Կիրակի երեկոյան Հ1-ը մի ռեպորտաժ էր ցուցադրում, որի հեղինակը խոսում էր Արարատյան դաշտավայրում մայրական կաթի մեջ հայտնաբերված թույնի մասին։ Ըստ լրագրողի, թույնը մայրական կաթ կարող էր թափանցած լինել գյուղատնտեսության մեջ ոչ ճիշտ թունաքիմիկատներ օգտագործելու հետեւանքով։ Խնդրի վերաբերյալ իրենց կարծիքն էին հայտնում ոլորտի մասնագետները։ Հետո էկրանին հայտնվեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու ասաց, որ իրենք ստուգել են անցած տարի հանրապետություն մտած թունաքիմիկատների բաղադրությունը եւ, որ դրանցից ոչ մեկում չկա այնպիսի նյութ, որպիսին հայտնաբերվել է մանկան բնական սննդում։ Եվ վե՞րջ… Իսկ ի՞նչ պիտի աներ բնապահպանության նախարարը։ Նա նախարար է եւ կառավարության անդամ հենց նրա համար, որ հարցերին գլոբալ մոտեցում ցուցաբերի։
Դժվար թե հիշեի կիրակնօրյա այս ռեպորտաժը եւ հազիվ թե անդրադառնայի նախարարի գլոբալիզմին, եթե երկու օր անց չիմանայի, որ Երեւանի քաղաքապետը մեկնել է ԱՄՆ՝ Լոս Անջելեսին Երեւանի քույրը դարձնելու հույժ կարեւոր առաքելությամբ։ Մարդն այս ձմեռվա բոլոր գործերն արել է, լուծել է մեքենաների կայանման արդեն անլուծելի դարձող խնդիրը, կանաչ տարածքներում անճոռնի շենքեր կառուցելու որոշումներ չի ստորագրել ու գարնանամուտին վճռել է իրականություն դարձնել Երեւանի` Լոս Անջելեսին քույրացնելու իր վաղեմի երազանքը։ Եվ երկու (չափերով ու մնացած ամեն ինչով անհամեմատելի) քաղաքների քույրացման գործընթացին զուգահեռ, LA-ի քաղաքապետը հորդորել է ամերիկյան կոնգրեսականներին` պաշտպանել ցեղասպանության ճանաչման օրինագիծը՝ պաշտպանների ցուցակում հպարտորեն ավելացնելով իր անունը։
Հիմա Երեւանի քաղաքապետը որ վերադառնա, ձեր կարծիքով, ինչի՞ մասին է խոսելու։ Խոսելու է հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու իր ջանքերի մասին, որովհետեւ հայ պաշտոնյան չի իջնում այնքան, որ մանր-մունր բաներով զբաղվի, նա պետք է գլոբալ մոտեցումներ ունենա եւ զբաղվի գլոբալ հարցերով։
Օրինակ՝ եթե նրան չի հաջողվում լուծել առօրյա խնդիրները, եթե չի զորում կանխել մայրաքաղաքի ավերումն ու ձեւախեղումը, նա անպայման լծվում է տասնհինգ տարի առաջ ազատագրված եւ մինչեւ օրս դույզն-ինչ չբնակեցված Շուշիի վերականգնման սրբազան գործին։
«Որ ոչ ոք գլխի չընկնի»,- կասեին ռուսները, բայց ես, հակառակի պես, գլխի եմ ընկնում, որովհետեւ տարիներ առաջ աշխատում էի պետական մի հիմնարկում, որի տնտեսական գծով փոխտնօրենը ճիշտ եւ ճիշտ մեր կառավարության անդամների նման զզվում էր մանր գործերից եւ խոսում էր միայն գլոբալ հարցերի մասին։ Երբ մտնում էիր նրա մոտ, ասենք, տասը լիտր բենզին ուզելու (այդ տարիներին բենզինը լիմիտավորված էր) կամ էլ ասում, որ հիմնարկության ոչ բոլոր սենյակներն են ջեռուցվում, կամ էլ մինչեւիսկ երբ հիշեցնում էիր, որ գրելու թուղթը վաղուց վերջացել է, նա նայում էր ուղիղ աչքերիդ մեջ, հետո վեր էր կենում տեղից, մոտենում դռանը, բանալիով փակում այն ու, մտերմաբար կողքիդ նստելով, ականջիդ տակ փսփսում. «Ախպեր ջան, էդ ի՞նչ հարց ա, որ։ Ես էրեկ (էս մենակ քեզ եմ ասում) կապվել եմ Մասկվա, ընկերոջս հետ եմ խոսացել, չորս հատ բաեւոյ վերտալյոտ են ուղարկելու Ղարաբաղ»։
Կոնֆիդենցիալ այս խոսակցությունից հետո, իհարկե, մտավոր խնդիրներ ունեցող մարդը միայն կշարունակեր խոսել բենզինի, չջեռուցվող սենյակների ու վերջացած թղթի մասին, հատկապես, որ այդ օրերին Ղարաբաղում պատերազմ էր, եւ յուրաքանչյուր միավոր տեխնիկան կարող էր ազդել ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի վրա։
Հիմա, երբ հիշում եմ, թե քանի անգամ եւ քանի հարցով եմ գնացել այդ հիմնարկության տնտեսության գծով փոխտնօրենի մոտ, հասկանում եմ, որ մեր բանակը ոչ թե տասնհինգ տարվա ընթացքում է դարձել ամենամարտունակը, այլ այդպես էլ եղել է։ Որովհետեւ արժանահիշատակ փոխտնօրենի ներմուծած ուղղաթիռներով, զրահամեքենաներով, «Ուրալ» բեռնատարներով կարելի էր Ադրբեջանի ոչ թե յոթ շրջան գրավել, այլ՝ տասնյոթ, եթե, իհարկե, հարեւան երկրում այդքան շրջան կա։ Ես չեմ հաշվում, որ մի ուրիշ հիմնարկում, կամ մի շարք այլ հաստատություններում էլ նստած կլինեին հուշերիս հերոսի պես մարդիկ, ովքեր բենզինի, ջեռուցման ու գրելու թղթի մանր հարցերը շրջանցելով՝ իրականություն դարձնելիս կլինեին ծովից ծով Հայաստանի տեսլականը։
Սա էլ երեւի չհիշեի, եթե օրեր առաջ Տավուշի մարզի Բարեկամավան սահմանապահ գյուղի բնակիչների հետ հանդիպելիս վերջնականապես հասկացած չլինեի, որ մեր ղեկավարները զբաղվում են բացառապես գլոբալ խնդիրներով։ Գյուղը, որի մասին խոսում եմ, 440 հեկտար սեփականաշնորհված հող ունի, որը ոչ մի գյուղացի չի մշակում։ Պատճառն այն է, որ դրանք գտնվում են ադրբեջանցիների կրակակետերի տակ եւ ականապատված են։ Երբ գյուղացիների հետ զրուցում էի, հարցրի. «Իսկ չե՞ք փորձել բանակցել հարեւան գյուղի հետ, չէ՞ որ դուք եք ասում, թե բազմաթիվ ծանոթներ ունեք»։ «Մեզ ո՞վ կթողի նման բան անենք,- ասացին գյուղացիները,- ընդի մինստրնի կան, դեպուտատնի կան, նախագահ կա, որ իրանք ուզեն, կանեն»։ Իսկ առավել պատրաստված մեկը ճշգրտեց. «Արտաքին քաղաքականության հարց ա էտի»։
Գիտե՞ր այդ մարդը, թե ինչ է նշանակում` արտաքին քաղաքականություն։ Երեւի գիտեր, որ ասում էր։ Բայց հաստատ չգիտեր, որ իր կանգնած տեղից երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա արտաքին քաղաքականություն ասելով` հասկանում են միայն ուղեւորություններ աշխարհի տարբեր երկրներ, հասկանում են միջպետական մշակութային միջոցառումներ, հասկանում են ցեղասպանության ճանաչման ջանքեր, հասկանում են միայն եւ միայն «կտաս-չեմ տա» տիպի բանակցային գործընթացներ, որոնք հեռու են այս ժողովրդի իրական կարիքներից ավելի, քան բարեկամավանցի մարդը` Արտգործնախարարության շենքից։ Սահմանների մարդկանց բարեկեցությունը ոչ մի կերպ չի մտնում Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի մեջ, չհաշված «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովը, որն ի զորու չէ որեւէ հարց լուծելու, եթե գյուղացին տեսնում է իր հողն ու միայն երազում այն մշակելու մասին։
Վերջերս պատահաբար տեսա այն փոխտնօրենին, ում մասին պատմում էի։ Բավական փոխվել էր, ծերացել, դեմքին կնճիռներ էին հայտնվել։ Ոտքի վրա մի քիչ խոսելուց հետո, ասացի. «Լսիր, բայց էն վերտալյոտներն ահագին գործ արեցին»։ «Ի՞նչ վերտալյոտ»,- զարմացած հարցրեց նախկին պաշտոնյան։ «Էն, որ չորս հատ ընկերդ ուղարկել էր Մասկվայից»,- ասացի ես։ «Չեմ հիշում, ախպեր»,- նորից զարմացավ։ Այնքան անկեղծ էր նրա զարմանքը, որ թվաց, թե ես եմ ինչ-որ բան շփոթում։