Գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ մարդու օրգանիզմում առկա են պարբերական աղյուսակի բոլոր էլեմենտները, եւ այնտեղ տեղի են ունենում բարդ քիմիական ռեակցիաներ: Իսկ փիլիսոփաներն իրենց հերթին ապացուցել են, որ հասարակությունը եւս օրգանիզմ է: Հետեւաբար հայ հասարակության մեջ նույնպես տեղի են ունենում շատ բարդ ռեակցիաներ: Ընդ որում, համապետական ընտրություններն այդ ռեակցիաների համար բավականին հզոր կատալիզատոր են հանդիսանում: Փորձենք վերլուծել այն ֆիզիկաքիմիական երեւույթները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում:
Սկսենք նրանից, որ քիմիան իր հերթին բաժանվում է երկու մասի` օրգանական եւ անօրգանական: Դատելով հայերի վերջին մի քանի տարիների վարքագծից` կարելի է ենթադրել, որ հայերի մոտ գերակշռողը անօրգանական պրոցեսներն են:
Հիշեցնենք, որ պարբերական աղյուսակում քիմիական տարրերը դասավորված են խիստ որոշակի կանոնների համապատասխան: Ու թեեւ մեզ մոտ քաղաքական տարրերն այնքան էլ խիստ դասավորվածություն չունեն, այնուամենայնիվ, որոշ քիմիական առանձնահատկություններ նրանց էլ են բնորոշ: Օրինակ, տարբեր միացություններում տարբեր վալենտականություն են ցուցաբերում: Հիմնականում հանդիպում են հեղուկ եւ գազային վիճակում: Հիշեցնեմ, որ արտաքին գործոնների ազդեցության տակ հեղուկները փոխում են իրենց ձեւը, սակայն ծավալը մնում է անփոփոխ: Իսկ գազերը փոխում են եւ՛ ձեւը, եւ՛ ծավալը: Գազի վառ օրինակ է «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը փոխեց եւ՛ ձեւը (դուրս եկավ կոալիցիայից եւ իբր թե դարձավ ընդդիմադիր), եւ՛ ծավալը (պերմանենտ դարձած առնետավազքից խոսելն արդեն ավելորդ է): Չնայած հաճախ իրեն դնում է «Ֆրանսիումի» կամ «Եվրոպիումի» տեղ, որը լանթանոիդների ընտանիքի 63-րդ տարրն է:
Մետաղները մեր քաղաքական դաշտում հանդիպում են բացառապես «ժեշտի» տեսքով: Եթե հաշվի առնենք, որ վերջին տասը տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտը հասցրեց հիմնովին ժանգոտել եւ «փտել», ապա կարելի է համոզված ասել, որ կոռոզիան Հայաստանում լայն տարածում է գտել: Փոխարենը` մեր քաղաքական պարբերական աղյուսակում գերակշռում են ռադիոակտիվ էլեմենտները` նրանք վտանգավոր են մարդու կյանքի համար, ստեղծվում եւ անհետանում են վայրկյանների (միլիվայրկյանների) ընթացքում, իսկ նրանցից շատերին ստացել են արհեստական ճանապարհով: Հատկապես տարածված է Դուբնիում տեսակը (պարբերական աղյուսակի 105-րդ էլեմենտն է): Մեծ տարածում ունեն նաեւ լանթանոիդները եւ ակտինոիդները` ԱԺՄ-ն` իր ՀԺԱՄ-ներով, եւ ՀԿԿ-ն` իր մարքսիստական եւ նորացված ԿԿ-ներով: Վերջին շրջանում առավել տարածված են իներտ գազերը: Նրանցից ամենաիներտներին (ՄԱԿ-ին) անգամ կարող են թողնել խորհրդարան: 2006թ. հուլիսի 22-ի համագումարից հետո Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դիֆուզիայի ենթարկվեց՝ օլիգարխիկ մոլեկուլներով համալրվելով, դարձավ ոչ այնքան քիմիական միացություն, որքան մեխանիկական խառնուրդ: Այս ամենի վերջնական արդյունքը, սակայն, կտեսնենք 2007թ. մայիսի 12-ից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի լակմուսի թղթերը: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն համարվում է հիմնային միացություն: Ամենայն հավանականությամբ, այդ իսկ պատճառով, նախագահականի քիմիկոսները որոշեցին դաշտ մտցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպեսզի կարողանան ստանալ չեզոքացման ռեակցիա: Բայց հիշեցնեմ, որ այդ ռեակցիայի հետեւանքով առաջանում է աղ եւ ջուր: Ու եթե աղը մեզ, իրոք, չէր խանգարի, ապա ջուր առանց այն էլ շատ կա (հատկապես, որ այդ ջուրը բավականին կեղտոտ է եւ օգտագործման համար պիտանի չէ): Հիշեցնեմ, որ ժամանակին համարյա նույն կերպ «չեզոքացրին» ՀՀՇ-ին: Բայց սա այն դեպքն էր, երբ ստացված աղը «նստվածք» չտվեց, այլ լուծվեց հայաստանյան քաղաքական «ջրիկ» դաշտի մեջ:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանց այն աստիճանի են չեզոքացրել, որ նրանք կորցրել են իրենց քիմիական հատկանիշները, եւ պահպանում են միայն ֆիզիկականը` իներցիայով առաջ են շարժվում: Այդպիսինների շարքին է պատկանում ՀԺԿ-ն: Շատ հետաքրքիր հատկություններով է օժտված «Ազգային Միաբանությունը»: Այն ունի սոդային (բայց ոչ թե կերակրի, այլ տեխնիկական, որովհետեւ այն թունավոր է) բնորոշ հատկություններ: Խորհրդարանում իրեն պահում է փաթեթավորված տեսքով: Բայց ընտրություններից առաջ նրան խառնում են ջրի հետ, եւ նա մի պահ «փրփրում» է, իսկ հետո շատ շուտ հանգստանում: Ի դեպ, շատ հարմար է նաեւ այն պահերին, երբ ընդդիմության շարքերում թթվայնությունը բարձրանում է: Այդ պահերին եւս պարոն Գեղամյանը մի փոքր «թշշում» է, եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Ու թեեւ ողջ աշխարհը պայքարում է քիմիական թափոնների դեմ, բայցեւայնպես քիմիական պրոցեսներն անխուսափելի են: Ուղղակի Հայաստանում թթվածնի քաղց է զգացվում: Իսկ մենք գիտենք, որ կայծակի ժամանակ թթվածնի պարունակությունն օդում կտրուկ ավելանում է: Ավելին, անգամ օզոն է առաջանում: Մեր ներկա եւ ապագա պատգամավորների համար պարզաբանեմ, որ օզոնը Օ3-ն է: Չնայած համոզված եմ, որ Օ3-ը նրանց ոչինչ չի ասի: Իմիջիայլոց, թթվածինը անհրաժեշտ է ոչ միայն շնչելու համար: Քիմիայում թթվածնի հետ միացումները հաճախ կոչվում են այրման ռեակցիաներ, որից հետո մեր քաղաքական դաշտը բավական կմաքրվեր: Իհարկե, եթե տեղի չունենա թերայրում, որի հետեւանքով հնարավոր են, օրինակ, «շմոլ» գազի արտանետումներ: Իսկ դա մենք արդեն շատ ենք տեսել:
Բայց չէ՞ որ ես լավատես եմ եւ գիտեմ, որ քիմիայում կան նաեւ «ազնիվ մետաղներ», եւ, որ հալոգենները կարելի է օգտագործել լուսավորության համար, որ Հայաստանում աղը յոդացնում են, որպեսզի մարդիկ զոբով չհիվանդանան: Եվ վերջապես, դարեր շարունակ մեր նախնիները արծաթե սպասք են օգտագործել ոչ թե «թիթիզանալու» համար, այլ որովհետեւ այն ոչնչացնում է բոլոր մանրէները: