Երեւի խորհրդանշական էր, որ հանրահավաքային սեզոնն «Այլընտրանքը» սկսեց: Այսինքն` հենց այն ուժը, որն ամենայն հավանականությամբ չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, առջեւում դեռ շատ հանրահավաքներ կլինեն, ընտրություններին մասնակցող ուժերը դեռ շատ հուզիչ ելույթներ կունենան, անվճար համերգներ կկազմակերպեն, եւ այլն: Բայց խնդիրը սա չէ: Մեծ հաշվով, պայքարը ոչ թե իշխանամետ կամ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ է, այլ ընտրությունների միջոցով ինչ-որ բանի հասնելու հնարավորությանը հավատացողների եւ չհավատացողների:
Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի է ունեցել միայն մի անգամ` 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ, երբ ՀՀՇ-ն հաղթել է Կոմկուսին: Ընդ որում, իշխանափոխություն տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ Կոմկուսն ընտրակեղծիքների մշակված մեխանիզմ չի ունեցել. 70 տարի շարունակ Հայաստանում ընտրություններ չեն եղել, հետեւաբար` ընտրությունները կեղծելու կարիք նույնպես չի եղել: Կոմունիստները սովոր են եղել, որ ցանկացած ընտրություն ընդամենը կուսակցական միջոցառում է, որի վերջում թվեր են նկարվում, եւ հայտարարվում են դեպուտատների անունները, ու հանկարծ փաստի առաջ են կանգնել: Իսկ կեղծ թվեր հրապարակել չէին կարող, որովհետեւ ցանկացած պահի առնվազն 100 հազար մարդ դուրս կգար հրապարակ:
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Շատերին թվում է, թե իշխանությունների նպատակն ընտրություններում հաղթելն է: Ամենեւին: Նպատակն ավելի լուրջ ու հեռահար է. ընդհանրապես վերացնել ընտրությունները` դրանք վերածելով անիմաստ տոնական միջոցառումների (ճիշտ եւ ճիշտ` ինչպես խորհրդային տարիներին): ՈՒ քանի որ այս ծրագրի դեմն առնել հնարավոր է միայն մի 100 հազար մարդ փողոց դուրս բերելով, իշխանությունների թիվ մեկ կարգախոսը հենց այն է, որ «ընդդիմությունը մի հազար-երկու հազար հոգուց ավելի չի կարող հրապարակ բերել»:
Տեսեք. «Այլընտրանքը» հանրահավաք արեց, առաջիկայում մյուս քաղաքական ուժերն էլ են մեկը մյուսի ետեւից հանրահավաքներ անելու: Իսկ ինչպե՞ս դա «լուսաբանեցին» լրատվամիջոցները: Մի քանի բոմժ գտան, հնարավոր բոլոր ռակուրսներով նկարեցին ու սկսեցին չարախնդալ, թե ընդդիմության ետեւից հազիվ մի քանի հազար մարդ է գնում: Մինչդեռ հայտնի է, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով, վերջին բոլոր ընտրությունների ժամանակ միայն Երեւանում առնվազն 300 հազար մարդ քվեարկել է ընդդիմության օգտին: Հարցում անցկացրեք այդ 300 հազարի շրջանում եւ պարզեք` նրանք հավատո՞ւմ են, որ Հայաստանում հնարավոր են ազատ-արդար ընտրություններ: Իհարկե չեն հավատում: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Երեւանում 300 հազար ընտրողներ դեմ են իշխանություններին, բայց ընդդիմության հետ էլ առանձնապես որեւէ հույս չեն կապում: Իսկ սա արդեն ընդդիմության պրոբլեմը չէ. սա պետության պրոբլեմն է:
Կամ` նույն իշխանամետ լրատվամիջոցները սիրում են ծաղրել ընդդիմությանը, երբ սրանք խոսում են կոռուպցիայի կամ օլիգարխիկ-կլանային համակարգի մասին: Իսկ ինչ է, Հայաստանում չկա՞ կոռուպցիա: Բա ինչի՞ համար են իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծել: Կամ գուցե օլիգարխիկ-կլանային համակա՞րգ չկա, գուցե այդ ամենը հեքիա՞թ է: Բայց կա այդ համակարգը, եւ կոռուպցիան երկրում ահավոր չափերի է հասել: Եվ եթե դրա դեմ ընդամենը 1000-2000 մարդ է փորձում պայքարել, դա պետության ողբերգությունն է, ոչ թե իշխանությունների նվաճումը:
Լավ, հասկանալի է, որ Հայաստանում հեռուստաընկերությունները լրատվամիջոցներ չեն, այլ սովորական «միջին բիզնես» (ասենք` ամսական մի քանի տասնյակ հազար դոլար շահույթով), իսկ միջին բիզնեսը, որպես կանոն, քաղաքական փոփոխություններ չի սիրում եւ պատրաստ է կրծել ցանկացածի կոկորդը, ով կվտանգի իր հարմարավետ կյանքը: Բայց նրանք գոնե պիտի գիտակցեն, որ իրենց «միջին բիզնեսով» իրենք խորհրդային տարիների ընտրական համակարգն են վերականգնում (իսկ այն տարիներին, եթե հիշում եք, միայն երկու հեռուստաընկերություն կար, ընդ որում` երկուսն էլ ղեկավարվում էին նույն կենտրոնից): Որեւէ մեկն, իհարկե, այնքան միամիտ չէ, որ կարծի, թե` ահա, հեռուստաընկերությունների ղեկավարները հանուն վեհ գաղափարների վտանգելու են իրենց «միջին բիզնեսը»: Չեն վտանգելու: Բայց հասարակությունը գոնե պիտի հասկանա, թե ինչ է կատարվում: Գոնե պիտի հասկանա, որ եթե քաղաքապետարանը մինչեւ մայիս ամեն օր Ազատության հրապարակում անվճար համերգներ է կազմակերպելու, նպատակը ոչ թե «ժողովրդի համար մի լավ գործ անելն է», այլ ընտրությունների ինստիտուտը վերացնելը եւ այդ ամենը տոնական միջոցառումների վերածելը:
Իսկ եթե ընդդիմադիր ուժերն էլ մասնակցեն «համապետական միջոցառումներին»` ավելի լավ: Խորհրդային տարիներին էլ էր այդպես. Գերագույն խորհրդի կազմում անպայման պիտի մի 15-16% անկուսակցականներ լինեին: Իսկ թե այս դեպքում ովքեր կկազմեն այդ 15-16%-ը (կամ 25-30` էական չէ), այլեւս որեւէ նշանակություն չունի: Շատ ավելի կարեւոր է`ընդդիմությունը մասնակցո՞ւմ է խորհրդային ընտրահամակարգի ձեւավորմանը, թե՞ ոչ: Տպավորությունն այնպիսին է, որ մասնակցում է, եւ տարաձայնությունները վերաբերում են միայն քվոտաներին: