«Դուք թեմայից շեղվում եք»

28/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ինչպես հայտնի է, նախօրեին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին հարկադիր կատարողների միջամտությունից հետո վերջապես հաջողվել էր մտնել ՍԻՄ գրասենյակ: Մինչ այդ Հայկ Բաբուխանյանն ու իր կողմնակիցներն արդեն լքել էին գրասենյակը:

Սակայն պարզվում է՝ նրանք դատարկ ձեռքերով չեն հեռացել: Ըստ Հ. Խաչատրյանի, նրանք իրենց հետ տարել են նախագահի առանձնասենյակի երկաթյա պահարանը, որի մեջ կային կուսակցական փաստաթղթեր եւ որոշ անձնական թղթեր, «շատ կարեւոր» փաստաթղթեր՝ գրված Հ. Բաբուխանյանի ձեռքով եւ ստորագրված, տեղեկանքներ՝ ՍԻՄ-ի ներքին պարտքերի մասին եւ այլն: Խաչատրյանականները պատրաստվում են վերականգնել ՍԻՄ պաշտոնաթերթ «Իրավունքի» հրատարակությունը, որն ընդհատվել էր այս շաբաթվա սկզբին: Թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակվել թերթի աշխատակից Փիրուզա Մելիքսեթյանը: Չի բացառվում, որ ուրբաթ օրը լույս տեսնի երկու տարբեր «Իրավունք». մեկը՝ Փ. Մելիքսեթյանի խմբագրությամբ, մյուսը՝ Հովհաննես Գալաջյանի: Վերջինս երեկ «Փակագիծ» ակումբում ասուլիս էր հրավիրել: Հ. Գալաջյանի խոսքերով՝ դատարանի միջոցով ՍԻՄ նախագահ «կարգվեց մարդ, ով հրաժարական էր տվել», նախագահություն կարգվեցին «անկապ» մարդիկ, ովքեր ինչ-որ նշանակումներ են անում եւ այլն: «Իբր թե պատրաստվում են առանց հիմնական կազմի «Իրավունք» թերթ լույս ընծայել: «Իրավունք» թերթի խմբագրակազմի հայտարարությունը հրապարակվել է, բոլորդ տեսել եք ազգանունները»,- նշեց Հ. Գալաջյանը: Տեղեկացնենք, որ երեկ հրապարակված այդ հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Օլիգարխիկ-կրիմինալ համակարգի ուղղակի ցուցումով, «Իրավունք» թերթի հիմնադիր ՍԻՄ կուսակցության հետ կապված իբր վիճելի հարցերին դատական հանգուցալուծում տալու պատրվակով, ակնհայտ դատական հաշվեհարդարի միջոցով փաստացի կազմալուծվեց թերթի գործունեությունը»: Հայտարարության տակ ստորագրել են Հ. Բաբուխանյանը, Հ. Գալաջյանը եւ «Իրավունքի» եւս վեց աշխատակիցներ: Միաժամանակ երեկ «Իրավունքի» լրագրող Թագուհի Թովմասյանը հանդես է եկել պարզաբանումով, ըստ որի՝ ինքն իրականում վերոնշյալ հայտարարության համահեղինակը չէ, իր ստորագրությունն այդ հայտարարության տակ հայտնվել է առանց իր իմացության, եւ ինքն իրականում չի ստորագրել այդ փաստաթղթի տակ: Ինչեւէ, երեկ Հ. Գալաջյանն ասուլիսը հրավիրել էր «Փակագիծ» թերթի խմբագիր Ագապի Հայկազունու հետ համատեղ: Նախօրեին հարկադիր կատարողները տարել էին «Փակագիծ» թերթի ու համանուն ակումբի գույքը, ինչի արդյունքում էլ երեկվա ասուլիսը «Փակագիծ» ակումբում տեղի էր ունենում դատարկ սրահում, ոտքի վրա: Ա.Հայկազունու խոսքերով՝ «Փակագծի» դեմ դատական կեղծ գործ է «թխված», որի նպատակը եղել է՝ սնանկացնել խմբագրությունը: «Տեսաք, երեկ եկան, գույքը տարան եւ ո՞ւր տարան: Նախօրոք ինձ ծանուցում են, թե դա աճուրդի է դրված, եւ, ըստ օրենքի, առաջին գնորդը ես պետք է լինեմ, բայց երեկ ամբողջ գույքը տարան Խանջյան 13 հասցե՝ ԺԱԿ կուսակցություն»,- հայտարարեց Ա. Հայկազունին: Ըստ նրա, ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանին իբր խոստացվել է, որ եթե նա «լռեցնի» «Փակագծին», ապա տեղ կունենա ՀՀԿ համամասնական ցուցակում: Ա.Հայկազունին նշեց նաեւ, որ եթե առաջ «ստվերում էին աշխատում, տարբեր մարդկանց ներկայացուցիչների միջոցով ինձ խոշոր գումարներ էին առաջարկում թերթը լռեցնելու համար», ապա այժմ «կրիմինալը բացահայտ գրոհի է անցել»: «Նույն Ս. Մելիքյանը հրավիրում է եւ բանակցում է ինձ հետ՝ «Փակագծի» 100% բաժնեմասը տուր համապատասխան կլորիկ գումարի դիմաց»,- հայտարարեց Ա. Հայկազունին՝ հավելելով, թե «Փակագիծը» չի փակվելու եւ հավանաբար ուրբաթ օրը լույս կտեսնի: Հիշեցնենք, որ «Փակագիծ» ակումբի հետ կապված ամբողջ քաշքշուկը կապված է մի պայմանագրի հետ, ըստ որի՝ «Ագապ Հրատ» ՍՊԸ-ն ԺԱԿ-ին պարտք է 9,5 միլիոն դրամ: Երեկ Հ. Գալաջյանը պնդում էր, թե «վարչախումբը, կիրառելով ուժային մեթոդներ, «չորով» ապահովեց, որ երկու թերթ, որոնք իրենց կոկորդում են կանգնած, լույս չտեսնեն»: Նա վստահեցրեց, թե «Իրավունքն» ուրբաթ օրը լույս է տեսնելու: «Իրավական պահի վերաբերյալ. անկախ նրանից, թե ով ինչ նշանակումների մասին կհայտարարի, ես շարունակում եմ մնալ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր»,- հայտարարեց Հ. Գալաջյանը: Ստացվում է, որ Հ. Խաչատրյանի եւ Հ. Գալաջյանի դերերը որոշ իմաստով փոխվել են: Հիշեցնենք, որ այս դատական քաշքշուկի ժամանակ էլ Հ. Խաչատրյանն էր հայտարարում, թե իրավական առումով ինքն է կուսակցության նախագահը, սակայն Հ. Բաբուխանյանի կողմնակիցները՝ ներառյալ Հ. Գալաջյանը, դա չէին ընդունում: Ու հիմա, երբ «Իրավունքի» խմբագիր է նշանակվել Փ. Մելիքսեթյանը, Հ. Գալաջյանը հայտարարում է, թե իրավական առումով խմբագիրն ինքն է: Ինչեւէ, հիշեցնենք, որ վերջին ամիսներին Հ. Գալաջյանի խմբագրած «Իրավունքի» էջերում հաճախ Հ. Խաչատրյանի ու նրա կողմնակիցների հասցեին անձնական վիրավորանքներ էին տպագրվում: Ներկայացնենք այս թեմայով լրագրողների ու Հ. Գալաջյանի երեկվա հարցուպատասխանից մի հատված:

Հարց- Դուք նորմա՞լ եք համարում, որ «Իրավունքում» շարունակ տպագրվում են անձնական վիրավորանքներ կոնկրետ անձանց վերաբերյալ, օրինակ՝ «տրյապկա»:

Պատասխան- Ներեցեք, «տրյապկան» չի՞ բավարարում այդպիսի անձնավորության վերաբերյալ: Դրա մաքուր հայերեն թարգմանությունը՝ «փալաս»:

Հարց- Ներեցեք, բայց հետաքրքիր է, Դուք նորմալ կհամարե՞ք, եթե Ձեր ֆիզիոլոգիական տվյալներից ելնելով, Ձեզ ասեն, ասենք, «բեղլու» կամ ուրիշ մի բան:

Պատասխան- Դե թող որեւէ մեկը փորձի ասել, պատասխանը կստանա:

Հարց- Եթե Ձեր ազգանվան հետ կապված ասեն` Գալաջյան-գյալաջի, նորմալ կհամարե՞ք:

Պատասխան- Դե, կասեք` պատասխանը կստանաք:

Հարց- Հիմա Դուք ի՞նչ պատասխան պիտի ստանաք նրանցից ում վիրավորել եք:

Պատասխան- Դուք թեմայից շեղվում եք: