Հանրահավաքների մեկնարկ

28/02/2007

Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջին հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր 1500-2000 մարդ: Հանրահավաքին ներկա էին ՀՀՇ, «Հանրապետություն», ՀԺԿ, «Նոր Ժամանակներ» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքից հետո մասնակիցները բողոքի երթով շարժվեցին դեպի հանրային հեռուստառադիոընկերության շենք՝ իրենց նամակը հանձնելու Հանրային հեռուստառադիոընկերությանը: Երթի ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ: Ոստիկանները ցուցարարներից պահանջում էին, որպեսզի նրանք երթն անցկացնեն մայթով, սակայն երթի մասնակիցների քանակը բավականին շատ էր մայթով քայլելու համար: Ի վերջո, հաղթեցին ցուցարարներն ու առանց միջադեպերի շարունակեցին իրենց երթը: Իսկ վերոնշյալ նամակում մասնավորապես նշված է, որ Հանրային հեռուստաընկերությունը ստեղծվել է պետության կողմից, ֆինանսավորվում է հարկատուների հաշվին եւ գործում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով: «Մինչդեռ հանրային հեռուստաեթերը վերածվել է մի քանի անձերի եւ խմբերի գովազդի ու երկրպագության, ապատեղեկատվություն տարածելու եւ հանրությանը բթացնելու միջոցի»,- փաստել են նամակի հեղինակները: «Այլընտրանքը» պահանջում է փետրվար ամսվա ընթացքում իր տեսակետները հանրությանը ներկայացնելու հնարավորություն տալ: «Այլընտրանքի» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 16-ին, Մատենադարանի հարակից հրապարակում: Հանրահավաքն Ազատության հրապարակում տեղի չի ունենալու այն պատճառով, որ այդ օրն օպերայի շենքում տեղի է ունենալու «Արշակ Երկրորդ» օպերայի մեծ փորձ: