«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 45-րդ նիստին: Տարածաշրջանում այս ոլորտում բավական մեծ հետաքրքրություն եւ խնդիրներ կան, եւ հատկանշական է, որ դրանց մեջ մեծ դեր է խաղում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն:
Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված երեկվա հարցազրույցում ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը խոսել է «Ռուսական երկաթուղիների» միջազգային նախագծերից: Մասնավորապես, ընկերությունն Իրանի երկաթուղիների ոչ մեծ հատվածի էլեկտրիֆիկացման ծրագիր է նախատեսում: Բացի այդ, «Ռուսական երկաթուղիները» համաձայնություն ունեն իտալական երկաթուղիների, մի շարք ֆիրմաների եւ Սաուդյան Արաբիայի մի ընկերության հետ եւ մասնակցելու են Մեքքա-Մեդինա արագընթաց երկաթգծի շինարարության տենդերին: Ընկերությունը բանակցություններ է վարում նաեւ Լատինական Ամերիկայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Հնդկաստանի հետ: «Մեզ համար սա հիմնական գործունեության ընդլայնման ուղղություն է, իսկ պետության համար` աշխարհաքաղաքական համագործակցության զարգացման գործիք»,- ասել է Վ. Յակունինը: Ինչ վերաբերում է «Հայկական երկաթուղիները» «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարմանը փոխանցելու հնարավորությանը, Յակունինն ասել է, որ իրենք ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում` ՀՀ նախագահի հետ: «Այժմ հայկական կառավարությունը պետք է որոշում ընդունի, թե ինչպիսին պետք է լինի երկաթուղիների փոխանցման սխեման` վարձակալությո՞ւն, թե՞ կոնցեսիա: Հենց երկրի իշխանությունները ձեւակերպեն պայմանները, մենք կմասնակցենք տենդերին: Իհարկե, նախագծի նպատակահարմարության մասին խորհրդակցելով ՌԴ կառավարության հետ»,- ասել է Վ. Յակունինը: Նա նշել է, որ իրենք կարող են քննարկել նաեւ ադրբեջանական երկաթուղիների մի հատվածի օպերատիվ կառավարման հարցը: «Սակայն, դեռեւս Ադրբեջանից հայկական առաջարկությանը համանման առաջարկություն չենք ստացել»,- նշել է «Ռուսական երկաթուղիների» նախագահը: