Եկեղեցական տոնացույցի համաձայն` տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից եւ, ներառելով նաեւ Ավագ Շաբաթը, կտեւի մինչեւ ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:
Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով` այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Սակայն պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարեւոր է նաեւ մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
Պահքի կարեւորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության եւ աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ` օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ եւ երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է եւ պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երեւում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական եւ ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը եւ Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը եւ Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի եւ մատնանշում է առ Աստված դառնալու եւ կորուսյալ դրախտը գտնելու կարեւորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատեւ աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ, ի վերջո, հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: