«Սրիկաները» նկարահանելու ամենահարմար վայրը Հայաստանն է

07/05/2005

Կինոռեժիսոր Ալեքսանդր Աթանեսովը, որը երկար տարիներ աշխատել է որպես Սերգեյ Փարաջանովի ասիստենտ, այժմ Հայաստանում նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանում: Ֆիլմը ֆինանսավորում են մոսկովյան «Պարադիզ» ընկերությունը եւ «Ռիթմ» կինոստուդիան: Ֆիլմը կոչվում է «Սրիկաներ» եւ պատմում է 1943 թվականին կատարված իրական դեպքերի մասին: Ֆաշիստների գաղտնի օբյեկտը վերացնելու համար ԽՍՀՄ-ում ստեղծվել էր մանկատներից հավաքված անչափահաս երեխաների 40 հոգանոց խումբ, որի նպատակն էր` ամեն գնով ոչնչացնել գերմանացիների օբյեկտը: 13-14 տարեկան վարժեցրած երեխաները հաջողությամբ ավարտում են իրենց առաքելությունը, թեեւ բոլորն էլ զոհվում են: Մի քանի տասնյակ հայ երեխա կնկարահանվի մանկատան սաների էպիզոդիկ դերերում, իսկ ֆիլմի ողջ ստեղծագործական խումբը Ռուսաստանից է: Հայաստանը միայն օժանդակողի դերում է: Քանի որ ֆիլմում շատ են լինելու պայթյուններն ու այլ հատուկ էֆեկտները, զենքերի ու պիրոտեխնիկայի մեծ պաշար է բերվելու: Նկարահանման վայր է ընտրվել Դիլիջանի եւ Բյուրականի շրջակայքը: Շուտով Բյուրականում ստեղծվելու է հատուկ դպրոց հիշեցնող կառույց, որը դառնալու է նկարահանման գլխավոր հրապարակը:

Ն. Հ.