Պարզվում է, ոչ թե ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն է ցանկանում երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում, այլ տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր նրան ամեն օր խնդրում են առաջադրել իր թեկնածությունը ԼՂՀ առաջիկա հերթական ընտրություններին: Բայց, ինչպես Արկադի Ղուկասյանն է ասում` ինքը չի ուզում նորից դառնալ ԼՂՀ նախագահ:
Երեկ հատուկ այս առիթով Արկադի Ղուկասյանը հայտարարություն է տարածել, ասելով. «Ինձ ամեն օր դիմում են ԼՂՀ շարքային քաղաքացիներ, տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, խորհրդարանի պատգամավորներ, մեր հայրենակիցներ Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամները, ինչպես նաեւ` արտերկրի հայտնի դիվանագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, բարերարներ` խնդրելով առաջադրել իմ թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, քանզի մեր ժողովրդի կողմից ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը երկրի գործող ղեկավարին ընձեռում է նման հնարավորություն: Սակայն իրեն հարգող նախագահը չի կարող այսօր մի բան ասել, վաղը` այլ բան: Խորին երախտագիտություն հայտնելով մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ արտասահմանյան բարեկամներին, որոնք պաշտպանում են իմ վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ անկեղծորեն ցանկանում այսուհետ եւս ինձ տեսնել նախագահի պաշտոնում, նորից եմ հայտարարում, որ մտադիր չեմ առաջադրվելու ԼՂՀ նախագահի պաշտոնի համար»: Ա. Ղուկասյանը եւս մեկ անգամ ընդգծելով, թե ինչ հնարավորություններ է ընձեռում անցած տարի ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը` իր երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու մասին նշել է, թե նման հայտարարություն անելու պատճառը «ցավոք, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի որոշ զանգվածային լրատվամիջոցներն» են, որոնք շարունակում են «չարաշահել վաղուց արդեն փակված թեման» նախագահական երրորդ ժամկետի համար իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին: «Այդուհանդերձ, իմանալով քաղաքական չարաշահորդների ու նրանց սպասարկող լրատվամիջոցների պահելաձեւը` ես գրեթե վստահ եմ, որ իմ այս դիմումը նույնպես վերջ չի դնի այդ թեմայի շուրջ անառողջ խոսակցություններին: Այստեղ արդեն ոչինչ չես կարող անել. այս դեպքում արդեն կարծես թե գործ ունենք անբուժելի հիվանդության հետ: Ես պարզապես խղճում եմ այդ մարդկանց»,- ասված է Ա. Ղուկասյանի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Ա. Ղուկասյանի, վերջին շրջանում փորձեր են արվում իր վերընտրությունը երրորդ ժամկետի համար քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից աննպատակահարմար լինելու մասին արված անցած տարվա իր հայտարարությունը ներկայացնել իբրեւ ծրագրավորված խաղ, որը նպատակ էր հետապնդում «բթացնել» հասարակական կարծիքը: Այդպիսի գործողությունները Լեռնային Ղարաբաղի, որպես եվրոպական արժեքներ դավանող պետության, միջազգային հեղինակությանը, բացի վնասից, ոչինչ չեն կարող տալ: Ավելին, նման չարաշահումներն, ըստ նրա, ավելորդ նյարդայնություն են մտցնում հասարակության մեջ ու նպաստում նրա պառակտմանը: «Հենց իմ ապագա մտադրությունների վերաբերյալ անառողջ շահարկումներից խուսափելու նպատակով էլ ես անհրաժեշտ համարեցի անցած տարվա հոկտեմբերին հանդես գալ հայտարարությամբ, որը պետք է փարատեր բոլոր հարցերը` կապված նախագահական երրորդ ժամկետի համար իմ հնարավոր առաջադրման հետ,- ասված է ԼՂՀ նախագահի հայտարարության մեջ,- Սակայն որոշ լրատվամիջոցների եւ պոլիտիկանություն անող տարրերի համար ԼՂՀ նախագահի մեկ հայտարարությունը բավարար չէր: Ըստ երեւույթին, նրանք գտնում են, որ նախագահը պարտավոր է գրեթե ամեն օր հաստատել իր հրաժարումն առաջադրվելուց` իրենց զրպարտություններով հրահրելով նրան նման քայլերի: Անշուշտ, կարելի էր անուշադրության մատնել այդ անձանց անվայել վարքը, եթե նրանք իրենց գործողություններով չշարունակեին վնաս հասցնել մեր հանրությանը:
Ինչեր միայն չեն մոգոնում այդ մարդիկ նախագահին զրպարտելու համար: Մեր պետությունում եւ նրա սահմաններից դուրս յուրաքանչյուր իրադարձություն, որն անմիջականորեն առնչվում է իմ անվան հետ, նրանց կողմից մատուցվում է որպես պետության ղեկավարի ընտրություններին նորից մասնակցելու իբր գործող նախագահի թաքուն մտադրության մասին»:
Հուսանք, որ Ա. Ղուկասյանը մի օր էլ հայտարարություն չի տարածի, ասելով, թե` չդիմանալով ԼՂՀ շարքային քաղաքացիների, տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական ծառայողների, խորհրդարանի պատգամավորների, մեր հայրենակիցների Հայաստանից, ուրիշ երկրներից, Արցախի արտասահմանյան բարեկամների, ինչպես նաեւ` արտերկրի հայտնի դիվանագետների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, բարերարների բազմահազար աղերսներին, առաջադրում է թեկնածությունը:
Սեփ.լր.
Հ.Գ. Ենթադրվում է, որ Ա. Ղուկասյանի այս հայտարարությունից հետո Ղարաբաղում որոշ քաղաքական ուժեր արդեն բացահայտ կխոսեն հնարավոր թեկնածուների մասին, իսկ շրջանառվող անուններ շատ կան` Բակո Սահակյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, Սեյրան Օհանյան, Արմեն Սարգսյան եւ այլք: Քաղաքական ուժերը, ինչպես նրանք են խոստացել, թեկնածուների անունները կասեն փետրվար-մարտ ամիսներին նախատեսվող համագումարներից հետո:
Չառաջադրվելու մասին, բացի Ա. Ղուկասյանից, փետրվարի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նաեւ «Շարժում 88» կուսակցության ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը: Նա ընդգծել է, որ անձամբ ինքը մտադրություն չունի առաջադրել իր թեկնածությունը, սակայն «կուսակցության դիրքորոշումը` թեկնածու առաջադրելու վերաբերյալ դեռ որոշված չէ»: