Այն, որ Հայաստանը գավառական երկիր է, կարծում եմ, որեւէ խելամիտ մարդ չի վիճարկի: Ցավալի է սակայն, որ գավառական է ոչ միայն կենցաղը, ժամանցը, այլեւ քաղաքական պայքարը եւ հանրային ընկալումը: Գրեթե ամեն անգամ խորհրդավոր մի հաղորդագրություն է տարածվում ընդդիմադիր գործիչների ամերիկյան այցերի մասին: Ու բոլորին Հայաստանում թվում է, թե Միացյալ Նահանգները «կպած» աշխատում է ընդդիմության հետ: Սակայն իրականում այն, ինչ անում են ընդդիմադիրները՝ նույն գավառական մտածողության արդյունք է:
Այս շաբաթ Հայաստանից միանգամից երկու ընդդիմադիր առաջնորդ էր գտնվում Վաշինգտոնում` Արամ Զ. Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Կհարցնեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ այս երկու ընդդիմադիրները հայտնվեցին Վաշինգտոնում: Շատ հեշտ: Տուրիստի կարգավիճակով` բառիս ամենաբառացի իմաստով:
Վաշինգտոնում գործում են հարյուրավոր քաղաքագիտական ինստիտուտներ, կենտրոններ, կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կազմակերպում են համապատասխանաբար` կոնֆերանսներ, ասուլիսներ, քննարկումներ: Այդ կենտրոնները մասնագիտանում են ինչպես կոնկրետ տարածաշրջաններով, այնպես էլ թեմատիկայով` ազգային բախումներ, էներգետիկ գործակցություն եւ այլն: Այդ իմաստով Հայաստանն իր հարեւաններով ու խնդիրներով «թեմատիկ» եւ «դեմոգրաֆիկ» ճկուն ընդգրկում ունի:
Բայց այդ ամերիկացիները ստուգում են գործչի ռեզյումեն, որտեղ գրված է` նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, նախագահի ընտրության ֆինալիստ-թեկնածու: Այդ երկրում պետական պաշտոնների նկատմամբ կա խորը ակնածանք, եւ ամերիկացիները հրավիրյալների «ռանգի» հետ հաշվի են նստում: Քանի որ այսօրվա ՀՀ քաղաքական դաշտի ուղիղ կեսը նախկինում ինչ-որ մի կարեւոր պաշտոն զբաղեցրել է, հետեւաբար՝ ամերիկացիներից հրավեր եւ վիզա ստանալը խնդիր չի հարուցում:
Հրավերն ու վիզան լինում է, հայ ընդդիմադիր գործիչները սկսում են մտածել, թե ո՞ւմ հետ կարող են հանդիպել: Հրավերի շրջանակում լինում է ասուլիս, հարցուպատասխան եւ ելույթ: Առավելագույնը` ճաշ: Սակայն ԱՄՆ ուղեւորության «աշխատանքային այցի» ռեժիմը հագեցած ցույց տալու համար պետք են նաեւ քաղաքական հանդիպումներ: Շատ հաճախ դա վերնագրվում է. «հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսում եւ Սենատում»: Իրականում սա կարող է նշանակել միայն` հանդիպում հայկական բանաձեւը պաշտպանող խմբի հետ:
Ֆրենկ Փալոունը եւ մյուսները հայ գործիչների հետ հանդիպում են ոչ թե նրա համար, որ նրանք Հայաստանի վերջին հույսն են, այլ` որովհետեւ կոնգրեսականներին դա անհրաժեշտ է իրենց ամերիկահայ ընտրողներին հաշվետու լինելու ժամանակ: Որպեսզի ցույց տան, թե մտածում են Հայաստանի մասին: Սա ամերիկյան քաղաքական կուլտուրայի մի մասն է: Եթե ես Յուտայի ընտրող եմ եւ գնացել եմ Վաշինգտոն, ապա, եթե ուզենամ, կզանգեմ իմ կոնգրեսականին` այցելելու համար: Նա, անշուշտ, ինձ հետ կհանդիպի, կլուսանկարվի, դեռ մի հատ էլ հուշանվեր կտա, որովհետեւ հենց իմ անմիջական ձայնից է կախված նրա վերընտրվելը: Այդ պատճառով, Վաշինգտոնի հայամետ կոնգրեսականներին կարող է հանդիպել քիչ թե շատ ակտիվ ցանկացած հայ գործիչ:
Հանդիպումների հաջորդ շղթան հայկական կազմակերպություններն են` Ամերիկայի Հայկական համագումար, Հայ դատի գրասենյակ, Հայ Առաքելական եկեղեցի: Այս կազմակերպություններն ընդունում են հայ ընդդիմադիրներին ոչ թե նրա համար, որ վերջիններից ակնկալում են ցեղասպանության բանաձեւի ընդունման նոր մարտավարություն, այլ` որովհետեւ այդպես եղել է վերջին 70 տարում: Հայի կարոտ են:
Ահա այսքանը: Դրանից հետո, ինչպես ասում են, «ինքնադրսեւորման» հարց է. օրինակ, եթե ծանոթ դասախոս ունենան, կարող են զեկույց կարդալ համալսարաններից մեկում, եթե նախօրոք զանգեն եւ պայմանավորվեն, ապա կհանդիպեն Մեյթու Բրայզային: Բայց սա բնավ ոչ մի քաղաքական ազդանշան էլ չէ: Այս պատմության ամենացավալին, իհարկե, հայ գործիչների տարրական անպատրաստվածությունն է: Նրանցից մեկին Պետքարտուղարության ներկայացուցիչը հարցրել էր, թե ինչ է մտածում Ղարաբաղյան հակամարտության մասին, պատասխանն այսպես է հնչել. «Կգանք իշխանության՝ կասենք»: Մանկամտության աստիճանի եւ հանցավորության չափ պրիմիտիվ ելույթներով ու պատասխաններով, այս մարդկանց այցերի իրական նպատակն ինքնահաստատվելն է, որ ամերիկյան քաղաքավարությունն ընդունում են որպես «քաղաքական ազդակ», իսկ լռությունը` «համաձայնության» նշան: Իրականում Վաշինգտոնում, մերոնց պատասխաններից հետո լռում են «չփռթկալու» համար:
Կարծում եմ, ամենատպավորիչ «պրես ռելիզը» կունենա Արթուր Բաղդասարյանը: Դեռ ԱԺ նախագահ եղած ժամանակ Բաղդասարյանն ում գոնե հինգ րոպեով հանդիպում էր, ստիպում էր, որպեսզի ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդագրություն թողարկեր «հերթական բանակցության մասին»: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը Սպիտակ տուն զբոսաշրջային տուրի տոմս վերցնի ու հանկարծ միջանցքում պատահաբար տեսնի Ջորջ Բուշին… Քաշվանք:
Արամ Զ. Սարգսյանը Վաշինգտոնում է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի հրավերով: Սա այն տխրահռչակ կազմակերպությունն է, որ գրասենյակ ունի նաեւ Երեւանում եւ պարբերաբար «թրեյնինգներ» է կազմակերպում ընդդիմության ներկայացուցիչների համար: Արթուր Բաղդասարյանին հրավիրել է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը: Ինչպես նշված է մամլո հաղորդագրության մեջ, Բաղդասարյանը հանդիպել է Բրայզային, հասարակական մի քանի կազմակերպությունների ղեկավարների եւ «Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մի շարք անդամների հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ պետական եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հետ»: Ինչպես ասում են` չտո ի տրեբովալոս դոկազատ!