Այս փետրվարը հարկավ կմտնի հայոց իրավագիտության պատմության մեջ: Նախ` փետրվարի 2-ին կայացած ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը բավական ինքնատիպ արտահայտվեց մեր դատական համակարգի մասին: Նա ասաց. «Մեղադրանքի պաշտպանության ոլորտի օբյեկտիվ դժվարություններից, խնդիրներից զատ, մենք վերջին ժամանակներս ավելի հաճախ ենք հանդիպում որոշ դատավորների եւ դատարանների՝ գործի փաստական հանգամանքներից ու ապացույցներից, մեղմ ասած, չբխող կամային որոշումների։ Ուզում եմ տեղյակ լինեք, որ Դատախազությունն առաջիկայում եւս չի համակերպվելու դատարանների ինքնահաստատման արհեստական այս դրսեւորումների հետ եւ, հուսով ենք, որ շուտով նման դատավորները ստիպված կլինեն վերադառնալ օրենքի եւ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: Փետրվարի 16-ին հրապարակվեց ՀՀ Դատավորների միության պատասխանը: Դատավորները Գ. Ջհանգիրյանին խորհուրդ տվեցին. «խորհրդավոր հռետորականությունից կամ էթիկայի շրջանակներից դուրս եկող անհիմն մեղադրանքներից ու անհեռանկար սպառնալիքներից անցնել պետական մեղադրանքի պաշտպանության մակարդակը պատշաճ մասնագիտական որակի բարձրացնելուն ուղղված կոնկրետ միջոցառումների իրականացմանը»: Սա դատարան-դատախազություն հակամարտության առաջին օրինակը չէ: Մեկ-երկու տարի առաջ Հյուսիսային պողոտայում իրացվող տների բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմում էին դատարան: Դատարաններն իրար ետեւից բավարարում էին քաղաքացիների հայցերը: Գործընթացը շարունակվեց մինչեւ ՀՀ գլխավոր դատախազի ելույթը: Հետո դատարանները դարձան ավելի կանխատեսելի: Վեճի այս փուլը, կարծես, ավարտվեց Դատախազության օգտին: Չգիտեմ ինչու, բայց ինձ՝ որպես ոչ քրեական, ոչ էլ իրավաբանական անցյալ ունեցող մեկի, այնուամենայնիվ, հաճելի է հետեւել այս հակամարտությանը: Տարիքս թույլ չի տալիս ոգեւորված ենթադրել, որ այս հիմնարկությունների բանավեճի արդյունքում երկրում կձեւավորվի «իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: Լինելով կրթությամբ հասարակագետ, կհանդգնեմ ենթադրել, որ դա մոտ ապագայի խնդիր չէ: Մեր իրավագետներն էլ, բոլորիս նման, գալիս են խորհրդային համակարգից: Հետեւաբար՝ այդ հասարակարգի ստերեոտիպերի կրող են: Խորհրդային իրավաբանությունը ենթադրում էր, որ բոլոր ոլորտներում, հատկապես դատաքննության ընթացակարգում, կենտրոնական դեմքը Դատախազությունն է: Հանաք բան չէր, նրանք մեղադրող էին՝ պետության անունից: Հզոր ու խորհրդային պետության անունից: Այդ պետության համեմատ անհատն իր իրավունքներով ոչինչ էր, եթե հանդգնել էր մրցակցել պետության հետ: Խորհրդային շրջանում իրավական բնույթի գործառույթ ունեցող ոչ մի կառույց, բացի ԿԳԲ-ից, ի վիճակի չէր համեմատվել Դատախազության հետ: Արդարադատության ատյան համարվող խորհրդային ժողովրդական դատարանների համակարգին լիազորությունների շատ փոքր շրջանակ էր տրված: Անգամ կաշառքի չափաբաժնի առումով դատարաններին փոքրիկ հատված էր նախատեսված: Եթե Դատախազությունը որոշել էր, որ տվյալ քաղաքացին պիտի որեւէ հոդվածով «նստի», նա արդեն դատապարտված էր: Դատարանի վճիռն ընդամենը օրերի խնդիր էր: Խորհրդային դատավորը չէր հանդգնի արդարացնել նրան, ում Դատախազությունն արդեն մեղավոր էր «ճանաչել»: Մեղադրողին մնում էր միայն երազել, որ կաշառքի միջոցով հնարավոր կլինի դատավորին համոզել, որ ստանա մեղադրանքի հոդվածի նվազագույնին մոտ պատժաչափ: Հիմա պատկերացրեք՝ դուք իրավաբանական կրթություն եք ստանում` տեսնելով, որ ձեր մասնագիտության ոլորտում ամենաազդեցիկը Դատախազությունն է: Կուրսից կուրս փոխադրվելով ձեր մեջ ավելի ու ավելի է խորանում այդ հիմնարկությունում աշխատանքի անցնելու երազանքը: Ավարտելուց հետո այն իրագործվում է: Ու հանկարծ կատարվում է անկանխատեսելին՝ Խորհրդային Միությունը դառնում է պատմություն: Հետո Արեւմուտքը, չգիտես ինչու, պարտադրում է նոր իրավագիտակցություն: Իրավական համակարգին պարտադրվում է մրցակցային դատավարություն: Ստիպում են նոր օրենքներ ընդունել: Պարզվում է, որ դատարանում միակն ու կամք թելադրողն այլեւս Դատախազությունը չէ: Լուրջ գործող անձինք են հայտնվել: Դատապաշտպան ու դատավոր հին ու ծանոթ անուններով հանդես եկողները չգիտես ինչու մեղադրվողի հետ խոսքները մեկ արած մրցակցային դատավարություն են պահանջում: Դրանց մի մասն էլ հակառակի պես նույնքան գրագետ է, որքան պետական մեղադրողը: Ավարտել է նույն իրավաբանականը: Բայց հետո նրանց վերապատրաստման վրա Արեւմուտքը փող է ծախսել ու լեզուները բերանը դրել: Այս պահից վիճակն ավելի անտանելի է դառնում: Որովհետեւ նրանց դեմ պայքարելու նպատակով դուք ստիպված եք ուսումնասիրել նոր օրենսդրությունը: Պարզվում է՝ Ազգային ժողովը, որին դուք հարազատ էիք համարում, Արեւմուտքի վնասակար ազդեցության տակ ահագին բան է փոխել իրավագիտություն կոչվող խաղի կանոններում: 1998թ.՝ նախկին ու նույնքան հանցավոր իշխանությունների օրոք, պարզվում է, ընդունվել է օրենք «ՀՀ Դատավորների կարգավիճակի մասին»: Հետո արդեն ներկա (հետեւաբար՝ ոչ հանցավոր) իշխանությունների օրոք հինգ թե վեց լրացում է ընդունվել: Դրանցից ոչ մեկը չեղյալ չի հայտարարել այդ օրենքի 5-րդ հոդվածը: Մինչդեռ հոդվածը վերնագրված է «Դատավորի անկախությունը», եւ պարունակում է շատ հստակ տեքստ՝ «Արդարադատություն իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի»: Հասկանո՞ւմ եք, նույնիսկ Դատախազության համար բացառություն չի արված: Դժվար չէ այլեւս եզրակացնել, որ «դատարաններն ինքնահաստատման արհեստական դրսեւորումներ» են ունենալու: Ո՞վ օրենքով` այդքան պաշտպանված լինի ու չունենա: Պարզվում է, որ «մեծ» դատախազի՝ Վիշինսկու հեղինակած ապացույցների թագուհի ինքնախոստովանական ցուցմունքն այլեւս ոչինչ է: Ավելին՝ նոր օրենսդրությունը` պահանջելով, որ «Դատարանի վճիռը պետք է լինի օրինական եւ հիմնավորված», անհասկանալիորեն շարունակում է. «Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով»: Այսինքն՝ դատարանից դուրս ապացուցվածը դատարանի համար փաստ չէ: Կարծում եմ, դուք, եթե անկաշառ դատախազ եք, կարող եք կարծել, որ օրենսդրական հավասար պայմաններ չեն ստեղծված, ու սեփական ավելի կրակոտ տեքստով անարգանքի սյունին կգամեք դատարաններին: Հասարակությունն, իհարկե, կհասկանա: Որովհետեւ պատմական (այսինքն՝ հասկանալի) ու ներկա փորձառության հենքի վրա պակաս վստահելի է համարում թե՛ արդարադատության, թե՛ իրավական ցանկացած այլ ոլորտ: Հասարակությունը դատական համակարգի ձեռքից պակաս չի տառապել: Պարզապես, երբ վեճ է առաջանում իշխանության տարբեր թեւերի միջեւ՝ առողջ հասարակությունը միշտ էլ հույս է փայփայում, որ ինչ-որ բան կշտկվի: Հո իշխանավորները միայն իրենց շահերից ելնելով չէ՞, որ միմյանց բարոյականության կոչ անելով հակադրվում են իրար: