքը ստիպում է քաղաքական գործիչներին` «այլանդակել բարոյական դաշտը, որպեսզի իրենք այդ դաշտում սեւ չերեւան»։
Ռ. Դավոյանը լինելով ՀՅԴ կուսակցության անդամ` չի պատրաստվում կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԺ պատգամավորական ընտրություններին։ «Դաշնակցությունն ինձ համար գաղափար է, ոչ թե կուսակցություն… Դեպուտատ դառնալ չեմ ուզում, բայց եթե ասեն, որ իմ անհրաժեշտությունը կա, կփորձեմ…,- ասաց նա ու ավելացրեց,- Ես ոչնչի համար չեմ ափսոսում, ամեն ինչ արել եմ մաքուր եւ ազնիվ»։ Վստահ լինելով, որ գրողը «մաքրամաքուր խիղճ» պետք է ունենա, Ռ. Դավոյանը դեմ է որեւէ մեկ անձի, թեկուզեւ՝ գրողի «հերոսացմանը», քանի որ հերոսները միայն խանգարում են ապրելուն ու ստեղծագործելուն. «Պետք է հանգիստ եւ համերաշխ ապրել եւ, ինչ որ անում ենք՝ խղճով անել»։
Իսկ հանդիպման վերջում նա մի քանի անգամ կրկնեց, որ ՀՀ նախագահը «միակ տղամարդն» է, ով այսօր հստակ արտաքին քաղաքականություն ունի եւ վարում է այն։