Ամիսներ առաջ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանը Մեծ Բրիտանիա կատարած այցից հետո նշանակվել է Կովկասյան ու Կասպյան ավազանի հանձնաժողովի համանախագահ: Քանի որ հայտնի է, որ Բաղդասարյանի նման հայտարարություններում մշտապես առկա է բլեֆի տարրը, այս տեղեկատվությունը նույնպես քաղաքական դաշտն ընդունեց հումորի մեծ չափաբաժնով:
Իրականում, սակայն, գործընթացը շատ ավելի լուրջ ու թաքնված ենթատեքստ ուներ: Եվ ահա օրերս հայտարարվեց, որ հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը, որին մասնակցել էին թե՛ Բաղդասարյանը, թե՛ հանձնախմբի մի քանի այլ անդամներ: ՕԵԿ կայքի տարածած տեղեկատվության համաձայն, հանձնաժողովի նախագահությունում ընդգրկված են Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Արթուր Բաղդասարյանը եւ Անկարայի Տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդինը:
Իսկ իրականում ովքե՞ր են կանգնած այս բարձրագոչ հանձնախմբի թիկունքում: Ըստ Ա. Բաղդասարյանի, դա Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունն է, որն այժմ իրականացնում է մի նախագիծ, որն իր բովանդակությամբ հիշեցնում է տխրահռչակ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախումբը, սակայն այս դեպքում նախաձեռնողների ախորժակն ավելի մեծ է: Խոսքը գնում է տարածաշրջանային ուղղվածություն ունեցող պրոյեկտի մասին. այն է՝ միանգամից լուծել տարածաշրջանային խնդիրներն ու ապահովել Անդրկովկասի տարանցիկ գործառույթը:
Հայաստանում բրիտանական ներկայացուցչությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, այս նախաձեռնությունը խթանել է Բրիտանական արտաքին գործերի գերատեսչությունը, որը ֆինանսավորվում է նավթային լոբբիստական խմբերի կողմից: Նավթային ընկերությունների ու Լոնդոնում թուրքական լոբբիստական խմբերի կողմից նախաձեռնած այս ծրագրի համընդհանուր կուրատորն է շվեդ բախումնաբան, ուսումնասիրող ու մասնավոր խորհրդատու Սվանտե Քորնելը, ում հայրը` Էրիկ Քորնելը, երկար տարիներ եղել է Անկարայում Շվեդիայի դեսպանը: Է. Քորնելն, ի դեպ, «Cornell Caspian Consulting»-ի նախագահն է: Է. Քորնելը նաեւ այժմ ծառայում է որպես Շվեդիայի մասոնական մեծ օթյակի (Grand Lodge of Sweden) Գլխավոր քարտուղարի արտաքին կապերի գծով օգնական: Ի դեպ, այս տեղեկավությունը տեղադրված է նաեւ վերոհիշյալ կայք-էջում:
Իսկ ինքը` Սվանտե Քորնելը կրթություն է ստացել Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանում, որն էլ հայտնի է որպես թուրքական հակահայկական քարոզչության կենտրոններից մեկը: Սվանտե Քորնելի գիտական հետաքրքրության շրջանակներում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Քորնելը, որի հայացքներն աչքի են ընկնում ադրբեջանամետությամբ, ժամանակին տնօրինում էր «Caspian Consulting» խորհրդատվական ընկերությունը, որը խրախուսում էր նավթային ներդրումներն Ադրբեջանում (http://www.cornellcaspian.com/): Ի դեպ, ինչպես հաղորդում են ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, բրիտանական Արտգործնախարարության ու հանձնախմբի շվեդ համակարգողի հետ կապերի պատասխանատվությունը դրված է Ա. Բաղդասարյանի երիտասարդ օգնականներ Սամվել Ֆարմանյանի (որը սովորել է Ուփսալայի համալսարանում` Քորնելի անմիջական վերահսկողության ներքո) ու Տիգրան Մկրտչյանի (որն ուսումնառության մի փուլն անցկացրել է բրիտանական համալսարաններից մեկում) վրա: Բրիտանական կրթություն ունի նաեւ թուրք պրոֆեսոր Այդինը, ով նույնպես կապված է բրիտանական արտաքին քաղաքական շահերը սպասարկող հետազոտական կենտրոնների հետ: Փաստորեն, թուրքական նախաձեռնությունն այս անգամ մատուցվում է սլովենական սոուսով ու բրիտանական փաթեթավորմամբ:
Ի դեպ, նույն աղբյուրները նշում են, որ հենց այս երիտասարդների ակտիվության, համամասնական ցուցակներում նրանց վերապահվող տեղի ու նրանց կասկածելի կապերի պատճառով է նաեւ պայմանավորված այն հանգամանքը, որ ՕԵԿ կուսակցության հին գվարդիայի անդամները սկսել են լքել կուսակցությունը:
Հատկանշական է սակայն այն, որ հանձնախմբի նիստից հետո Ա. Բաղդասարյանը մեկնեց ԱՄՆ` Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի Կովկասյան նախաձեռնության շրջանակներում իր նորացված տեսակետները ներկայացնելու համար: Ի դեպ, Բաղդասարյանն այդ նույն կենտրոնում հանդես էր եկել նաեւ 2005թ. օգոստոսի 31-ին ու կրծքով պաշտպանել էր իշխանությունների արտաքին քաղաքականությունը` հայտարարելով, որ ԼՂՀ հակամարտության լուծումը շատ մոտ է, եւ որ Թուրքիան չպիտի դառնա ԵՄ անդամ, մինչեւ չբավարարի անդամության նախապայմանները:
Ինչեւէ, այս անգամ ամերիկյան կենտրոնում ջախջախված անգլերենով Բենջամին Ֆրանկլին ցիտող ու հարցերին երրորդմասյան հայերենով պատասխանող Արթուր Բաղդասարյանը, չգիտես ինչու, «կուլ գնաց» կենտրոնի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե Բաղդասարյանի կոալիցիայից դուրս գալու պատճառները եղել են ոչ թե ներքին, այլ արտաքին քաղաքական: Իրականում, իհարկե, Բաղդասարյանը չէր կարող նման հայտարարությանը պատասխանել, որովհետեւ 2005թ. օգոստոսի 31-ին նույն կենտրոնում իր մեկ այլ ելույթում նա շատ ավելի մեղմ էր: Այն ժամանակ Ա. Բաղդասարյանը հայտարարում էր, թե ժողովրդավարությունը կառուցվում է օրենքների, ոչ թե սպասելիքների միջոցով, եւ, որ Հայաստանը սկսել է այդ բարեփոխությունը` սահմանադրական փոփոխությունների միջոցով:
Այս անգամ Բաղդասարյանի պատգամները կրում էին ավելի շատ արտաքին քաղաքական բնույթ: Ավելին, ՕԵԿ նախագահը հայտարարեց, թե` «այլակարծության իրավունքը շատ ավելի կարեւոր է, քան դրա բովանդակությունը»: Այսինքն` ուզում էր ասել, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի կառավարություն, որը կարողանա հասնել տարածաշրջանային փոխզիջումների: Ինքը` Բաղդասարյանն ու իր թիմն այս դեպքում այդ խնդիրը չունեն: Բայց շատ ավելի կարեւոր է, թե նա ինչպիսի փոխզիջումների մասին էր ակնարկում:
Շարունակելի