«Ադրբեջանի ժողովրդի համբերությունը նույնպես սահման ունի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գերմանական «Դոյչե վելե» հեռուստառադիոկայանին տված հարցազրույցում՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով «իմաստնություն դրսեւորել եւ ազատել գրավյալ տարածքները»: Հակառակ դեպքում, ըստ Ալիեւի, «իրադարձությունները կարող են զարգանալ Երեւանի համար անբարենպաստ ուղղությամբ»: «Այսօր Ադրբեջանի տնտեսությունը յոթ անգամ հզոր է Հայաստանի տնտեսությունից, եւ առաջիկա տարիներին այդ տարբերությունը բազմապատիկ կմեծանա»,- ասել է Ալիեւը: Ըստ day.az-ի, Ադրբեջանի ղեկավարը գանգատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների պարտադիր կատարումն ապահովող մեխանիզմի բացակայությունից եւ հայտարարել, թե «Երեւանում շարունակում են անտեսել ադրբեջանական գրավյալ տարածքներն անվերապահ ազատելու՝ Անվտանգության խորհրդի չորս որոշումները»: «ՄԱԿ-ը միջազգային տարաձայնությունների եւ հարաբերությունների կարգավորման ունիվերսալ մեխանիզմ է, սակայն եթե այդ մեխանիզմը չի աշխատում տվյալ դեպքում, այն չի գործի նաեւ այլ դեպքերում, իսկ դա աղետի կհանգեցնի»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա չի բացառել հետագայում ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հնարավորությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ մուտք գործել դաշինք: Նրա խոսքերով՝ «անցումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր ձեւաչափի երկու կողմերի պատրաստակամության դեպքում անպայման տեղի է ունենալու, իսկ թե ե՞րբ՝ ցույց կտա ժամանակը»: