Քաղաքակիրթ աշխարհում ամենաթանկ ապրանքը համարվում է ինֆորմացիան: Իսկ որքանո՞վ են մատչելի տեղեկատվության տարածումն իրականացնող ԶԼՄ-ները հայ հասարակության համար: Ըստ «ՀՀ ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն-2005»-ի` Հայաստանի կանանց 97%-ը շաբաթն առնվազն մեկ անգամ դիտել է հեռուստացույց, 53%-ը` կարդացել է ամսագրեր եւ 33 %-ը` լսել է ռադիո: Հետաքրքրականն այն է, որ ավելի երիտասարդ կանայք առավել հաճախ են ընթերցում թերթեր կամ ամսագրեր եւ հնարավորություն ունեն օգտվելու բոլոր 3 տեսակի ԶԼՄ-ներից: Ընդ որում, ԶԼՄ-ի հասանելիությունն ուղիղ համեմատական կապի մեջ է կրթության եւ բարեկեցության մակարդակի հետ: Օրինակ, ամենաբարձր բարեկեցության մակարդակում գտնվող կանանց 44%-ը հնարավորություն ունի օգտվել բոլոր 3 տեսակի ԶԼՄ-ներից, ի տարբերություն ամենացածր բարեկեցության մակարդակում գտնվող կանանց միայն 5%-ի: Բնականաբար, քաղաքաբնակ կանայք գրեթե 2 անգամ ավելի մեծ հնարավորություն ունեն օգտվել ԶԼՄ-ներից, քան գյուղաբնակ կանայք: 2000թ. համեմատությամբ ակնհայտ փոփոխություն է նկատվել շաբաթական առնվազն մեկ անգամ թերթ կարդացող կանանց շրջանում, որի ցուցանիշը 2000թ. արձանագրված 29%-ի համեմատությամբ աճել է` 2005թ. կազմելով 53%: Կանանց շրջանում շաբաթական մեկ անգամ հեռուստացույց դիտելու ցուցանիշը նույնպես աճել է՝ 2000թ. արձանագրված 88 %-ից` 2005թ. հասնելով 97%-ի: Հետազոտությամբ պարզվել է նաեւ, որ ԶԼՄ-ի բոլոր տեսակներից օգտվելն առավել մատչելի է Երեւանի, Սյունիքի եւ Վայոց ձորի կանանց համար: Ի տարբերություն երիտասարդ կանանց, երիտասարդ տղամարդիկ ավելի քիչ են հակված բոլոր 3 տեսակի ԶԼՄ-ներից օգտվելուն, քան ավելի հասուն տարիքի տղամարդիկ: Պատճառն այն է, որ շաբաթական կտրվածքով երիտասարդ տղամարդիկ ավելի քիչ են թերթ կարդում: